Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետական գաղտնիքի մասին» օրենքը չի համապատասխանում ժողովրդավարական պետության սկզբունքներին. Սաքունց

Մարտ 09,2023 15:13

«Պետական գաղտնիքի մասին» օրենքը չի համապատասխանում ժողովրդավարական պետության սկզբունքներին մի քանի առումներով, ընդհանրապես այս օրենքի հիմքում ընկած տրամաբանությունը չի հիմնված տեղեկատվության ազատության և տեղեկատվության ազատության սահմանափակումների հիմնավորվածության վրա: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ «Չարաշահումների ռիսկեր՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում» թեմայով քննարկմանը:

«Այդ սահմանափակումները նշանակում են, որ կարծիքի կամ տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել միմիայն, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական պետության անվտանգության, այլ անձանց անձնական տվյալներին և մի շարք դեպքերի: Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ է սահմանում մոտեցումը: Մյուս կարևոր մասը, որ չի համապատասխանում. ժողովրդավարական պետությունում պետք է լինի արդյունավետ վերահսկողություն պետական բոլոր մարմինների գործունեության նկատմամբ: Ինչ է նշանակում վերահսկողություն. այն է, որ պետական մարմնի կողմից իր լիազորությունների չարաշահումները կանխող, բացահայտող մեխանիզմներ պետք է լինեն, այդ թվում նաև անվտանգության ոլորտում գործող կառույցների նկատմամբ: Դրանց նկատմամբ պետք է լինի արդյունավետ պառլամենտական վերահսկողություն և քաղաքացիական հասարակության արդյունավետ վերահսկողություն, հակառակ դեպքում՝ մենք գործ կունենանք մի իրավիճակի հետ, երբ գոյություն ունի բացարձակապես անվերահսկելի, ոչ հաշվետու և ոչ թափանցիկ պետական կառույց և, ի վերջո կունենանք խորքային պետության ինստիտուտի հետ, որը հենց ինքը ռիսկ է ժողովրդավարական պետության անվտանգության համար »,-նշեց Սաքունցը:

Քննարկմանը ներկա «Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի» իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը հայտնեց, որ վերջին 2 տարում «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 3 նախագիծ է շրջանառվել, վերջին տարբերակը մի քանի ամիս առաջ է հրապարակվել, որի վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները օրինագծում առկա բազմաթիվ կարգավորումների վերաբերյալ, մասնավորապես գաղտնագրման աստիճանների, դրանց տրոհման, ժամկետների, տեղեկությունների ոչնչացման և այլ խնդիրների մասով:

Նրա հավաստմամբ, քաղհասարակության առաջարկներից շատ փոքր մասն է ընդունվել խորհրդարանի կողմից: «Ընդունվեց այն առաջարկը, որ վերաբերվում էր տեղեկությունների գաղտնազերծման տարանջատմանը: Տեղեկությունների գաղտնազերծման համար ընդհանրապես տարանջատում չկար, սահմանվել էր գաղտնիության 3 աստիճան, բայց չկար տարանջատում, թե որ աստիճանը ինչ վտանգին է համապատասխանում: Մյուս հիմնական առաջարկները մերժվել էին, մերժման հիմնավորումներ չկային հիմնական «հիմնավորումն» այն էր, որ նպատակահարմար չեն համարում: Իհարկե, հասկանալի է, որ թեման շատ նուրբ է, քանի որ վերաբերում է ազգային անվտանգության հնարավոր սպառնալիքներին, բայց դա չի նշանակում, որ չպետք է լինեն երաշխիքներ տեղեկատվության ազատության իրավունքի»,- նշեց Գյուրջյանը՝ հավելելով, որ այդ առումով արձանագրված բազմաթիվ խնդիրներ օրենքում պահպանվել են:

Դավիթ Գյուրջյանը մանրամասն ներկայացրեց քաղհասարակության բոլոր այն առաջարկները, որոնք չեն ընդունվել խորհրդարանի կողմից՝ նոր նախագիծն ընդունելիս:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ազգային ժողովն ընդունեց «Պետական գաղտնիքի մասին» օրենքը, որի վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր հատուկ կարծիք

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031