Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն մեխանիզմը, որը կիրառվում է, պատրաստ է ամեն պահի խժռել ողջ դատական համակարգը». Սիրանույշ Սահակյան

Մարտ 09,2023 14:39

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցնելու՝ ԲԴԽ որոշման ամբողջական տեքստը հրապարակելու ժամկետը լրանում էր երկուշաբթի օրը, բայց ստուգել ենք, դեռ այն տեղադրված չէ, ոչ էլ մենք ենք ստացել»,- մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա ահազանգեց՝ սա արդեն դառնում է համակարգային բնույթ ունեցող խնդիր: Նա օրինակ բերեց, որ մեկ այլ դատավորի՝ Սուրեն Անտոնյանի գործով ևս երկար ժամանակ որոշումը չէին տեսնում. առնվազն տասն օր ուշացում են արձանագրել:

Իրավապաշտպանն անդրադարձավ դատական իշխանության անկախության խնդրին, դատավորների խոսքի ազատության նոր սահմանափակումներին ու ասաց. «Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ մենք չենք կարող խոսել արդյունավետ իրավապաշտպանության մասին, եթե մեր դատական իշխանությունը չունի գոնե նվազագույն որակական ցուցանիշներ: Իսկ անկախության հետ կապված խնդիրները դրա մասին են խոսում: Այսինքն՝ դատավորների իրավունքների պաշտպանությունը միայն դատավորների իրավունքների պաշտպանություն չէ, այլ բոլոր քաղաքացիների: Եթե դատավորներն իրենց անկախ չեն զգում, մենք չենք կարող խոսել այլ քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին»:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի պնդմամբ՝ դատավորներին պատժելու առիթ են ընտրում գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված երևույթները, որոնք համատարած են, և դատական համակարգում չկա մի դատավոր, որը չի առերեսվում այդ խնդրին. «Այդ սուրը կախելով իրական սպառնալիքներ են ներկայացնում ողջ դատական համակարգին: Այն մեխանիզմը, որը կիրառվում է, պատրաստ է ամեն պահի խժռել ողջ դատական համակարգը»:

Ըստ իրավապաշտպանի՝ ԲԴԽ-ում տեղի ունեցած կադրային փոփոխությունները որևէ կերպ չհանգեցրին ԲԴԽ կազմի բարելավմանը: Նա նաև հավելեց. «Կուսակցականությունը ոչ միայն ԲԴԽ-ում է դրսևորվել, այլև հասել է դատարան: Դատավորներ են դառնում այն իրավաբան գիտնականները, որոնք չեզոք են գտնել ԲԴԽ-ում կամ դառնում են կուսակցական անդամներ: Խոսքը բարձր օղակների մասին է: Ներկայումս ունենք իրավիճակ, որը բացառում է նաև այս կազմի կողմից պրոֆեսիոնալ որոշումների կայացումը: Նախ` ընդհանրական դեսպոտիզմի միտում գոյություն ունի ԲԴԽ-ում: Այստեղ քաղաքական ուժի քաղաքական թեկնածուները ոչ թե ԲԴԽ անդամներից մեկն են, այլ ունեն ղեկավար դիրք, իրենց պատժող քաղաքականությունն իրականացնում են հենց այդ կազմի ձեռքերով: Անկախության պակաս գոյություն ունի, քանի որ չեզոքություն դրսևորողների պարագայում կա առաջխաղացման հեռանկար, իսկ ընդդիմադիր կեցվածքի դեպքում կարող են կարգապահական ճանապարհով հեռացվել համակարգից: ԲԴԽ անդամ դատավորները ևս ունեն խնդիրներ կապված դատական ակտերի ուշ հրապարակումների, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտումների հետ: Ցանկացած պարագայում, եթե մեկ անգամ այդ հիմքով լիազորություն են դադարեցրել, հաջորդ դատավորը կարող է լինել ԲԴԽ անդամ դատավորը: Ոչ պակաս կարևոր է նաև հետագա կարիերայի խնդիրը: Կարող են դիտարկել, թե ԲԴԽ դատավոր անդամներն ինչպիսի ակնկալիքներ ունեն հետագա առաջխաղացման տեսակետից: Եթե նրանք սպասարկել են շահերը, ապա հավանականություն կա առաջխաղացման»:

Ըստ Սիրանույշ Սահակյանի՝ արդարադատության նախարարության կողմից վարույթ հարուցելը դարձել է հետապնդման գործիք. «Այսինքն՝ նա ոչ միայն հարուցող է, այլ արդարադատության նախարարությունը վերածվել է ընդհանուր հսկողություն իրականացնող օղակի, որը իրականացնում է դատավորի որս: Աշխատակազմն ունի հստակ ցուցումներ հայտնաբերել դեպքեր դատավորների մասնակցությամբ ենթադրյալ խախտումների, և ոչ թե նախարարությունը արձագանքում է քաղաքացիների կամ կողմերի դիմում-դժգոհություններին, այլ սեփական աշխատանքային ռեսուրսներով ստուգում դատական ակտերը, ժամկետները, դատավորների վարքագիծը հանրային և ոչ հանրային վայրերում և դրանց արդյունքում հետապնդում իրականացնում դատավորների նկատմամբ: 1990-ականներին եղել են նման մեխանիզմներ, և դատարանների հարցով զբաղվող վարչություն կար: Կարծես թե բարեփոխումների արդյունքում այդ էջը պիտի շրջված լիներ, բայց ունենք այդ երևույթի ռեինկարնացիա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031