Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի՝ այս տարվա առաջին նիստը: Նիստում նորահայտ հուշարձանի կարգավիճակ են տրվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Կադաստրի կոմիտեի շենք», Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի տապանաքարեր «Մելիք Մանուչարի» և «Գրիգորի», Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի «Դամբարանադաշտ» և Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի «Խոյատապան ճանղուլի» պատմամշակութային արժեք ներկայացնող շինություններին:
Նիստում քննարկվել է նաև 28 հուշարձանի պահպանական գոտիների նախագծերին համաձայնություն տալու հարցը: Դրանց թվում են պատմության և մշակույթի այնպիսի կարևորագույն հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, ինչպիսիք են՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող «Սբ Աստվածածին» (IV-VI դդ., վերակառուցվել է X-XIV դդ.) և «Սբ Հովհաննես» (V-VI դդ.) եկեղեցիները, Շենգավիթ վարչական շրջանի եկեղեցական համալիր Նորագավթի Սբ Գևորգ (Ծիրանավոր Սբ Գևորգ) (IV-VII դդ., XIII-XVII դդ.) եկեղեցական համալիրը, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Վերածնունդ» (1980 թ.) հուշահամալիրը և Ողջաբերդ գյուղի «Չարենցի կամար» հուշարձանը (1957 թ.), Սյունիքի մարզի Հացավան գյուղի «Վասակաբերդ» (V դ.) ամրոցը և այլն:
Ըստ սահմանված կարգի՝ այդ գոտիները կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը:
Դրական եզրակացություն է տրվել ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի վարչական տարածքում գտնվող Գետահովիտ-1 և Գետահովիտ-2 քարայր-բնակատեղիներն ու հարակից տարածքներն օգտագործման հանձնելու հարցին:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ