Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած հյուրախաղերի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հարցազրույց է տվել BBC Radio Gloucestershire-ի հաղորդավար Սթիվ Քիթչենին և պատմել հյուրախաղերի ու նվագախմբի մասին։
Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել Արամ Խաչատրյանի արվեստին՝ նշելով, որ այս տարի երաժշտական աշխարհը նշում է հայ մեծ կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանը։
Ներկայացնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անցած ճանապարհը՝ ընդգծվել է նրա ինքնատիպ պատմությունն ու ունիկալ հնչողությունը. նվագախումբը կազմված է նույն սերնդի, նույն կոնսերվատորիան ավարտած, երաժշտական նույն մենթալիտետն ունեցող երաժիշտներից։ Մաեստրո Սմբատյանը նշել է, որ նվագախմբի նպատակներից է հանրահռչակել հայկական կոմպոզիտորական արվեստը, ինչը և անում են Միացյալ Թագավորությունում։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ից 24-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տասը համերգ է ունեցել Միացյալ Թագավորության տարբեր քաղաքների հեղինակավոր համերգասրահներում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի այս ելույթներով տրվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը։ Համերգային ծրագրերի առանցքում Խաչատրյանի կոմպոզիտորական գանձարանի ամենահայտնի և ազդեցիկ նմուշներն էին. երկացանկը ներառում էր Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից։
Կարդացեք նաև
Հյուրախաղերը կազմակերպվել են «IMG Artists» ընկերության կողմից և ՀՀ ԿԳՄՍ նախարարություն հովանավորությամբ ու աջակցությամբ։ Հյուրախաղերը հնարավոր են դարձել նաև մասնավոր հովանավորների շնորհիվ, որոնց թվում՝ հյուրախաղերի գլխավոր անհատ հովանավոր, հայազգի բարերար Րաֆֆի Մանուկյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոգաբարձուների պատվավոր խորհրդի անդամները և այլ աջակիցներ։
BBC Radio-ին Սերգեյ Սմբատյանի տված հարցազրույցը կարող եք լսել ռադիոթողարկման ձայնագրության 01:39:00-ից սկսած։
Գայանե ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ