Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ բաժնի աշխատակիցները պարզել են, որ Սիսիանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Գ. Բ.-ն չարաշահել է պաշտոնեական լիազորությունները։ Մասնավորապես, ՀՈԱԿ-ի ընթացիկ կարիքների համար տարբեր ծառայությունների (աղբանոցի մաքրում, հենասյուների տնկում, քաղաքային կառույցների բարեկարգում), մատուցման պատրվակով ձեւակերպել է մի խումբ անձանց եւ յուրացրել իբր կատարված աշխատանքների դիմաց նրանց անուններով դուրս գրված գումարները:
Գ.Բ.-ն նաեւ «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ում մշտական աշխատանքի է ձեւակերպել այնպիսի անձանց, ովքեր երբեք չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց անուններով դուրս գրված աշխատավարձերը ստացել եւ տնօրինել է ինքը: Բացի այդ, Գ.Բ.-ն նշված ՀՈԱԿ-ի կատարած գնումների գերակշիռ մասը ձեւակերպել է իր մտերիմներին պատկանող ընկերությունների միջոցով։
Առկա տեղեկություններով՝ իր պաշտոնեական լիազորությունները չարաշահել է նաեւ «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի ներկայիս տնօրեն Դ․ Մ․-Ն։ Վերջինս ՀՈԱԿ-ին պատկանող ավտոմեքենաներն առանց պայմանագիր կնքելու, որոշակի վարձի դիմաց հատկացրել է տարբեր անձանց, իսկ ստացված գումարը յուրացրել է։
Ավելին, Դ.Մ․-ի ցուցումով, առանց որեւէ պայմանագրի, Սիսիան համայնքի Դարբաս եւ Շամբ բնակավայրերի բնակիչներից, 2022թ. մարտ ամսից գանձվել է աղբահանության գումար՝ 1 անձի հաշվարկով 100 դրամ, որոնք ՀՈԱԿ-ի բյուջե չեն մուտքագրվել եւ յուրացվել են Դ.Մ.-ի կողմից։
Կարդացեք նաև
Գործին վերաբերող բոլոր փաստաթղթերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ