Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտնել է, որ հետ է կանչելու «օտարերկրյա ազդեցության» մասին օրենքի նախագիծը:
Կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ «առանց նախապայմանների հետ ենք կանչելու մեր կողմից պաշտպանված օրինագիծը՝ առանց որևէ վերապահումների»: Դրանում նաև նշվում է հասարակության մեջ «առճակատման» նվազեցման անհրաժեշտությունը:
«Օրենքի նախագծին «ռուսական օրենք» կեղծ պիտակն է տրվել, որի առաջին ընթերցմամբ ընդունումը հանրության մի մասի պատկերացմամբ` շեղում է եվրոպական կուրսից։
Բացի այդ, արմատական ուժերը կարողացել են երիտասարդության մի մասին ներքաշել անօրինական գործողությունների մեջ։ Շնորհակալություն հերոս իրավապահներին, որոնք համբերությամբ և ամենաբարձր չափանիշներով արձագանքեցին բռնությանը։
Կարդացեք նաև
Մենք պետք է առավելագույնս զգույշ լինենք մեր երկրում խաղաղության, հանդարտության և տնտեսական զարգացման, ինչպես նաև եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի առաջընթացի նկատմամբ։ Ուստի մեր յուրաքանչյուր համաքաղաքացու էներգիան պետք է ծախսել ոչ թե առճակատման, այլ երկրի ճիշտ ուղղությամբ զարգացման վրա։
Հաշվի առնելով վերը նշվածը, որպես հասարակության յուրաքանչյուր անդամի համար պատասխանատու կառավարող ուժ՝ մենք որոշել ենք հետ կանչել մեր կողմից պաշտպանված օրինագիծը՝ առանց նախապայմանների»,- ըստ aliq.ge–ի՝ ասված է հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ քանի որ հուզական ֆոնը մարում է, իրենք ավելի լավ կբացատրեն հանրությանը, թե ինչի համար էր օրինագիծը, և ինչու էր կարևոր Վրաստանում «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» ապահովումը։
«Դա անելու համար մենք կսկսենք հանդիպումներ բնակչության հետ և լայն հանրությանը տեղյակ կպահենք խնդրի յուրաքանչյուր մանրուքի մասին ճշմարտությունը:
Մենք գործում ենք այն առանձնահատուկ պատասխանատվությամբ, որը, որպես կառավարող ուժ, պարտական ենք հասարակության յուրաքանչյուր անդամին։
Վրաստանը կպահպանի խաղաղությունն ու կայունությունը և կշարունակի արժանապատվորեն շարժվել դեպի Եվրոպա, ինչը վրաց հասարակության սկզբունքային ընտրությունն է»,- նշված է հայտարարության մեջ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ