Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը «Ազատությունն աշխարհում» զեկույցում նահանջել է մեկ հորիզոնականով. Freedom House

Մարտ 09,2023 10:32

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցը, որում Հայաստանը նահանջել է մեկ հորիզոնականով և 54 միավորով շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր:

Մասնավորապես, Հայաստանը միավոր է կորցրել ֆիզիկական բռնությունից և պատերազմներից պաշտպանված լինելու բաժնում` պայմանավորված 2022թ սեպտեմբերյան պատերազմով:

Տարածաշրջանի երկրներից առավել բարձր միավոր ունի Վրաստանը` 58 միավոր (մասամբ ազատ), որն անցյալ տարվա համեմատությամբ փոփոխություն չի կրել: Ադրբեջանը նույնպես, ինչպես և նախորդ տարի, 9 միավորով շարունակում է մնալ ոչ ազատ երկիր: Ռուսաստանը 16 միավորով նույնպես անազատ երկրների շարքում է (նախորդ տարի՝ 19 միավոր): Ուշագրավ է, որ Ուկրաինան դիրքերը զիջել է 11 հորիզոնականով և 50 միավորով շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր:

Զեկույցում՝ Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական զինուժը մտել է հայկական տարածք, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 200 և վիրավորվել ավելի քան 293 հայ զինվոր։ Երեք խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ 20 զինվոր գերի է ընկել։ «Պաշտոնական զեկույցները ներառում են հավաստի ապացույցներ, որ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել: Հարձակման թիրախ են դարձել նաև Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերը, որտեղ պատճառվել է զգալի վնաս, և տեղահանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ։ Թեև ակտիվ ռազմական գործողությունները տևել են երկու օր, դրան հաջորդած հրադադարը պարբերաբար խախտվել է»,- ասվում է զեկույցում։ Դրանում նաև նշվում է, որ սեպտեմբերյան սրումից հետ արձանագրվել են արոտավայրերի և դաշտերի այրման, ինչպես նաև կենդանիների գողության բազմաթիվ դեպքեր:

Զեկույցի՝ հակակոռուպցիոն մեխանիզմների մասին բաժնում ասվում է, որ ՀՀԿ վերնախավի և նրա դաշնակիցների դեմ ուղղված կոռուպցիոն հետաքննությունները մտահոգություններ են առաջացրել երկրի դատական և հետաքննական մեխանիզմների՝ օրենքի արդար կիրառումն ապահովելու կարողության վերաբերյալ:

Զեկույցը հիշատակում է, որ 2022թ. հուլիսին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավարի պաշտոնակատարը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ հրապարակվեց ձայնագրություն, որտեղ նա սպառնում էր ԲԴԽ այն ժամանակվա ղեկավարին, եթե վերջինս հրաժարական չտա։ «Հոկտեմբերին իշխող խմբակցությունն ընտրեց ԲԴԽ երկու նոր անդամներ, այդ թվում արդարադատության նախկին նախարարին, որը նույնպես եղել է իշխող կուսակցության անդամ։ Ընտրությունները դիտարկվեցին որպես քաղաքականապես մոտիվացված»,- ասվում է զեկույցում:

Զեկույցում հիշատակվում է նաև 2021-ի վերջին Meta-ի և Citizen Lab-ի և 2022 թվականի մայիսին Google-ի զեկույցների մասին, որոնք կասկածներ էին հայտնում, թե Հայաստանում այլախոհները գաղտնալսվում են:

Ընդհանուր առմամբ զեկույցում նշվում է, որ աշխարհում ավտորիտար ուժերը ջանքեր են գործադրել վերաձևելու միջազգային համակարգը՝ գործադրելով իրենց ազդեցությունը Միավորված Ազգերի Կազմակերպությունում: Տարածաշրջանային կազմակերպությունները նույնպես օգտագործվել են ավտոկրատներին աջակցելու համար: Մասնավորապես, Ռուսաստանի կողմից վերահսկվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), 2022թ. հունվարին զորքեր ուղարկեց՝ պաշտպանելու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին վառելիքի գների կտրուկ աճով առաջացած լայնածավալ հակակառավարական ցույցերի ժամանակ:

«Այնուամենայնիվ, ավտորիտար համագործակցությունը առաջնորդվում է նեղ անձնական շահերով և կենտրոնանում է էժան գործողությունների վրա, ինչը նշանակում է, որ այն կարող է կոտրվել, երբ ռեժիմների առաջնահերթությունները տարբերվում են կամ նրանք բախվում են վճռական ժողովրդավարական ճնշման: ՀԱՊԿ-ի արձագանքը Ղազախստանի ճգնաժամին, օրինակ, կտրուկ հակադրվում էր կազմակերպության՝ Հայաստանին օգնելու ձախողմանը (միակ անդամ պետությանը, որը գնահատվել է մասամբ ազատ), երբ որ այն ենթարկվում էր իր ինքնիշխան տարածքի վրա բազմաթիվ հարձակումների իր (ՀԱՊԿ-խմբ.) գործընկերոջ՝ Ադրբեջանի կողմից»,- ասվում է զեկույցում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031