Անգամ 2018–2019 թվականներին, երբ նկատվում էր կարմրուկով հիվանդացության դեպքերի քանակի ավելացում ամբողջ աշխարհում, ընդ որում՝ նաև Ուկրաինայում և Ռուսաստանում, որոնց կապը Հայաստանի հետ ակնհայտ ակտիվ է, Հայաստանում չգրանցվեց և ոչ մի տեղական դեպք: Մի՞թե ինչ-որ բան է փոխվել: Իրականում փոխվել է:
Օրինակ՝ մոտ երեք ամիս առաջ լուծարվել են սահմաններին գործող Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի բժշկասանիտարական հսկիչ կետերը: Դա իրականացվել է մաքսային մարմինների «Մեկ պատուհան» ծրագրի ներդրման արդյունքում: Այսինքն, որոշվել է, որ պետք է սահմանը հատող տնտեսվարողների և անհատ անձանց գործը հեշտանա, նրանք գործ ունենան միայն երկու ծառայության՝ ՊԵԿ–ի և սահմանապահների հետ, իսկ այլ ծառայություններ չպետք է լինեն, նրանց գործառույթները պետք է իրականացնեն նույն ՊԵԿ–ն ու սահմանապահները: Այսինքն՝ սահմանապահը կամ մաքսային տեսուչը, բան ու գործ թողած, պետք է նաև բուժաշխատողի գործառույթներ իրականացնեն, այսինքն, օրինակ՝ կանխեն կամ գոնե գրանցեն և համապատասխան մարմիններին փոխանցեն տվյալներ կարմրուկով հիվանդի մուտքի մասին: Իսկ ի՞նչ, կանխեցի՞ն:
Այսինքն, մեր կառավարությունը գտնում է, որ սահմանապահը կամ մաքսային տեսուչը կարող է բուժաշխատողի գործառույթ իրականացնել, ինչ մի դժվար բան է որ… Դա բնական է, քանի որ մերօրյա Հայաստանում մասնագիտությունը կարևոր չէ, միջնակարգ կրթությամբ կարելի է պարեկ աշխատել, ՏՏ մասնագիտությամբ էկոնոմիկայի նախարար, ունենալ պատմաբան պաշտպանության նախարար և, իհարկե, իրավաբան առողջապահության նախարար: Ուզենք թե չուզենք՝ Հայաստանում վարակ արձանագրվելու պատճառներից մեկն էլ դա է: Եվ հարցը ոչ միայն Ավանեսյանն է: Նույն Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը արդեն քանի ամիս է՝ պետ չունի (ի դեպ, նախկին պետը մասնագիտությամբ ինժեներ էր), ունի միայն պետի երկու տեղակալ, և փորձեք մեկ անգամից գուշակել նրանց մասնագիտությունները… Իհարկե, ոչ բժշկական: Սա Հայաստանն է…
Իսկ բժիշկներին էլ կարելի է այլ ոլորտներ վստահել, եթե, իհարկե, իրենց համապատասխան պահեն: Բայց խելքը գլխին ոչ մեկը շանը չի հանձնարարի մուկ բռնել, իսկ կատվին՝ տունը պահպանել: Ասենք նաև, որ նման կերպ շարունակվելու դեպքում այնպիսի վարակներ կարող են լինել, որ կարմրուկի վիրուսը կթվա հեչ բան… Կարելի է պինցետով բռնել ու տնական օղու մեջ խեղդել:
Կարդացեք նաև
Կամո ԽԱՉԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։