Պարզվում է, ծաղիկները ոչ միայն շուրջը գեղեցկություն և անուշ բույր սփռելու համար են, այլև կարող են կարևոր տեղ զբաղեցնել մեր խոհանոցում և ոչ միայն ծաղկամանի, այլև՝ ափսեի մեջ։
Ուտելի ծաղիկների օգտագործումն ամենևին էլ նորարարություն չէ խոհարարության մեջ․ ընդ որում ծաղիկները ոչ միայն բարելավում են մատուցվող ուտեստների արտաքին տեսքը, այլև առողջության համար օգտակար սննդանյութերով են հարստացնում դրանք։ Ուտելի ծաղիկներից շատերը կենսաբանորեն ակտիվ նյութերով են հարուստ՝ ներառյալ А, С, վիտամիններ, ռիբոֆլավին, նիացին, ինչպես նաև կալցիում, ֆոսֆոր, երկաթ և կալիում։
Սակայն ոչ բոլոր ծաղիկներն են անվտանգ սննդում օգտագործելու համար․ մենք առանձնացրել ենք այն տեսակները, որոնք ուտելի են և ոչ միայն յուրահատուկ համ ու տեսք կարող են հաղորդել տարատեսակ ուտեստներին ու ըմպելիքներին, այլև կարող են օգտակար լինել առողջության համար։
Հիբիսկուս
Կարդացեք նաև
Այս ջերմասեր բույսի ծաղիկները բավականին խոշոր են, ունեն տարբեր գունավորում՝ կարմիր, սպիտակ, դեղին, մանուշակագույն և վարդագույն։ Որպես ուտելի տարատեսակ ավելի հաճախ կիրառվում է Hibiscus sabdariffa-ն։
Այս բույսի ծաղիկները կարելի է ուտել հենց այնպես, սակայն դրանք ավելի շատ կիրառվում են թեյ պատրաստելու համար։ Հիբիսկուսի ծաղիկներով կարելի է նաև մուրաբա պատրաստել կամ ավելացնել աղցաններին։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ հիբիսկուսը նպաստում է զարկերակային արյան ճնշման և արյան մեջ խոլեսթերինի մակարդակի նվազեցմանը։
Հիբիսկուսով պատրաստված թեյը վառ կարմիր, տտիպ, թթվաշ համ ունի։ Այն կարելի է մատուցել տաք վիճակում, իսկ սառույցով մատուցելու դեպքում այն դառնում է հրաշալի զովացուցիչ ըմպելիք ամառվա շոգին։
Խատուտիկ
Խատուտիկը հայտնի է իր «համառությամբ», որին երբեմն որպես մոլախոտի են վերաբերվում, իսկ իրականում այն սննդանյութերով հարուստ ծաղիկ է։ Խատուտիկի ծաղիկները փոքրիկ են՝ բաղկացած բազմաթիվ դեղին թերթիկներից, որոնք հարուստ են հակաօքսիդանտային ազդեցությամբ օժտված բուսական միացություններով։
Ընդ որում, ծաղիկները խատուտիկի միակ ուտելի հատվածը չեն։ Կարելի է ուտել անգամ խատուտիկի արմատներն ու տերևները։ Խատուտիկի ծաղիկները կարելի է ուտել հենց այնպես, կամ դրանք ավելացնել աղցաններին, դոնդողե քաղցրավենիքներին և անգամ տապակել։ Արմատներն օգտագործվում են թեյ թրմելու համար, իսկ տերևներով կարելի է համեմել թարմ աղցաններն կամ տաք ուտեստները։
Նարդոս
Նարդոսը խոտաբույս է, որը գլխավորապես տարածված է միջերկրածովյան երկրներում, Հնդկաստանում։ Ունի մանուշակագույն կամ կապույտ փոքրիկ ծաղիկներ և ավելի հայտնի է իր բնորոշ բույրով, որը, օժտված լինելով հանգստացնող ազդեցությամբ, լայնորեն կիրառվում է արոմաթերապիայի և օծանելիքի արտադրության մեջ։
Յուրօրինակ գույնի և բույրի համադրության շնորհիվ նարդոսը հետաքրքրություն է ներկայացնում նաև խոհարարության ոլորտում։ Այն հիանալի լրացում է թխվածքների, օշարակների, լիկյորների, թեյերի համար, ինչպես նաև կիրառվում է որպես համեմունք։
Նարդոսի համը լավ է համադրվում ինչպես քաղցր, այնպես էլ կծու, թթվաշ բաղադրամասերի հետ, նաև՝ ցիտրուսայինների, հատապտուղների, հազրեվարդի, ուրցի և շոկոլադի հետ։
Սննդում նարդոս ավելացնելու դեպքում ավելի լավ է սկսել քիչ չափաբաժնից։
Ցախկեռաս
Հայտնի է ցախակեռասի մոտ 200 տեսակ․ հիմնականում բաց դեղին կամ սպիտակ բուրավետ ծաղիկները նեկտար են պարունակում, որը կարելի է ճաշակել հենց ծաղկից։ Ցախակեռասը հնուց ի վեր կիրառվել է չինական բժշկությունում։
Խոհարարության ոլորտում ցախակեռասն օգտագործվում է թեյ կամ բուրավետ օշարակ պատրաստելու համար։
Ջրկոտեմ
Ջրկոտեմը վառ ծաղիկներ ու հետաքրքիր համ ունի։ Բույսի թե՛ ծաղիկները, թե՛ տերևներն ուտելի են, տերևների համը մի փոքր ավելի սուր է, հյութալի։ Ջրկոտեմը նաև շատ սննդարար է՝ հարուստ հակաօքսիդանտային ու հակաբորբոքային ազդեցություն ունեցող միացություններով։
Գաղտրիկ
Գաղտրիկը կամ գաղտիկուրը խոտաբույս է, որը տալիս է աստղիկների տեսքով նուրբ ծաղիկներ, որոնք սովորաբար երկնագույն են, բայց կարող են սպիտակ ու վարդագույն էլ լինել։
Բույսի ծաղիկներն ու տերևները ուտելի են, ծաղիկների համը հիշեցնում է մեղրի ու վարունգի համադրությունը։ Այն լավ է համադրվում է քաղցրեղենի ու կոկտեյլների հետ, բայց և կարող է մատուցվել ապուրների և աղցանների հետ։
Դանդուռ
Դանդուռը խոտաբույս է, որը փոքրիկ դեղնավուն ծաղիկներ ու մսեղ տերևներ ունի, որոնք ուտելի են և կարող են օգտագործվել սննդում թե՛ հում, թե՛ եփված վիճակում։ Դանդուռը շատ սննդարար է՝ հարուստ վիտամիններով, հանքանյութերով ու հակաօքսիդանտներով, սակայն բույսի ամենաարժեքավոր բաղադրությունը օմեգա-3 ճարպաթթուներն են, որոնք դանդուռի կազմում մեծ քանակությամբ են պարունակվում։
Հայաստանում ավելի ընդունված է դանդուռով թթու պատրաստելը, սակայն այն նաև լավ լրացում է սալաթների, ապուրների ու բանջարեղենային ուտեստների համար։
Վարդ
Այս ցանկն ամբողջական չէր լինի առանց վարդի, որի տարատեսակները 150-ից ավելի են, և բոլորն էլ ուտելի են, սակայն կարող են տարբերվել համային հատկանիշներով։
Վարդի բուրավետ թերթիկները քաղցրավուն հաճելի համ ունեն, որոնք կարելի է ուտել հում վիճակում, ավելացնել մրգային աղցաններին ու խմորեղեններին կամ թեյ պատրաստել։ Մեր երկրում ընդունված է վարդից մուրաբա և հյութեր պատրաստելը, ինչպես նաև հրուշակագործության մեջ վարդի թերթիկները որպես զարդարանք օգտագործելը։
Վարդը նաև շատ սննդանյութեր է պարունակում, և ըստ հետազոտությունների` վարդի մեջ պարունակվող որոշ միացություններ հանգստացնող ազդեցությամբ են օժտված։
Դդմածաղիկ
Դդմիկի ծաղիկները ոչ միայն հաճելի են աչքի համար, այլև կարող են օգտագործվել սննդում։ Վառ դեղին զանգակներ հիշեցնող ծաղիկներով Հայաստանում տոլմա են փաթաթում, դրանք կարելի է լցոնել նաև պանրով ու կանաչիներով և տապակել։
Եռագույն մանուշակ կամ անյուտայի աչիկներ
Անյուտայի աչիկները ոչ միայն աչքն են շոյում, այլև քիմքը։ Այս փոքրիկ, գունագեղ ծաղիկները մեղմ, թարմ ու ծաղկային համ ունեն և հրաշալի զարդարանք են աղանդերի, տորթերի, թխվածքաբլիթների համար։ Դրանք կարելի է նաև շաքարապատել և այդպես մատուցել։
Երիցուկ
Երիցուկն, իհարկե, այս ցուցակում չէր կարող մատնվել անուշադրության, քանի որ այն դարերով օգտագործվել է խոհարարության ու ժողովրդական բժշկության մեջ։
Երիցուկի թերթիկները քաղցրավուն համ, թեթևակի հողի համ ունեցող երանգով։ Երիցուկով թեյը հաճախ է օգտագործվում որպես հանգստացնող ու քնաբեր միջոց, սակայն այն նաև լավ լրացում կարող է լինել օշարակներին, աղանդերին, քաղցրեղենին։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրից