Այսօր՝ մարտի 8-ին Արցախի հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հրավիրել են ԱՀ նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին ներկայանալ ԱՀ Աժ՝ մարտի 7-ին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ իր կողմից հնչեցված արտահայտությունների համար բացատրություններ տալու պահանջով։
Հարկ ենք համարում նշել, որ հարցազրույցի ընթացքում, պետնախարարը մասնավորապես ասել էր․
«Ես որևէ կերպ չեմ պատկերացնում, որ երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել, հակառակը՝ Երևանը, երբ հարցը վերաբերում է արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման և կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»։
Նորանշանակ պետնախարարի Աշխատակազմի, տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժինը պարզաբանում է տարածել, որտեղ ասվում է․ «Գուրգեն Ներսիսյանի հայտարարությունը Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումների տարբերությունների վերաբերյալ ոչ միանշանակ է ընկալվել կամ փորձ է արվել այն այդպիսին ներկայացնել: Պարոն Ներսիսյանը խոսքում հատուկ շեշտել է, որ ինքը չի տիրապետում Հայաստանի կողմից տեղի ունեցող բանակցությունների խորքային բովանդակությանը, քանի որ ընդամենը մի քանի օր է, որ զբաղեցնում է պետնախարարի պաշտոնը»։
Կարդացեք նաև
Այնուհանդերձ պետք է ընդգծել, որ նրա արտահայտությունները հակասում են արցախյան հարցի լուծման վերաբերյալ պետական մակարդակով և հատկապես մասնավորապես ԱՀ Ազգային ժողովի կողմից արված հայտարարություններին, ինչպես նաև Արցախի ժողովրդի կողմից 2022թ․ հոկտեմբերի 30-ի և դեկտեմբերի 25-ին կայացած բազմահազարանոց հանրահավաքների ընթացքում որդեգրված պայքարի սկզբունքներին։