Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը «Հայելի» ակումբում մինչեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտնի հայտարարությանն անդրադառնալը, թե եթե Արցախում կան Ադրբեջանին ինտեգրվելուն կողմ մարդիկ, ապա նրանք կարող են դրա մասին բարձրաձայնել եւ, ինչու չէ, Արցախում նոր իշխանություն ձեւավորել, ասաց․ «Հատկապես բլոկադայից հետո ես տարբեր եթերներում մի քանի անգամ նշել եմ, որ շրջափակման պայմաններում անգամ որեւէ փոքր, աննշան զիջում Ադրբեջանին՝ անկախ անձից, զիջման տեսակից, չափից, եթե կատարվի, սկիզբ է դնելու Արցախի վերջնական հայաթափման ու կորստի, ինչն էլ իր հերթին բերելու է Հայաստանի համար կործանարար հետեւանքներ։
Փաստացի, Ռուբեն Վարդանյանին ազատելուց հետո ադրբեջանական կողմը դիվերսիա իրականացրեց, իսկ այն ընկալումները, ցանկությունները, սպասումները Արցախի պաշտոնական մակարդակի որոշ մարդկանց կողմից, որ Ադրբեջանը ուր որ է կբացի ճանապարհը, չեղավ։
Պարզից էլ պարզ է, որ սկսած 1991 թվականից ու այսօր էլ, Ադրբեջանը իր խոստումներին տեր չի եղել։ Անգամ բանակցությունների տարբեր փուլերում դեմ է եղել փաստաթղթերի վերջնական ընդունմանը։ Սա մեզ լսողների համար, որպեսզի հասկանան, թե սրանից հետո այդ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն իրենից ինչ տրամաբանություն է ենթադրում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը Արցախի իշխանություններից պահանջելու է կատարել Արցախը հանձնելու պրոյեկտը։ Իմ համար այնքան մտահոգիչ չեն Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջները, որքան դրանից հետո արված հայտարարությունը, որ հնարավոր է Արցախի ներսում լինեն բողոքի որոշակի ակցիաներ, որոնց պետք չէ անդրադառնալ։ Ես խոսում եմ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին։ Կարծես, ակնարկ կա ռուս խաղաղապահների դեմ, ինչը առնվազն մեզ լավ բանի չի բերելու»,-ասաց նա։
Գառնիկ Դավթյանը տեսնում է եւ մտահոգություն ունի, որ Արցախում կան ուժեր, որոնք ցանկանում են, որպեսզի իշխանափոխություն լինի եւ ընտրվեն Ալիեւի քիմքին ավելի հաճո մարդիկ, որոնք կիրականացնեն Ադրբեջանի բոլոր պահանջները։ Դրա համար նա հիշեցնում է Արցախում արտակարգ դրության ժամանակ նախագահի ընտրության կարգի փոփոխության մասին օրենքի նախագիծը, որը դրվել է շրջանառության մեջ եւ քննարկման փուլում է, ինչը հնարավորություն է տալու Արցախում ունենալ ավելի ադրբեջանամետ ղեկավարություն:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ