Կապանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքից քաջարանցի տիկին Սուսաննան առաջինը Ջերմուկում ծառայող որդուն զանգահարեց՝ ավետելով քույրիկի ծնունդը։ «Երեք տղա ունեմ, մեծս 19 տարեկան է՝ բանակում է, ու խոստացել էի առաջինը նրան զանգել։ Երբ բանակից գա, Սոֆիս արդեն 1 տարեկան կլինի։ Այսօր է ծնվել՝ հենց մարտի 8-ին»,-ասում է երջանիկ մայրը։
Աշխարհի բոլոր նորածին բալիկներին եւ ոչ միայն նրանց՝ խաղաղություն է մաղթում։ «Խաղաղությունից հետո առողջություն եմ մաղթում, թող ոչ մի մայր չտխրի»,-ասաց տիկին Սուսաննան։
Ծննդաբերական բաժանմունքի սովորաբար՝ հանգիստ ու լռակյաց առօրյան մարտի 8-ի կեսօրին մոտ խախտեց Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը։ Նա շնորհավորեց նորածին մայրերին՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից ծաղիկներ ու դրամական պարգեւներ նվիրելով։
Կարդացեք նաև
Մարզկենտրոնի ծննդատանը՝ այսօր 7 նորածին կա։
Հաջորդ կանգառը Գորիսի բժշկական կենտրոնն է։ Սյունիքի մարզպետի տեղակալին ծաղիկներով է դիմավորում կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը եւ ուղեկցում ծննդաբերական բաժանմունք։ 4 նորածին տղա կա բաժանմունքում եւ հետաքրքիր է, որ նրանք լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով։ Նարե Ղազարյանը զրուցում է բոլորի հետ՝ հետաքրքրվում առողջական նրանց առողջական վիճակով։
Փոքրիկ Ադամը սպասված ծնունդ է ընտանիքում։ Վիկտորյան երկար տարիներ երեխա չէր ունենում եւ ահա առաջնեկին Ադամ կոչեց։ «Մտածեցի՝ նոր կյանք, նոր իրավիճակ ու անվանեցինք Ադամ»,-ասում է Aravot.am-ի զրուցակիցը՝ նշելով որ ուրբաթ տուն կգնա։ Ի դեպ, Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենը 4 տղաներին փոքրիկ նվերներ տվեց։
Մարզի մյուս բժշկական կենտրոնների՝ Մեղրու ու Սիսիանի ծննդաբերական բաժանմունքները մարտի 8-ի դրությամբ նորածին մայրեր չունեին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ