Արցախցի կանանց շնորհավորելով՝ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հորդորեց չմտահոգվել՝ քանի որ աշխարհն ընդունում է , որ արցախցիներն ապրում են իրենց հողում։ «Նույնիսկ ադրբեջանցիները ասում են Զանգեզուրը իրենց հողն է, բայց Արցախի մասին բան չեն ասում։ Դուք ունենալու ենք մի կարգավիճակ, որով Ադրբեջանին ոչնչով պարտական չենք։ Համբերությամբ տարեք ձեր խաչը»,-կոչ արեց Հրանտ Բագրատյանը։
Նախկին վարչապետն անհանգիստ է Հայաստանի ներկա իրավիճակով ու չի բացառում, որ մի օր Երեւանում մարդիկ կբացեն իրենց դռները ու կտեսնեն թուրքական զրահատեխնիկա։ «Ու դուք չեք իմանա՝ ինչ անել, գնա՞լ հաց առնելու թե ձեզ կբռնեն։ Կամ ընդհանրապես հացի խանութ կաշխատի՞։ Արդեն աղետ կլինի ու այդ աղետը չի կոչվում Ադրբեջան, թուրքական զինվոր կամ ասկյար, այլ աղետի անունը՝ Նիկոլ է»,-ասաց Հրանտ Բագրատյանը։ Վերջինիս խոսքով՝ ինքը մտածում է ինչ կարելի է անել աղետը կանխելու համար, բայց ոչ բոլորն են պատրաստ․ գուցե միայն Երեւանն է պատրաստ։
«Պրոբլեմ տեսնում եմ Սյունիքում, Շամշադինում, Արմավիրում․․․ Մարգարայի ճանապարհին խորովածանոցներ են կառուցում արդեն , որ ճանապարհը բացվի, սկսեն աշխատել»,-ասաց Բագրատյանը։
Ի դեպ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չնայած ռուսամոլ չի, բայց մի բանում համոզված է, որ չպետք է շատացնել Հայաստանի թշնամիների թիվը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ եթե Հայաստանն ունի երկու թշնամի՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ապա ամենեւին էլ պարտադիր չի՝ Ռուսաստանին էլ դարձնել Հայաստանի թշնամի։ «Եթե մենք Ռուսաստանին ասում ենք գնա՝ դառնում է մեր թշնամի։ Ես միշտ ասել եմ, որ Ռուսաստանի հետ բարեկամությունը նրա համար է, որ Ռուսաստանը մեր թշնամին չդառնա»,-«Հայելի» ակումբում ասել է Հրանտ Բագրատյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ