Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց ձայնը պետք է լսելի լինի, գործունեությունը տեսանելի դառնա

Մարտ 08,2023 17:44

Կանանց տոնի առթիվ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի նախաձեռնությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում կազմակերպվել է «Կնոջ հայացքը» խորագրով կին լուսանկարիչների ստեղծագործությունների թեմատիկ ցուցադրություն, որի նպատակն օրվա խորհուրդը եւս մեկ անգամ կարեւորելն է, տաղանդավոր կանանց ձայնը՝ լսելի, գործունեությունը՝ տեսանելի դարձնելը եւ արվեստի միջոցով երկխոսության հարթակ ստեղծելն է:


Ներկայացված են «4plus» անկախ վավերագրական լուսանկարչական կենտրոնի կին լուսանկարիչներ Նազիկ Արմենակյանի, Փիրուզա Խալափյանի, Անահիտ Հայրապետյանի, Նելլի Շիշմանյանի,  Գայանե Հարությունյանի եւ Սիրանուշ Ստեփանյանի թեմատիկ ֆոտոպատումները: Վեց հեղինակ, վեց տարբեր պատմություններ:



«4plus» վավերագրական լուսանկարչական կենտրոնի համահիմնադիր Նազիկ Արմենակյանը խոսելով ցուցահանդեսի կազմակերպման եւ ներկայացված պատումների բովանդակության մասին՝ Aravot.am-ին ասաց. «Մեր կենտրոնը հիմնադրել ենք կին լուսանկարիչներով եւ մեր հայացքը մշտապես ուղղում ենք հայ հասարակության մեջ կնոջ դերին: Մեր համար շատ կարեւոր է, որպեսզի կանանց պատմությունները երեւան: Իսկ պատմությունները տարբեր են: Այս փոքրիկ ցուցադրությունում ներկայացված պատմությունները եւ անսպասելի են եւ բազմազան:
Անահիտ Հայրապետյանի շարքը նվիրված է պատերազմի կանանց: Այն արցախյան առաջին պատերազմի կին վետերանների մասին է: Անահիտը երկար ժամանակ ուսումնասիրում էր, թե այդ կանայք ինչպես են ապրում պատերազմից հետո, ինչ խնդիրներ ունեն:

Նելլի Շիշմանյանի շարքը բացահայտում է սահմանամերձ գյուղերում ապրող կանանց կյանքը, դժվար առօրյան, որը սովորական է իրենց համար, սակայն, մենք չենք տեսնում: Մինչդեռ, այդ կանայք շարժում են համայնքի, գյուղի, ընտանիքի կյանքի ընթացքը:

Փիրուզա Խալափյանը յուրօրինակ մոտեցումով՝ ձեռքերի միջոցով, բացահայտում է Վանաձորում ապրող  հաշմանդամություն ունեցող երիտասարդ աղջկա խնդիրները, նրա առօրյայի սահմանները:

Իմ ֆոտոպատմությունը երիտասարդ բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանի մասին է, որը նվաճել է երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը կոչումները: Լինելով գյուղի աղջիկ՝ Անուշն անմնացորդ սիրել է բռնցքամարտը եւ նվիրվել: Եվ աշխատանքի, չարչարանքի շնորհիվ հասել է հաջողությունների:
Սիրանուշ Ստեփանյանը երիտասարդ սերնդի լուսանկարիչ է եւ նրա ֆոտո պատմությունը սերնդային տարբերությունների՝ իր տատիկի եւ իր մասին է: Նա փորձել է իրերի, առարկաների միջոցով ցույց տալ, թե ինչպիսի կարծրատիպեր ուներ իր տատիկը եւ ինչպես է ինքը վերաբերվում այդ ամենին:

Եվ վերջին պատմությունը Գայանե Հարությունյանինն է, որ նախաձեռնեցինք մենք եւ խնդրեցինք Գայանեին՝ իր հայացքով ներկայացնել անցած տարվա սեպտեմբերյան հարձակումից հետո նկատվող տենդենցը, որ ռազմահայրենասիրական կազմակերպություններում սկսեցին մեծ թվով կանայք ընդգրկվել: Ու հետաքրքիր է, որ ռազմական գործի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն ցուցաբերում են գերազանցապես երիտասարդ աղջիկներն ու միջին տարիքի կանայք՝ 25-ից 50 տարեկանները»:

Մեր հարցին, թե կանանց հայացքը ինչո՞վ է տարբերվում տղամարդկանց հայացքից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես կուզեի այդ հարցը ձեզ տալ: Բայց իրականում ես վավերագրող լուսանկարիչ եմ, որը շուրջ 20 տարի եւ ավելի աշխատում է այս ոլորտում: Ես լուսանկարչության մեջ կնոջն ու տղամարդուն չեմ տարանջատում: Բայց հստակ մի բան կա. կանայք շատ հարցերում կյանքին նայում են ավելի իրատեսական»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031