Փետրվարի 22-ին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրապարակեց սկանդալային փաստաթուղթ, որը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին: Ըստ այդ փաստաթղթի, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը. «Ի հավելումն, համաձայնագիրը կպարունակի հոդված Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների մասին, որը կհամապատասխանի Ադրբեջանի Սահմանադրությանն ու նրա միջազգային պարտավորություններին։ Հայաստանը հրապարակավ կարտահայտի իր դիրքորոշումն առ այն, որ Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների համապարփակ կարգավորումները պետք է հստակեցվեն մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը»։ Իսկ Բաքվի եւ «Ղարաբաղի հայերի որոշված ներկայացուցիչների» միջեւ բանակցությունները՝ «կառուցվածքային երկխոսությունը», պետք է ապահովի Ղարաբաղի հայերի՝ «…իրավունքների եւ անվտանգության մասին փոխադարձ ընկալումը»։ ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն գործընթացի նկատմամբ վերահսկողություն կիրականացնեն, խորհրդատվություն կտրամադրեն:
Ուշագրավ էր, որ հրապարակմանը շատ արագ արձագանքեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Factor TV-ին տված հարցազրույցում նա հայտարարեց, որ նման փաստաթուղթ Հայաստանը երբեք չի բանակցել: Լրագրողի հստակեցնող հարցին՝ դուք նման փաստաթուղթ երբեք չե՞ք տեսել, Արմեն Գրիգորյանը կրկին պատասխանեց, որ Հայաստանի որեւէ պաշտոնյա, երբեք նման փաստաթուղթ չի բանակցել:
Ավելի ուշ, Արմեն Աշոտյանի հրապարակած փաստաթղթի մասին, 24news TV-ի եթերում խոսեց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ըստ էության չհերքելով փաստաթղթի իսկությունը, միայն հարցադրումներ հնչեցրեց՝ թող ասեն գաղտնազերծված փաստաթուղթը ո՞վ է տվել իրենց, որտե՞ղ է քննարկվել, ո՞վ է համաձայնվել եւ ե՞րբ: Լրագրողի ուղիղ հարցին՝ կե՞ղծ փաստաթուղթ է, Էդմոն Մարուքյանը պատասխանում է. «Ի՞նչ է նշանակում՝ կեղծ փաստաթուղթ. կարող է մի տեղ, 15 ձեւի նախագիծ պատրաստվի, էդ 15 նախագծերից մեկը, գա՝ ընկնի ինչ-որ մեկի մոտ, ուրիշի ցանկալի նախագիծ, ոչ մեր կողմի, հետո էդ նախագիծը կյանքի չկոչվի, բայց մեկը հրապարակի՝ ասի՝ տեսեք, այ էսպիսի բան կա: Էդ փաստաթուղթը ստորագրվա՞ծ ա Հայաստանի վարչապետի կողմից: Էնքա՜ն սեւագրեր կարող է լինեն»: Ուշագրավ է, որ այդ հարցազրույցում Էդմոն Մարուքյանը հարց է հնչեցնում՝ ուղղված Արմեն Աշոտյանին՝ «Թող ինքը ասի Արցախն ո՞ւմ կազմում ա եղել» եւ կասկած է հայտնում լրագրողի այն դիտարկմանը, որ մինչեւ 2020 թվականն Արցախը չճանաչված, բայց փաստացի անկախ է եղել. հետոյի մեղադրանքները՝ ստանդարտ են՝ նախկիններին ուղղված:
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վերաբերյալ առավել հստակ պատասխաններ ստանալու համար, Aravot.am-ը հարցումներ ուղարկեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակ եւ ՀՀ ԱԳՆ:
Կարդացեք նաև
Պետական այդ կառույցներից հետաքրքրվել էինք՝
1.Հայկական կողմին երբեւէ նման (խոսքը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հրապարակած փաստաթղթի մասին է-Ն. Գ.) փաստաթուղթ փոխանցվե՞լ է։ Եթե այո, ե՞րբ եւ որտե՞ղ։
2.Համապատասխանո՞ւմ է հրապարակված փաստաթղթի բովանդակությունը այժմ ընթացող բանակցությունների բովանդակությանը։
3.Պաշտոնական Երեւանը ե՞րբ է գաղտնազերծելու Խաղաղության համաձայնագրի հիմնական թեզերը, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում:
ՀՀ ԱԳՆ-ից, օրենքով սահմանված ժամկետներում, ստացանք հետեւյալ պատասխանը, որ Արմեն Աշոտյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակած նկարներում առկա բովանդակությամբ փաստաթուղթ հայկական կողմին չի փոխանցվել:
Համապատասխանո՞ւմ է հրապարակված փաստաթղթի բովանդակությունը այժմ ընթացող բանակցությունների բովանդակությանը՝ հստակ հարցին առանձին պատասխան ԱԳՆ-ում որոշել են չտալ, ընդհանրական նման մի պատասխան են տվել այդ եւ հաջորդ հարցին վերաբերող. «Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կառավարությունը բազմիցս հրապարակային կերպով արտահայտել է իր դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի տեքստի մասին, ինչպես նաեւ հրապարակային ներկայացրել է դրա բովանդակության մասին հայկական կողմի դիրքորոշումները»:
Այսինքն, դատելով ՀՀ վարչապետի, կառավարության այլ անդամների, իշխող ՔՊ-ի տարբեր պատգամավորների քանիցս արած տարբեր հայտարարություններից, կարելի է եզրակացնել, որ թեեւ Արմեն Աշոտյանի հրապարակած նկարներում առկա բովանդակությամբ փաստաթուղթ հայկական կողմին չի փոխանցվել, բայց բանակցություններն ընթանում են հենց այն սկզբունքների շուրջ, որոնց մասին խոսել է Արմեն Աշոտյանը՝ Արցախն Ադրբեջանի կազմում՝ այսպես կոչված, միջազգային տեսանելի մեխանիզմների շրջանակներում: Դրա լավագույն ապացույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր այն մասին, որ միջազգային հանրությունն, իբր, Հայաստանից պահանջում է Արցախի հարցում նշաձողն իջեցնել, որին էլ ածանցյալ են պաշտոնական Երեւանի հաջորդիվ քայլերը եւ իշխանության ներկայացուցիչների, իշխող ուժի անդամների հայտարարությունները:
Այս կասկածները միայն խորացնում է նաեւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական կողմն իր խողովակներով փոխանցել է՝ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր, ու հավելումը, որ Արցախի ինքնորոշման իրավունքը արցախցիների անքակտելի իրավունքն է եւ իրենք դեմ են այլ ճանապարհով հարցի քննարկմանը, բայց եթե Արցախում կան գործիչներ եւ ուժեր, որոնք ցանկանում են քննարկել Ադրբեջանի հետ ինտեգրումը՝ նրանք ազատ են իրենց քննարկումներում:
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հարկ չհամարեցին մեր հարցմանն առհասարակ անդրադառնալ: ԱԽՔ գրասենյակի այս քաղաքականությունը բավական ուշագրավ հնչեղություն է ստանում այն ֆոնին, որ ԱԽ քարտուղարը շատ արագ արձագանքեց Արմեն Աշոտյանի հրապարակմանը, բայց այդպես էլ չհայտարարեց, որ հրապարակված փաստաթուղթը կեղծ է, որ դրանում առկա սկզբունքները հայկական կողմը քննարկելի չի համարում: Իսկ որ հայ-ադրբեջանական բանակցություններում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առանցքային դերակատարում ունի՝ ժամանակն ու իրադարձություններն են ապացուցել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ