Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, այսօր մասնակցել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին:
Աննա Վարդապետյանն իր ելույթում նշել է.
«Հարգելի՛ տիկին Հակոբյան,
Հարգելի՛ գործընկերներ,
Կարդացեք նաև
Հարգելի՛ ներկաներ,
Շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ Ձեզ՝ այս միջոցառումը նախաձեռնելու և ելույթով հանդես գալու հնարավորությունը տալու համար:
Ո՞վ է իմ իդեալը: Խելացի կինը: Ինչո՞ւ: Խելացի կինն ազատ է, հետևաբար՝ համարձակ, հետևաբար՝ պատասխանատու և ավելի քան որևէ մեկն ունակ է սիրելու և նվիրվելու. սիրելու իր երկիրը, նվիրվելու իր մասնագիտությանը:
Խելացի կնոջ իմ իդեալը հատկապես այն կանայք են, ովքեր յուրաքանչյուրիս կրթության ճանապարհին առաջին լույսն են վառել: Այդ կանայք ուսուցիչներն են:
Այս տարվա մարտի 8-ը Դատախազության համար յուրահատուկ խորհուրդ ունի՝ մեր կին աշխատակիցների հետ մեկտեղ շնորհավորել և երախտիքի խոսքեր ենք հղել Դատախազությունում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց աշխարհայացքի ձևավորման վրա վճռորոշ ազդեցություն ունեցած կին ուսուցիչներին՝ մարզային դպրոցներում դասավանդող ուսուցչուհիներին:
Ե՞րբ է կինը դառնում խելացի: Խելացի լինելն ընտրություն է, շնորհ չէ: Ընտրություն՝ առաջանահերթությունների, կարդացած գրքերի, երաժշտության, արվեստին հաղորդակից լինելու, շփումների շրջանակի, բազմաթիվ այլ գործոնների միջև, որոնք ձևավորում են մեզ՝ որպես անհատ:
Իմ ընտրությունը ես կատարել եմ 14 տարեկանում, երբ մի օր ուղեղս ծակեց շատ ցավոտ մի միտք, որ ես ազատ չեմ: Ազատ չեմ բոլոր այն կարծրատիպերից, որոնք սպասվում էին ինձ մեծանալուն զուգընթաց:
«Ազատությունն առաջին հերթին պատասխանատվություն է սեփական արարքների ու դրանց հետևանքների նկատմամբ», – սա էր հորս հստակ պատասխանը՝ ազատության վերաբերյալ իմ պահանջներին: Ինձ համար շատ պարզ դարձավ մի բան – ազատության ճանապարհի դուռը բացվում է գիտելիքով, քանի որ պատասխանատվությունը պահանջում է գիտակից վարքագիծ: Սա որոշում էր, որը կայացվեց այդ ժամանակ ու չի փոխվել այդ օրվանից:
Ես ապրում եմ ու սովորում ամեն օր և իմ երազանքն է հնարավոր շատ աղջիկների ու կանանց մոտ արթնացնել այս գիտակցումն ու վստահությունը:
Իմ իդեալը խելացի ու ազատ կինն է, ով ունի պատասխանատվության զգացում: Ու, եթե ես երբևէ դուստր ունենամ, ես նրան մի բան կսովորեցնեմ՝ դու պարտավոր չես լինել գեղեցիկ, հմայիչ, անուշիկ, բայց պարտավոր ես լինել խելացի: Երբեք չվախենաս լինել խելացի»:
Համաժողովի՝ քննարկման ձևաչափով նախատեսված հատվածում մի շարք հարցադրումների են անդրադարձել նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Անահիտ Մանասյանը, Սրբուհի Գալյանը և Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը՝ իրենց օրինակով կոչ անելով կանանց և աղջիկներին անընդհատ կրթվել, սահմանել մեծ նպատակներ և վստահել իրենց ուժերին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ