Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշում կայացնողը կին է․ «Գալաքսին»՝ ուժեղ ձեռքերում

Մարտ 08,2023 16:20

Այս շարքը «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար անձնակազմի կանանց մասին է։ Նրանք շատ են․ այս անգամ ներկայացնում ենք 8-ին։ Նրանք ունեն տարբեր փորձառություն, աշխատանքային տարբեր ձեռագիր, բայց բոլորն ունեն կամք, համարձակություն, պատասխնատվություն՝ կայացնելու որոշումներ, որոնք փոխում են ոչ միայն իրենց, «Գալաքսի» ընկերությունների խմբի, այլև ողջ հանրության կյանքը։

 Էլինա Գաբրիելյան

 «Գալաքսի» ընկերությունների խմբի Գլխավոր տնօրենի տեղակալ 

Որտե՞ղ եք աշխատում՝ հարցին հեշտ է պատասխանելը, բայց երբ հարազատներն ու ընկերները հարցնում են՝ ինչ գործառույթ ունես, Էլինա Գաբրիելյանն արդեն «դժվարանում է»։

«Հիմնականում կատակով եմ պատասխանում՝ ասելով «ով գիտի» կամ ֆինանսներով եմ զբաղվում: Ավելի պաշտոնական հանգամանքներում սովորաբար պատասխանը լինում է՝ վերահսկում եմ մի քանի ընկերությունների գործունեությունը»,-ասում է Էլինա Գաբրիելյանը, որը 2021թ․-ից «Գալաքսի» ընկերությունների խմբի Գլխավոր տնօրենի տեղակալն է Բիզնես գործառնությունների գծով։

Որոշումներն արագ է կայացնում․ «Անել կամ չանելու ընտրանքի դեպքում միշտ ընտրում եմ «անելը», քանի որ ինձ համար դա միշտ ճիշտ է։ Եթե պիտի ձախողես, թող արագ լինի»։ Դժվարություններն ընկալում է որպես մարտահրավեր, որոնք «հետաքրքիր և հիշարժան են դարձնում գործընթացը»։ Խնդիրներն արագ կարգավորել նրան օգնում է գործընթացի, ոչ թե իրավիճակի վրա կենտրոնանալը։

«Երբեք չպետք է լռեցնել ներքին ձայնը, պետք է գնալ նրա հետևից, ինչին հավատում եք և փորձել վայելել աշխատանքային պրոցեսը: Եթե ​​դուք հաճույք չեք ստանում աշխատանքից, ուրեմն սխալ տեղում եք»,- ընդգծում է «Գալաքսի» ընկերությունների խմբի Գլխավոր տնօրենի տեղակալը։

Այս դեպքում ավելի հեշտ է տնօրինել ժամանակը՝ աշխատանքային ծանրաբեռնվածությանը զուգահեռ ժամանակ գտնելով ընտանիքի համար։ «Հանգստյան օրերը ընտանիքի համար են, վաղ առավոտները՝ իմ և ընկերների։ Օրվա մնացած մասը նվիրում եմ աշխատանքին»,-ասում է Էլինա Գաբրիելյանը։

 Թամար Գելաշվիլի

«Խրոնոգրաֆ Վրաստանի» գլխավոր տնօրեն

Թամար Գելաշվիլին «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող Chronograph Georgia-ի գլխավոր տնօրենն է: Ասում է՝ Chronograph-ը Վրաստանի բնակչության մեծ մասի համար ասոցացվում է շքեղության և բարձր որակի հետ: Իր առաքելությունն էլ՝ այդ վարկանիշը բարձր պահելն է։ Երկարամյա փորձառության շնորհիվ կարողանում է արագ որոշումներ կայացնել, բայց, իհարկե, բացառություններ լինում են։ «Գալաքսի» ընկերությունների խմբին արդեն վեց տարի միացած Թամար Գելաշվիլին ասում է ՝ ցանկացած դժվարություն մարտահրավեր է, որը հաղթահարելու լավագույն տարբերակը թիմային աշխատանքն է և համատեղ լուծում գտնելը։

«Նոր մարտահրավեր, նոր լուծում»,- իր հաջողության գաղտնիքն է ներկայացնում Թամար Գելաշվիլին։

Ազատ ժամանակ ունենո՞ւմ եք հարցին՝ պատասխանում է․ «Իմ կյանքի մի հսկայական մասը նվիրված է աշխատանքին, բայց այնուամենայնիվ կարող եմ ժամանակ գտնել բոլորի և ամեն ինչի համար, որը ես սիրում եմ»։

Կցանկանար, որ հաջողակ կանայք ավելի շատ ազատ ժամանակ ունենային երիտասարդների հետ հաղորդակցվելու։ Նրանց պատմությունները կօգնեին երիտասարդ կանանց հավատալ իրենց ուժերին և գնալ երազանքի ետևից։

Արինա Առուստամյան

«Յուքոմ» ընկերության Կոմերցիոն տնօրեն

Ճիշտ մոտեցում աշխատանքին, ճիշտ հմտություններ, համապատասխան ջանքեր և մի քիչ էլ հաջողություն,- Ucom-ի Կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը փորձում է համառոտ նկարագրել իր հաջողության պատմությունը: Երկու տարուց ավելի այս պաշտոնը զբաղեցնող Արինա Առուստամյանը մեծ փորձ ունի հեռահաղորդակցության բնագավառում: Աշխատանքի ընթացքում բազմաթիվ են եղել իրավիճակները, երբ որոշում կայացնելը շատ դժվար է թվացել:

«Մենք շատ ավելի մեծ ներուժ ունենք, քան հաճախ մտածում ենք, և միայն դժվար իրավիճակներում ենք կարողանում ավելի լավ ճանաչել ինքներս մեզ, բացահայտել այդ պոտենցիալը»,- ասում է Արինան: Նման իրավիճակներում նրան օգնել է պատասխանատվություն վերցնելու և ռիսկի գնալու կարողությունը, դրական և բաց մտածելակերպը, սերն աշխատանքի հանդեպ:

Աշխատանքը Ձեր օրվա քանի՞ տոկոսն է «խլում», ստացվու՞մ է ժամանակ գտնել ընկերների, հարազատների, պարզապես «ազատ լինելու» համար՝ հարցին՝ Ucom-ի Կոմերցիոն տնօրենը պատասխանում է. «Տարբեր փուլերում աշխատանքի չափաբաժինը կարող է փոխվել, բայց դա չի խանգարում կյանքի այլ ասպեկտներին: Միշտ ժամանակ եմ գտնում ընկերների, հարազատների և ինձ համար նույնպես»:

Ընկերական կամ հարազատների զրույցների թեման էլ է, սակայն, հաճախ դառնում Արինայի աշխատանքը: «Կապի ոլորտը, շատ հետաքրքիր է այս առումով․ բավական է ասել՝ որտեղ ես աշխատում, և ամենատարբեր հարցերի տեղատարափ է սկսվում: Սովորաբար ասում եմ՝աշխատում ենք, որ կապի ավելի լավ որակ և ծառայություններ մատուցենք, զարգացնենք հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում: Միշտ նշում եմ, որ հազվադեպ ոլորտներից է, որտեղ կա առողջ մրցակցություն և աշխարհի միտումներին համապատասխան զարգացվածության մակարդակ»:

Քանի որ Արինա Առուստամյանի հետ զրուցում էինք Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով, հարցրեցինք՝ կա՞ն թեմաներ, որոնց մասին պետք է բարձրաձայնի մեր հանրությունը:

«Գենդերային խտրականության բազմաթիվ օրինակներ դեռևս առկա են մեր հասարակությունում, և ավելի առաջադեմ մտածելակերպի ձևավորման անհրաժեշտություն կա: Մենք բոլորս պետք է աշխատենք ուղղությամբ, որ փոխվեն հասարակության ընկալումները ղեկավար կամ պատասխանատու պաշտոններում կանանց նշանակումներին»,- պատասխանեց Ucom-ի Կոմերցիոն տնօրենը:

Աստղիկ Սարգսյան

«Գալաքսի» ընկերությունների խմբի ՄՌԿ և կազմակերպական զարգացման տնօրեն

«Իմ կյանքի ամենադժվար որոշումը Ղազախստանում աշխատելու առաջարկն ընդունելն էր՝ հայրենի երկրից և ընտանիքից հեռու, բացարձակապես օտար երկրում: Դժվար, բայց ճիշտ որոշում էր»,- հետահայաց ասում է Աստղիկ Սարգսյանը, որը երկու ամիս է՝ միացել է «Գալաքսի» ընկերությունների խմբին որպես Անձնակազմի կառավարման ղեկավար։

Իրականում,- շարունակում է նա, -ես հեշտ եմ որոշումներ կայացնում․ «Վստահ եմ՝ մենք հաճախ ափսոսում ենք չօգտագործված ​​հնարավորությունների և չկայացրած որոշումների համար»։

Ինչպես ցանկացած մեկի, 15 տարուց ավելի մասնագիտական փորձառություն ունեցող Աստղիկ Սարգսյանի կյանքում էլ են դժվար իրավիճակներ եղել, բայց նա հեշտությամբ է հաղթահարել․ «Մարտահրավերներին դիմակայելը մեզ ավելի ուժեղ է դարձնում: Դժվար իրավիճակից դուրս գալու իմ բանաձևն է՝ արա այն, ինչ պետք է, և արդյունքը կլինի այն, ինչ պետք է լիներ»։

Մեր երկրում քիչ չեն բիզնեսում հաջողության հասած կանայք։ Ի տարբերություն բիզնեսի՝ Հայաստանի քաղաքական կյանքում կանանց ներուժը լիարժեք չի օգտագործվում․ «Մենք կանանց քաղաքական հզորացման բացթողում ունենք։ Քանի՞ կին կա մեր կառավարությունում։ Սա, իսկապես, ակտուալ հարց է»,- ասում է Աստղիկ Սարգսյանը։

Բոլոր ժամանակներում կարիերայի և ընտանիքի միջև ճիշտ հավասարակշռություն գտնելը բավականին դժվար է եղել ցանկացած աշխատողի, բայց հատկապես կանանց համար:

«Այսօր արդիական է աշխատանքի և կյանքի ինտեգրման նոր հայեցակարգը: Ուշադրությո՛ւն դարձրեք ոչ թե հավասարակշռությանը, այլ ինտեգրմանը: Մենք պետք է սովորենք՝ ինչպես աշխատել այս ուղղությամբ»,- նշում է տիկին Սարգսյանը։

Ասում է՝ շաբաթվա առաջին հինգ օրվա 80 տոկոսը նվիրում է աշխատանքին, բայց հանգստյան օրերը ընտանիքի, ընկերների, յոգայի և ինքնազարգացման համար են:

«Կյանքը գեղեցիկ է, վայելի՛ր այն»,- եզրափակում է Աստղիկ Սարգսյանը։

Շուշան Ավագիմյան

«Երևան Մոլ» ընկերության Բիզնեսի զարգացման տնօրեն

«Կյանքիս ամենաբարդ որոշումը եղել է՝ չդավաճանելով ինքս ինձ և իմ սկզբունքներին՝ գնալ երազանքիս հետևից՝ լինելու հաջողակ կին բիզնեսում ու երջանիկ կին ու մայր»,- ասում Է «Երևան Մոլ» առևտրաժամանցային համալիրի Բիզնեսի զարգացման տնօրեն Շուշան Ավագիմյանը։ Նրա հաջողության բանաձևը պարզ է՝ կյանքում ամեն ինչ կախված է բացառապես քեզանից, իսկ անհաջողությունների համար պետք չէ որևէ մեկին մեղադրել։ Իհարկե, սա բավարար չէ հաջողության հասնելու համար, պետք է նաև հավատալ սեփական ուժերին, ունենալ անսպառ սեր, ձգտում, կամք ու չմոռանալ շարունակական ինքնազարգացման մասին։

«Աշխարհում կա ութ միլիարդ մարդ և ութ միլիարդ հաջողության բանաձև։ Ըստ իս՝ հարկավոր է ոչ թե գտնել հաջողության բանաձևը, այլ ստեղծել քոնը»,-ասում է նա։

Շուշան Ավագիմյանը «Երևան Մոլ»-ում աշխատում է բացման օրվանից, դեռ մի քանի ամիս էլ ավելի՝ 9 տարի, 3 ամիս։ Մինչ այդ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել մեդիա և բանկային ոլորտների տարբեր ընկերություններում։

Թե որոնք են «Երևան Մոլի» Բիզնեսի զարգացման տնօրենի գործառույթները, Շուշանի գրեթե բոլոր ընկերները գիտեն։ Բայց բարեկամներին երբեմն պետք է բացատրել։

«Երբ մեծահասակ բարեկամներս, որոնք սերտ առնչություն չունեն իմ գործունեության հետ, հարցնում են՝ ինչ եմ անում, պատասխանում եմ՝ զբաղվում եմ բիզնեսը առաջ տանելով։ Եթե այդ պատասխանը նրանց չի բավարարում, ասում եմ՝ գովազդով եմ զբաղվում»,- ժպիտով պատմում է Շուշանը։

Աշխատանքը «խլում է» օրվա կեսից ավելին, մնացածը՝ ընտանիքինն են։

«Երեկոներս բացառապես ընտանիքինս են, շաբաթ-կիրակիները «կիսվում» եմ ընտանիքի և ընկերներ-հարազատների միջև։ Ուշ երեկոյան կամ գիշերը փորձում եմ ժամանակ գտնել ինչ- որ բան կարդալու, ֆիլմ դիտելու համար։ Երբեմն նույնիսկ ստացվում է մանր-մունր կանացի զբաղմունքներով ինքս ինձ երես տալ»,- նշում է Շուշան Ավագիմյանը։

Քեթևան Գաբիտաշվիլի

«Թայմ Վրաստանի» գլխավոր տնօրեն

Ավելի շատ կանայք լինեին առաջնորդի դերում,- Մարտի 8-ի առիթով իր ցանկությունը բարձրաձայնում է «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող TI’ME Georgia-ի ղեկավար Քեթևան Գաբիտաշվիլին։ Ութ տարի է՝ նա աշխատում է TI’ME-ում, որից երկուսը՝ ղեկավար պաշտոնում։

«Իմ հիմնական գործառույթն է մոտիվացնել աշխատակիցներին և լինել այն առաջնորդը, որին նրանք կարող են ապավինել»,- ասում է Քեթևան Գաբիտաշվիլին։

Եթե ​​ձեր հաջողության պատմությունը գրեիք մեկ նախադասությամբ, ո՞րը կլիներ այն՝ հարցին պատասխանում է․«Ժամանակը մարդկության ամենահզոր ռեսուրսն է, որը ցույց է տալիս, թե որքան մեծ ազդեցություն կարող են թողնել նվիրումը և համբերությունը»։

Ասում է՝ ցանկացած դժվարություն հաղթահարելի է, երբ կարողանում ես կենտրոնանալ և գտնել բանալին, տարիների փորձն ու գիտելիքն էլ օգնում են նման որոշումները կայացնելիս։

Դժվար որոշումների շարքից է նաև ազատ ժամանակ գտնելը։ «Օրվա մոտավորապես 70%-ը նվիրված է աշխատանքին: Ընտանիքիս կամ ընկերներիս համար ժամանակ ունենալը կարող է դժվար լինել։ Բայց ես ամեն ինչ անում եմ՝ կառավարելու ժամանակն ըստ առաջնահերթությունների»,- ասում է Քեթևան Գաբիտաշվիլին։

Արմինե Ենգիբարյան

«Մեգաֆուդ» ընկերության կոմերցիոն տնօրեն

 Արմինե Ենգիբարյանը «Գալաքսի» ընկերությունների խմբին միացել է 4 տարի առաջ, բայց․ «Այնպիսի զգացողություն ունեմ, որ ամբողջս կյանքս այստեղ եմ աշխատել»։ Նա զբաղեցնում է «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Մեգաֆուդ» ընկերության կոմերցիոն տնօրենի պաշտոնը։

Ասում է՝ հեշտությամբ է որոշումներ կայացնում, չի խուսափում «ամենակոշտ» որոշումներից։ Այս ընթացքում ամենադժվարը՝ COVID 19-ի ժամանակահատվածում աշխատակազմը կրճատելու մարտահրավերն էր, որն հաջողությամբ հաղթահարվել է։

«Մենք չկրճատեցինք որևէ մեկի, և ես դա համարում եմ մեր հաջողությունը, ինչու չէ՝ իմ հաջողությունը»,- ասում է Արմինե Ենգիբարյանը։ Աշխատասիրությունն ու պատասխանատվությունը համարում է հաջողության հասնելու գրավականը։

Արմինեն երկար ժամանակ է անցկացնում գրասենյակում, աշխատանքային օրը հաճախ շատ է երկարում։ Բախտավոր է իրեն համարում, քանի որ ընտանիքն ու ընկերները ըմբռնումով են ընդունում այդ հանգամանքը։ Նրանց աջակցությունը և ծանրաբեռնված աշխատանքից հետո անցկացրած ժամանակը ավելի ուժ և եռանդ է տալիս։

Կանանց միջազգային օրը խնդիրների մասին չի ցանկանում խոսել, այլ ներդրման, որն արել և անում են կանայք տարբեր ոլորտներում՝ բիզնեսից մինչև կառավարում։

«Հաջողված կանայք ոգեշնչում են, մոտիվացնում և ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, որ իրենց օրինակով ցույց են տալիս, որ ամեն ինչ հնարավոր է»,- ասում է։

Սյունե Փարսյան

UCOM-ի Ֆինանսական տնօրեն

«Յուրաքանչյուր որոշում ունի իր գինը, անկախ նրանից՝ այն ճիշտ է, թե սխալ: Որոշում չընդունելը կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ, քան սխալ որոշում կայացնելը»,- սա UCOM-ի Ֆինանսական տնօրեն Սյունե Փարսյանի համոզումն է։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2,5 տարի, բայց «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ համագործակցությունը գրեթե 10 տարվա պատմություն ունի։

Երբեմն, երբ ծանոթները հարցնում են՝ որոնք են իր գործառույթները, պատասխանում է․

«Աշխատում եմ ամենահետաքրքիր ոլորտում, անում եմ ամեն ինչ, բացի քվանտային ֆիզիկայից»։

Եթե ձեր հաջողության պատմությունը գրեիք մեկ նախադասությամբ, ո՞րը կլիներ այն՝ հարցին պատասխանը կարճ է․ «Պատմությունը նոր է սկսվել»։

Այդ պատմությունն էլ գրելու է հավատարիմ իր հաջողության բանաձևին․ «Յուրաքանչյուր դժվարություն հնարավորություն է»։ Իսկ կարգախոսն էլ «Մարսեցին» ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմից է՝ երբեք, երբեք չպետք է հանձնվել։

Ազատ ժամանակ ունենո՞ւմ եք՝ հարցին սկզբում կատակով պատասխանում է․ «Ազատ ժամանակ՝ չէ, չենք լսել»։

Ասում է՝ աշխատանք-անձնական կյանք հավասարակշռության համար անհրաժեշտ է բավականին ջանք ներդնել, սահմանել առաջնահերթությունները, կառավարել ժամանակը։ Հակառակ դեպքում անհնար կլինի աշխատանքային ծանրաբեռնվածության պարագայում ժամանակ գտնել հարազատների և ընկերների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031