Armlur. Իրավապահ մարմինները չեն կարողանում վերադարձնել Աննա Հակոբյանին պատկանող շուրջ 4 միլիոն արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը: Բանն այն է, որ նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետին հատկացված կեցավայր մուտք գործած անձը ոսկյա զարդերը գրավադրել էր գրավատանը եւ ժամանակին չի կատարել գրավադրման պարտավորությունները եւ գրավատունը այն վաճառել է: ԱԱԾ-ն հայտնաբերել է գրավատնից այն գնած քաղաքացուն, որն էլ խոստովանել է, որ ինքն էլ գնած ոսկին վերավաճառել է, ու այսպես իրավապահները չեն կարողանում զարդերը հետ վերադարձնել:
Հիշեցնենք՝ նախաքննությամբ պարզվել է, որ Տիգրան. Պ.-ն 2020 թվականի նոյեմբերի 10-ին զանգվածային անկարգության մի շարք մասնակիցների հետ ներս է մտել առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակ, հափշտակել ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը և ապարանջանը:
Դրանից հետո, Տ. Պ-ն իր կողմից բացահայտ հափշտակված վերոհիշյալ ոսկյա զարդերը տնօրինել է անձնական նպատակներով և 551.000 ՀՀ դրամի դիմաց 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ընկերոջ՝ Ս. Ս-ի, իսկ շղթաներից մյուսը՝ 40.000 ՀՀ դրամի դիմաց՝ իր անվամբ 2020 թվականի նոյեմբերի 16-ին գրավադրել է «Ֆաստ Կրեդիտ» ՈՒՎԿ գրավատան համապատասխանաբար՝ Կոմիտասի պողոտայում և Մալաթիա վարչական շրջանում գտնվող մասնաճյուղերում: Տիգրան Պ-ն կալանավորված է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում