Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժից տուժած Մալաթիայի հայերն ստիպված արտագաղթում են․ թուրքական մամուլ

Մարտ 08,2023 11:51

Մալաթիայի՝ հիմնականում հայ և ասորի բնակչություն ունեցող Չավուշօղլու և Սալքյոփրյու թաղամասերում երկրաշարժը մեծ ավեր է գործել։ Հիշյալ երկու թաղամասերի հին տների 90 տոկոսը քանդվել է կամ վնասվել։ Փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից առաջ հայ և ասորի համայնքներից այս թաղամասերում շուրջ 60 հոգի էին ապրում։ Նրանցից 4-ը երկրաշարժին զոհ է գնացել, իսկ ողջ մնացածներն էլ ստիպված լքել են քաղաքը։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, գրում է թուրքական «Դուվար» պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ Սալքյոփրյու թաղամասի բնակիչները թուրքական պարբերականի թղթակցին պատմել են, որ ավերակների միջից սեփական ուժերով և հնարավորություններով են դուրս հանել երկրաշարժից տուժածներին։ Այսպես, օրինակ, Թաբաշ ընտանիքի հարևանները, հայ ընտանիք, որի ոչ մի անդամ չէր փրկվել երկրաշարժից, նշել են՝ եթե թուրքական պետությունը ժամանակին ուղարկեր փրկարարների կամ գոնե թույլ տար, որ իրենք մոտենային ավերակներին, միգուցե հնարավոր լիներ նրանց մահից փրկել։ Հարևանները նաև հավելել են․ «Մենք շուրջ 20 տարի է, որ այստեղ ենք ապրում։ Մեր տունը Թաբաշ ընտանիքի ուղիղ դիմացն էր գտնվում։ Նրանք շատ լավ հարևաններ էին»։

Դինքի ծնված փողոցի վիճակն այսօր։

Հրանտ Դինքի ծնված փողոցում՝ Բոնջուքում, ևս մեծ թվով տներ են ավերվել։

Մալաթիայի ասորի բնակիչներից Յուսուֆ Բայիղիթն էլ թուրքական պարբերականի թղթակցին հիշեցնելով, որ նախկինում այստեղի հայ և ասորի բնակիչների մեծ մասն արտագաղթել էր, և ներկայում հազիվ 50-60 հոգի էր մնացել այդ երկու համայնքներում, ընդգծել է, որ այդ սահմանափակ թվով բնակիչներն էլ այս անգամ հարկադրված են քաղաքը լքել բնական աղետի հետևանքով։

Յուսուֆ Բայիղիթ

Բայիղիթը նաև հիշեցրել է, որ անցյալում այստեղի հայ և ասորի բնակիչների թիվը շատ մեծ է եղել, սակայն հետզհետե նվազել է։ Օրինակ՝ 1970-ականներին Սալքյոփրյու և Չավուշօղլու թաղամասերի ամեն 5 տնից երկուսը պատկանել է կամ հայի, կամ էլ՝ ասորու։ Սակայն այստեղի հայ և ասորի բնակչությունը ստիպված է եղել արտագաղթել քաղաքական զարգացումների համատեքստում, հատկապես՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1974 թ․ Թուրքիայի՝ Կիպրոս ներխուժման հետևանքով, ինչպես նաև՝ 1980 թ․ ռազմական հեղաշրջման պատճառով։

Բայիղիթը նշել է, որ երկրաշարժից հետո Մալաթիայի հայ և ասորի բնակիչներն իրենց ընտանիքների անդամներին այլ վայրեր են ուղարկել։ Նրանք հիմնականում օթևանել են Մալաթիայից դուրս ապրող ազգականների տներում։ Նա նաև հավելել է՝ որևէ գաղափար չունի այն մասին, թե արդյոք նրանք հնարավորություն կունենան վերստին բնակվելու Մալաթիայում, քանի որ իրենց տների մեծ մասը քանդվել է, իսկ չքանդվածներն էլ այնքան մեծ վնաս են կրել, որ ուղղակի անհնարին է դարձել այնտեղ ապրել։

Մալաթիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին ևս տուժել է երկրաշարժից։

Մալաթիայի ասորի բնակիչը նաև ասել է, որ այս բնական աղետն ազդել է անխտիր բոլոր բնակիչների վրա՝ լինեն թուրք, թե այլազգի։ Նա վերջում հավելել է, թե կցանկանար, որ իրենք համատեղ ուժերով վերակառուցեին ավերակ դարձած Մալաթիան․․․

Հիշեցնենք, որ նախքան Հայոց ցեղասպանությունը Մալաթիայի հիմնական բնակչությունը բաղկացած է եղել հայերից։

 

Թուրքական հրապարակման և լուսանկարների հեղինակ՝՝ Ֆըրաթ Բուլութ

https://www.gazeteduvar.com.tr/savas-darbe-simdi-de-deprem-ermeni-ve-suryaniler-yine-goc-ediyor-haber-1606603

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031