Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժել է ոստիկանության հայցն ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված հերոսի հոր՝ Գարիկ Գալեյանի

Մարտ 08,2023 10:44

ՀՀ վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Մաքեյանի, մարտի յոթին հրապարակել է Գարիկ Գալեյանի դեմ ոստիկանության ներկայացրած հայցի քննության արդյունքում կայացրած որոշումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունը 44-օրյա պատերազմում անմահացած զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին (լուսանկարում) վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցով պահանջում էր ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար վճարել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով։

Միջադեպը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2022թ․ սեպտեմբերի 21-ին, երբ Եռաբլուրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքն ապահովելու համար ոստիկանները բռնի, քարշ տալով եւ մարմնական վնասվածքներ հասցնելով բերման էին ենթարկել մոտ 4 տասնյակ ծնողների։

Դատարանը որոշել է մերժել ոստիկանության հայցն ընդդեմ Գարիկ Գալեյանի։ Դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանություններն ու եզրահանգումները հետեւյալն են (որոշումն ամբողջությամբ՝ այստեղ).

«․..Գարիկ Գալեյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիման վրա վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք ոստիկանության ծառայողի կողմից վերջինիս ներկայացվել է պահանջ, եթե այո, ապա այդ պահանջն արդյո՞ք ներկայացվել է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում, արդյո՞ք ոստիկանության ծառայողի պահանջը եղել է օրինական, և արդյո՞ք կատարվել է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը, թե՝ ոչ:

Այսպես` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են հանդիսանում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման բեռը չի կարող դրվել այն անձի վրա, որի գործողությունների վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրությունը: Արձանագրությունն ինքնին ապացույց չէ:

Վերոնշյալ դրույթները վկայում են այն մասին, որ դատական կարգով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության ընթացքում դատարանը գնահատում է ինչպես մինչդատական վարույթի շրջանակներում, այնպես էլ դատաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցներն, որոնց ներկայացման բացառիկ պարտականությունը կրում է հայցվոր կողմը: Ընդ որում` անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված «արձանագրությունն ինքնին ապացույց չէ» պայմանն, ըստ էության, բացառություն է նախատեսում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ թվարկված ապացույցների ցանկից:

Տվյալ դեպքում ապացույց է հանդիսանում նաև վարչական իրավախախտման վերաբերյալ 21.09.2022 թվականի թիվ 681 արձանագրությունն և դատաքննությամբ հետազոտված ապացույցների ցանկում այն ինքնին չի կարող գնահատվել որպես ապացուցողական դեր ունեցող գրավոր փաստաթուղթ, իսկ ինչ վերաբերվում է գործում առկա 21.09.2022 թվականի վարչական ձերբակալման վերաբերյալ, մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների բանավոր ծանուցման մասին, բացատրություն վերցնելու մասին արձանագրություններին և մարդու՝ ազատությունից զրկման հետ կապված իրավունքների մասին գրավոր ծանուցմանը, ապա սոսկ դրանց առկայությունը չի հաստատում այն, որ ոստիկանության ծառայողի կողմից ներկայացված որևէ պահանջ, այն էլ օրինական, չի կատարվել Գարիկ Գալեյանի կողմից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործը քննելիս վարչական դատարանը, ի թիվս Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ և 279-րդ հոդվածներում նշված հարցերի, պարզում է նաև, թե տեղի է ունեցել արդյոք վարչական իրավախախտման մասին արձանագրության մեջ նշված արարքը, և առկա է արդյոք հայցադիմումում նշված անձի՝ դա կատարելու փաստը, նախատեսված է արդյոք օրենքով վարչական պատասխանատվություն տվյալ արարքը կատարելու համար։

Վերլուծելով վերը նշված իրավական նորմերի պահանջներն և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` դատարանն արձանագրում է, որ Գարիկ Գալեյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի իրավական հիմքով պատասխանատվության ենթարկելու համար պետք է հաստատվի այն հանգամանքը, թե արդյոք տեղի է ունեցել վարչական իրավախախտման մասին արձանագրության մեջ նշված արարքը, և առկա է արդյոք հայցադիմումում նշված անձի՝ դա կատարելու փաստը, սակայն դատարան ներկայացված ապացույցների ամբողջական գնահատմամբ, դատարանն արձանագրում է, որ դրանցով չի հաստատվում գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքն, որ Գարիկ Գալեյանին ներկայացվել է պահանջ, որի արդյունքում վերջինիս մոտ ձևավորվել է սուբյեկտիվ ընկալում պահանջի՝ իրավական հիմնավորվածություն ունենալու և համապատասխան վարչական մարմնի՝ օրենքով վերապահված լիազորություններից բխող լինելու՝ արդյունքում օրինական պահանջ լինելու մասին, և Գարիկ Գալեյանը չի կատարել ներկայացված պահանջը:

Դատարանը փաստում է, որ վարչական վարույթի նյութերում առկա չէ ապացույց, որ պահանջ է ներկայացվել Պատասխանողին և պարզ չէ, թե կոնկրետ ինչ պահանջ է ներկայացվել: Ավելին, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում նույնպես արձանագրված չէ, թե ինչ պահանջ է ներկայացվել Պատասխանողին: Մինչդեռ, դատարանի գնահատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրության մեջ նշված արարքի և դրա կատարումից առաջ իրավախախտին արարքը դադարեցնելու պահանջ ներկայացված լինելու հանգամանքը հաստատվում է գործով ներկայացված ողջ ապացույցների գնահատմամբ և համադրմամբ: Դրանց ամբողջությունն է դատարանի մոտ ձևավորում վերջնական համոզմունք առ այն, որ տեղի է ունեցել զանցանք: Ընդ որում՝ հայցադիմումի պատասխանով և դատաքննության ընթացքում Պատասխանողը հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից իրեն որևէ պահանջ չի ներկայացվել:

Վերը նշված իրավական և փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում դատարանը գալիս է այն եզրակացության, որ տվյալ դեպքում վիճելի է մնում ոստիկանության ծառայողի կողմից Գարիկ Գալեյանին օրինական պահանջ ներկայացված լինելու հանգամանքը, իսկ դրա ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը, հետևաբար, նա է կրում նաև այդ փաստի չապացուցման բացասական հետևանքները:

Այսպիսով, ամբողջ վերագրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ վարչական իրավախախտման արձանագրության մեջ նշված արարքը` Երևան քաղաքի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողի կողմից ներկայացված օրինական պահանջը չկատարելը տեղի չի ունեցել, քանի որ դատաքննությամբ չի հիմնավորվել, թե ինչ պահանջ է ներկայացվել, ըստ այդմ՝ նաև չի հիմնավորվել ոստիկանության ծառայողի կողմից Գարիկ Գալեյանին պահանջ ներկայացրած լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում բացակայում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքը` օրինական պահանջի չկատարումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարանը որոշում է կայացնում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու կամ հայցադիմումը մերժելու մասին:Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հայցն անհիմն է և ենթակա մերժման»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը փետրվարի 20-ին որոշել էր մերժել նաեւ ոստիկանության հայցն ընդդեմ Բագրատ Ուզունյանի` պատերազմում զոհված Դավիթ Ուզունյանի հոր։

Հրապարակման պատրաստեց Լուիզա ՍՈԻՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031