«Ամերիկայի ձայն»․ Քարնեգի Եվրոպա կենտրոնի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը չի բացառել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև ԵՄ-ի հովանավորությամբ դեկտեմբերին դադարեցված բանակցությունների վերսկսումը, վերջերս հրապարակած իր «Հայաստանի անվտանգության բացակայության տարի» վերնագրով հոդվածում՝ լույս տեսած նախքան արյունալի վերջին միջադեպը։ Նա շեշտում է. «Բանակցությունները, որոնք նախագահում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, շատ ավելի հեռուն գնացին, քան սպասվում էր: ԵՄ-ն ընկալվում է որպես ազնիվ միջնորդ, ի տարբերություն Մոսկվայի, որը նաև զերծ է ճնշման այն բեռից, որը կրում է Վաշինգտոնը», գրել է դե Վաալը:
Ըստ նրա՝ ԵՄ-ը և Միացյալ Նահանգները կարող են օգնել՝ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանը և տնտեսությանը, ինչպես նաև երաշխավորել խաղաղ գործընթաց, սակայն զարգացումների հետագա ընթացքը զգալիորեն կախված է Ադրբեջանի որոշումներից: Միակ ամենակարևոր գործոնը, որը կօգնի թուլացնել Հայաստանի անվտանգության բացակայության զգացումը և Ռուսաստանից գերկախվածությունը, ըստ դե Վաալի, Ադրբեջանի ճնշման թուլացումն է և վերջինիս անցումն առճակատման հռետորաբանությունից համագործակցությանն ուղղված լեզվին։
«Նախագահ Ալիևի էջը շրջելու դժկամությունը ավելի շատ կապ ունի անցյալի, քան ներկայի հետ: Այն որոշումները, որոնք նա կկայացնի առաջիկա մի քանի ամիսներին, մեծ հետևանքներ կունենան», պնդում է Թոմաս դե Վաալը:
Իր հերթին, վերլուծաբան Մամուկա Ծերեթելիի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չափազանց կարևոր է Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ու տրանսպորտային նախագծերի զարգացման համար, ուր Վաշինգտոնի ու Բրյուսելի աջակցությունն ունի առանցքային նշանակություն:
Կարդացեք նաև
«Կարծում եմ՝ առանց Միացյալ Նահանգների ու ԵՄ-ի հանձնառությանն ու աջակցությանը տրանսկասպյան մեծ նախագծեր հնարավոր չէ կյանքի կոչել քաղաքական, անվտանգության և այլ նկատառումներից ելնելով: Կարծում եմ՝ այս առումով կպահանջվի նաև հասնել ղարաբաղյան հիմնախնդրի երկարաժամկետ լուծմանը»,- պնդում է նա:
Նրա խոսքով՝ այսօր նկատվում է «մի փոքր ավելի մեծ ներգրավվածություն և, իհարկե, ավելի մեծ հետաքրքրություն» ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, սակայն վերլուծաբանը կարծում է, որ ինչպես եվրասիական շատ հարցերում, այնպես էլ այստեղ շատ բան կախված է Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքներից: