Մեզ հետ զրույցում արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արաքս Մարգարյանը ներկայացնում է տարբեր ժամանակաշրջաններում կնոջ կերպարի պատկերման փոխակերպումներն ու առանձնահատկությունները։
Ինչպե՞ս է ներկայացվել կինը հնագույն ժամանակներում
Ամեն դարաշրջան ունի կնոջ կերպարին ներկայացվող յուրօրինակ պահանջներ, գեղագիտական մոտեցումներ ու ճաշակ։ Արվեստի մեջ դրոշմվել են կնոջ պատկերման փոխակերպումները։ Նրա հնագույն պատկերագրությունը մեզ հայտնի է նախնադարից․ դա պալեոլիթյան Վեներաներն են, որոնք ներկայանում են շատ անակնկալ կերպարներով, և դրանց ամենավառ նմուշն, իհարկե, Վիլլենդորֆյան Վեներան է։
Կա այս կերպարի վերծանության հետ կապված մեծ հետաքրքրություն․ ինչո՞ւ ենք Վեներա անվանում մեծ ազդրերով, մեծ կրծքով, այսօրվա հայացքով անբարետես արձանիկներին․ այս առեղծվածը պարզելու համար հարկավոր է ուսումնասիրել նախնադարյան մարդու կենսակերպը։ Չէ՞ որ այս շրջանում մարդու կյանքի տևողությունը շատ կարճ է եղել, կարևորվել է կնոջ` սերունդ պարգևելու հատկությունը, և դա է պատճառը, որ ընդգծել են այն հատկանիշները, որոնք կապված են երեխա ունենալու հետ՝ կուրծքը, ազդրերը․ այդ շրջանում գեղեցկությունը հենց այդպես է ընկալվել։
Ի՞նչ փոփոխություններ են բերել քաղաքակրթությունները
Եգիպտական քաղաքակրթությունում և ընդհանրապես Հին Արևելքում կինը շատ մեծ դեր ու ազդեցություն է ունեցել․ հնագույն շրջանից մեզ են հասել սալիկներ, քանդակներ և րելիեֆներ, որոնք կնոջը, մասնավորապես քրմուհիներին ու թագուհիներին, ներկայացնում են շահեկան դիրքով, ներկայանալի տեսքով, ինչպես օրինակ՝ Հատշեպսուտ թագուհու, Նեֆերտիտիի արձանիկներում, րելիեֆներում։
Կարդացեք նաև
Այստեղ կարևոր է նաև այն հանգամանքը, որ նախկինում «ին» և «յան» էությունները ընկալվել են ներդաշնակ ձևով, չի եղել միայն արական էներգիայի պաշտամունքը, քանի որ մարդիկ ըմբռնել են, որ կինն իր արարող, բնության հետ կապված հատկանիշներով շատ բան կարող է անել և փոխել, ուստի աստվածուհիները, քրմուհիներն ու թագուհիները զգալի դեր են ունեցել հնագույն քաղաքակրթություններում։
Այդպես է եղել նաև ուրարտական կամ Արարատյան թագավորության դիցարանում, որը պատկերված է Վանում՝ «Մհերի դռան» վրա․ այս դեպքում նույն արական դիցերն ունեին իգական զուգընկերներ՝ դիցուհիներ, այսինքն՝ այդ շրջանում կին ու տղամարդ էությունները դիտարկվել են մեկ ամբողջության մեջ։
Իսկ հին հույները․ ինչպիսի՞ կանայք էին ոգեշնչում նրանց
Անտիկ մշակույթի հիմնական գաղափարը՝ «առողջ մարմնում առողջ հոգի» կալակագատիայի սկզբունքն է՝ հոգևորի ու մարմնականի ներդաշնակության ձգտումը, որն ավելի շատ վերաբերել է տղամարդկանց, և կինը կարծես թե մղվել է երկրորդական պլան։ Հին Հունաստանում կանայք երկու խմբի են բաժանվել․ մի մասն ազատ վարքի տեր կանայք են՝ հետերաներ, որ մեծ իրավունքներ ու հնարավորություններ են ունեցել, սակայն իրենցից ծնված զավակները հարգանք չեն վայելել հասարակության մեջ։ Մյուս խմբում՝ օջախի պահապան կանայք, որոնց իրավունքները սահմանափակ են եղել (օրինակ՝ իրավունք չեն ունեցել գտնվելու թատերական ներկայացումներին կամ օլիմպիական խաղերին), բայց նաև այս կանայք հարգված են եղել հասարակության մեջ, և իրենցից ծնված երեխաները համարվել են հասարակության լիարժեք անդամներ։ Անտիկ շրջանում կնոջ պաշտամունքը, նրա գեղեցկության հանդեպ խոնարհումը արտահայտվել է արվեստի հրաշալի ստեղծագործություններում, օրինակ՝ Միլոսյան Վեներա, Սամոթրակեան Նիկե արձանները խոսում են այն մասին, որ հին հունական հասարակությունը, լինելով էսթետ, գնահատել է կնոջ նաև արտաքին գեղեցկությունը։
Միջնադարը, սակայն, թելադրելու էր իր կանոնները
Միջնադարը մի փոքր երկրորդական է դարձնում կնոջ դերն ու նշանակությունը, կորչում է մարմնի գեղեցկության կարևորումը, և առաջնայնությունը տրվում է հոգուն։ Եվ ընդհանրապես, եթե նայենք փորագրությունները, գրքերը, գոթական ձեռագրերը, ապա կտեսնենք, որ հիմնականում կինը պատկերվում էր հղի վիճակում, քանի որ հղի կինն էր համարվում իդեալական, իսկ մնացած ժամանակ նա հետաքրքրություն չէր ներշնչում։
Այնուհետև գալու էր Վերածննդի փառահեղ դարաշրջանը
Վերածննդի ժամանակ մարդիկ դարձյալ ներդաշնակություն են գտնում հոգու և մարմնի գեղեցկության մեջ, և մենք տեսնում ենք հրաշալի կոթողներ, արվեստի սքանչելի գործեր, որոնցում փառաբանվում է կինը՝ իբրև Տիրամայր, իբրև Մադոննա՝ ներկայանալով իբրև երկնային ու երկրային էակ։ Այդպիսի գլուխգործոցներ են Ռաֆայելի, Լեոնարդո դա Վինչիի տիրամայրերը, գեղեցկուհի իտալուհիների դիմանկարները։
Իսկ Վենետիկյան դպրոցի նկարիչների գործերում կինը հանդես է գալիս շիկահեր, շքեղ ու փարթամ գեղեցկուհիների կերպարով․ Տիցիանի, Ջորջոնեի ստեղծագործություններում մենք այդպիսի կնոջ ենք տեսնում՝ օժտված երկրային վայելչական գեղեցկությամբ։
Հետաքրքիր է նաև կնոջ անդրադարձը 17-րդ դարի բարոկկոյի արվեստում։ Ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի թեթև ձեռամբ՝ արժևորվում է կենսահաստատ, միս ու արյունից կինը, որն ապրում է երկրային հաճույքներով, վայելում աշխարհի գեղեցկությունը։
Ինչ վերաբերում է 20-րդ դարին, ապա կնոջ կերպարն արվեստում փոխակերպումների է ենթարկվում, ինչի վառ օրինակը Պիկասոյի կտավներն են, և այն, ինչ տեղի է ունենում արվեստում, արտացոլվում է իրականության մեջ։ Արվեստում կինը գնալով ավելի աշխարհիկ է դառնում՝ հետզհետե կորցնելով աստվածային էությունն ու ներշնչանքը և ավելի շատ ընկալվում իր երկրային հատկանիշներով։ Սակայն կարևորվում է կնոջ բարձրագույն դրսևորումը մոր կերպարում։ Մայրը մեծագույն արժեքն է, որ գոյություն ունի և արվեստի որ փուլում էլ որ նայենք, մոր կերպարն առանձնակի, նշանակալի թեմաներից է։
Կինը՝ հայկական մշակույթում
Հայկական իրականության մշակույթում կինը միշտ արժևորված ու սիրված է։ Օրինակ՝ հեթանոսության շրջանում կանայք իրենց կյանքի տարբեր փուլերում տարբեր հովանավոր աստվածուհիներ են ունեցել․ երիտասարդ աղջիկների հովանավորը համարվել է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության դիցուհին, միջին տարիքի, մայրացած կանանց հովանավորն էր Անահիտ դիցուհին, իսկ երբ թոռնիկ էին ունենում, կյանքի այդ փուլում նրանց հովանավորը համարվում էր Նանեն։ Մյուս կողմից բոլոր հայ թագավորների կողքին նստած է եղել թագուհին․ շատ թագուհիների անուններ պահպանվել են պատմության մեջ, որոնց մասին պատմում է Արտակ Մովսիսյանի «Հայոց թագուհիներ» աշխատությունը։ Հայ կնոջ հավաքական կերպարը արտացոլված է Վարդգես Սուրենյանցի «Կանանց ելքը Անիի Մայր տաճարից» կտավում։ Հայ կինը ներկայանում է գթառատ, համեստ, կարեկցող։
Այսօր մենք վստահությամբ կարող ենք ասել, որ հայ ազգի գոյության ֆենոմենը հայ կնոջ մաքրության, կենսահաստատ էության, ընտանիքին պահապան լինելու գործոնի մեջ է։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ