Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ անել, երբ մարդիկ համոզված են, որ երկրագունդը տափակ է

Մարտ 08,2023 13:30

Համոզմունքների մեծամասնության հիմքը սոցիալապես խրախուսելի վարքին հետեւելն է

Ինչի՞ մասին են առհասարակ խոսում սոցիոլոգիական հարցումները: Ամենապարզ պատասխանն է՝ դրանք ցույց են տալիս, թե ինչ է մտածում ժողովուրդը այս կամ այն խնդրի շուրջ: «Մտածելու» մասին ես կասկածներ ունեմ, դրա համար պետք է ունենալ որոշակի տեղեկատվություն: Բրիտանացիների ճնշող մեծամասնությունը չէր կարող իմանալ, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ ԵՄ-ից դուրս գալը: Նրանք ավելի շուտ ինչ-որ զգացմունքներ ունեին այդ քայլի դրական կամ բացասական կողմերի մասին: Եվ քվեարկողների մեծամասնությունը «զգաց», որ դա ինչ-որ լավ բան է:

Բայց հարցումների դեպքում խնդիրն անգամ զուտ «զգացողությունը» չէ: Ժամանակակից սոցիոլոգիան ասում է, որ հարցման մասնակիցները փորձում են կանխատեսել, գուշակել, թե որն է «ճիշտ» պատասխանը՝ այնպիսի պատասխան, որն իրենց՝ որպես քաղաքացու եւ մարդու, դրական կբնութագրի, պատասխան, որը ցույց կտա, որ նա «ճիշտ կողմում է»:

Այդպիսով, սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, թե որն է այս կամ այն խմբի համար սոցիալապես խրախուսելի վարքը, մտածելակերպը, համոզմունքը: Դրանք, բնականաբար, տարբեր խմբերի համար տարբեր են: Բայց լինում են գաղափարներ, որոնց վերաբերյալ այդ խմբերի անդամները նույն բանն են «գուշակում»՝ այն առումով, թե որը կլինի «ճիշտ պատասխանը»: Օրինակ, ՀՀ քաղաքացիներին հարցնում են՝ դուք համաձա՞յն եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: 90 տոկոսը պատասխանում է՝ «ոչ», թեեւ այդ 90 տոկոսի առնվազն կեսը շատ ուրախ կլիներ, որ Արցախի մասին այլեւս ընդհանրապես չլսեր (վկա՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները): Բայց հարցման ժամանակ իրենց պատասխանով նրանք ցույց են տալիս, թե որն է, նրանց կարծիքով, սոցիալապես խրախուսելի վարքագիծը:

Դա կարեւոր ցուցանիշ է, գիտության համար մեծ նշանակություն ունի, թե որ պատասխանն են մարդիկ «ճիշտը» համարում: Բայց ասել, թե «ժողովուրդը կարծում է» կամ «ժողովուրդը մտածում է»՝ նշանակում է փոքր-ինչ նենգափոխել առկա վիճակը: Ավելի ճիշտ կլինի ասել՝ հարցման մասնակիցները փորձում են կռահել, թե ինչ պատասխան են իրենցից սպասում:

Այն գաղափարները, որոնք, մեր ընկալմամբ, պետք է բնորոշեն «ճիշտ մարդուն», միշտ չէ, որ ռացիոնալ են, որովհետեւ մենք, որպես կանոն, փնտրում ենք ոչ թե ճշմարտությունը, այլ ձգտում ենք հարմարվել, ադապտացվել այն խմբին, որի հավաքական կարծիքը մեզ համար կարեւոր է: Այդ պատճառով է, որ Եվրոպայում եւ Ամերիկայում այնքան շատ են մարդիկ, որոնք, օրինակ, վստահ են, որ Երկրագունդը տափակ է կամ՝ որ աշխարհը ղեկավարվում է մի խումբ հրեաների կողմից: Տասնյակ հազարավոր մարդիկ կողմնորոշվում են ոչ թե փաստերով կամ փաստարկներով, այլ իրենց ենթադրյալ խմբի համոզմունքներով:

Հենց այդ պատճառով է, որ հաճախ, օրինակ, ընդդիմադիր  գործիչների նյութերի տակ մեկնաբանություն է գրվում՝ «մենք գիտենք, որ դու Ռուսաստանի գործակալ ես»: Թե որտեղից գիտեն, ինչ ապացույցներ ունեն՝ դա բացարձակապես կարեւոր չէ: Առանցքային բառն է այստեղ «մենք»-ը, այսինքն՝ այդպիսի մեկնաբանություններ գրողները զգում են իրենց պատկանելությունը մի խմբի, որտեղ «ռուսական գործակալներին» բացահայտելը «թրենդային» է, պարանոյայի կամ լրտեսամոլության համար «լայք» է դրվում: Այդպես էր, բնականաբար, միշտ՝ սոցցանցային իրականությունից դարեր, հազարամյակներ առաջ: Սոկրատեսին «երիտասարդներին այլասերելու» համար մեղադրանք առաջարկող «հպարտ աթենացիները» նույնպես իրենց «լայքերն» էին ստանում: Պարզապես հիմա ամեն ինչ շատ ավելի չափելի, «հաշվառելի» է դարձել:

Հիմա հարց. դուք կարո՞ղ եք մտքափոխ անել մարդկանց, որոնք համոզված են, որ Երկրագունդը տափակ է, կարո՞ք եք նրանց համոզել՝ բերելով ժամանակակից գիտության տվյալները: Իհարկե, չեք կարող: Շատ հնարավոր է, որ նրանք ասեն՝ «Մենք հավատում ենք միայն մեր աչքերին, եւ այս Երկրագնդում ոչ մի «կլորություն» չենք տեսնում: Իսկ կլոր Երկրագնդի մասին վարկածը հնարել են աշխարհը կառավարող հրեաները»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031