Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում խոսեց Հայաստանի դաշնակիցների մասին: Նա ասաց, որ ինքը բնականաբար ոգեւորված չէ ՌԴ որոշ պաշտոնյաների հայտարարություններով ու անթույլատրելի է համարում, որ ահաբեկչին ու ահաբեկչի թիրախին դնում են նույն հարթության վրա ու կոչ են անում հանդարտության: Բայց հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված նա քննադատեց ՀՀ իշխանություններին. «Իսկ միջնորդները ինչպե՞ս պիտի վերաբերվեն մի մարդու, որ մեկ այստեղ է թռչում, մեկ այնտեղ է թռչում, մեկ աջ, մեկ՝ ձախ, մեկ Պրահա, մեկ Մոսկվա: Դա փոխլրացման քաղաքականություն չի, դա «եւ-եւ»-ի քաղաքականություն չի: Դա ճնշման տակ, կախված ճնշման ազդեցությունից, կարծիքի փոփոխություն է: Այնպես որ ես մնում եմ իմ կարծիքին՝ բանակցողը պետք է փոխվի: Իրավիճակը շտկել շատ դժվար կլինի, ով որ նրան փոխարինի, անասելի դժվար կլինի, բայց ես կարծում եմ՝ դա հնարավոր է»:
Անդրադառնալով ռուս խաղաղապահների մասին քննադատությանը՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Լավ, քննադատում ենք, ասում ենք՝ գնացեք: Կա՞ մի երկիր, որ պատրաստ է խաղաղապահ բերել: Կա՞ այդպիսի մի երկիր: Եթե չկա, ինչո՞ւ են ավել-պակաս խոսում: Իսկ ԼՂ-ն ի վիճակի՞ է դիմակայել Ադրբեջանին՝ առանց խաղաղապահների, հատկապես, որ Հայաստանը ձեռները լվացել է, վաղուց արդեն չի համարում իրեն անվտանգության երաշխավոր: 120 հազարը ո՞նց պետք է դիմակայի 10 մլն-ին: Ուրեմն անհրաժեշտություն է այսօրվա խաղաղապահների առկայությունը: Միշտ պետք է հիշել՝ որեւէ դաշնակցային հարաբերություն հարաբերություն չի միակողմանի օգնության համար:
Սովորական մարդկային հարաբերությունում էլ միայն այն ընկերությունն է ամուր, երբ ընկերակցողները գիտակցում են, որ ընկերությունը փոխադարձ պարտավորություն է, ոչ թե դու միշտ տուր, տուր, տուր, իսկ ես ձեռներս ծալեմ ու գնամ մեկ ուրիշի հետ սկսեմ խոսել: Դա պետք է հասկանալ, գիտակցել: Միջազգային քաղաքականությունը շատ կոշտ, դաժան կողմեր ունի: Երբ որ տեսնում են, որ մարդը տեղից բան չի հականում, անմիջապես կուլ են տալիս: Այո, ՌԴ-ն եղել է եւ հիմա էլ մեր դաշնակիցն է, իսկ մեր կողմից դուք տեսե՞լ եք այդպիսի դաշնակցային հարաբերություններ: Ես երբեք ռուսամոլ չեմ եղել, երբե՛ք: Չեմ էլ լինելու: Ես համարել եմ, որ ՌԴ-ն մեր լավագույն դաշնակիցն է, որովհետեւ այլընտրանք չկա: Նրանք, ովքեր ուզում են գալ այս տարածաշրջան, ի՞նչ են մեզ առաջարկում:
Կարդացեք նաև
Իսկ ովքեր այդ գաղափարը առաջ են տանում, պայմանավորվածություններ ունե՞ն, ՆԱՏՕ-ն գալու է այստեղ ռազմաբազա՞ դնի, ԵՄ որեւէ երկիր Ղարաբաղում կոնտինգե՞նտ է ունենալու: Դուք լավ գիտեք, որ ես երբեք հակաեվրոպա էլ չեմ եղել բացարձակապես: Այսինքն, իմ կշտամբանքը այս պահին վերաբերում է ոչ թե ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին,այլ այն ավանտյուրիստներին, ովքեր փորձում են այստեղ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ ամեն ինչ պղտորել: Իսկ պղտորելը լավ բանի չի տանի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ