Այսօր լրագրողները երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հարցրեցին՝ խաղաղության պայմանագրի արագացված կնքման գործընթացում ինքնորոշման իրավունքը մի կողմ է դրվել, նաեւ անցել են օնլայն հաղորդակցության, արդյոք սա նշանակում է, որ Արցախն Ադրբեջանին ինտեգրելու ճանապարհով մենք ունենալու ենք խաղաղության պայմանագիր: Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ իրենք ինչ են բանակցում խաղաղության մասին, չեմ կարող հարյուր տոկոսով որեւէ բան ասել, որովհետեւ ինչպես հայտնի է, Հայաստանի կառավարիչները օրը մեջ կարծիք են փոխում եւ նույնիսկ այլ տեղերից հայթայթված փաստաթղթերը միշտ համարում են կեղծ, թե այդպիսի բան չի եղել:
Մենք երբեք չենք փորձել որեւէ կեղծ տեղեկություն մեր հանրությանը հայտնենք, որովհետեւ մենք չենք ուրախանում այն փաստից, որ սրանք այսքան զիջողական են եւ այսքան մեզ ստորացնում են: Ընդհակառակը, մենք մեզ հավասարապես ստորացված ենք համարում այսպիսի անատամ բանակցային գործընթացի համար: Կարող եմ ասել՝ միեւնույն է, նրանց չի հաջողվի իրականացնել գոնե այն գաղափարները, որոնք հիմա փորձում են իրականացնել»:
Հարցին՝ գործող իշխանություններն ասում են, որ Արցախի հարցն ուզում են հայ-ադրբեջանական բանակցություններից, այդ տարանջատումն ինչպե՞ս եք պատկերացնում՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող դա պատկերացնել: Դուք ամեն օր ականատես եք լինում այն տխուր իրավիճակին, որ կա ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, ՀՀ սահմանների շուրջ: Իրենք ինչքան էլ փորձեն դա մեզ ներկայացնեն որպես բանակցային հմտություն եւ բանակցային քաղաքականություն՝ դա իրականությանը չի համապատասխանում: Նրանք ուղղակի փորձում են Արցախը զոհաբերելու միջոցով իրենց կարծիքով փրկել Հայաստանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ