Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյան․ «Օլիմպիական բրոնզից հետո մեջս ավելի մեծ վստահություն կա»

Մարտ 07,2023 22:50

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրեց աշխարհի գավաթի երկրորդ փուլին մասնակցելու նպատակով Քաթար մուտք գործելու ժամանակ մեր պատվիրակության անդամներից մեկի հետ տեղի ունեցած միջադեպի վրա։

«Դոհա ժամանելով օդանավակայանում անձնագրային ստուգումը բոլորս անցանք, սակայն խնդիր առաջացավ Հայկ Նազարյանի հետ, որին առանց որեւէ հիմնավոր պատճառաբանության մոտ մեկ օր պահեցին օդանավակայանում, որից հետո նա ստիպված էր վերադառնալ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն նրան հինգ տարով արգելված է մուտք գործել այդ երկիր։ Հայկ Նազարյանը 2018 թվականին Քաթարում մասնակցել է աշխարհի առաջնությանը ու ոչ մի խնդիր չի եղել, այդ երկրում օրենքի խախտում չի արել։ Այս անգամ էլ մեկնելուց առաջ մենք մեր պատվիրակության կազմը ներկայացրել էինք ու վիզաներն ստացել հենց Քաթարից։

Իհարկե, մեր ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը պատշաճ գրություն կուղարկի պատկան մարմիններին՝ իմանալու պատճառը։ Դա անհրաժեշտ է մեզ, որպեսզի իմանանք, թե ինչն ինչոց է, որպեսզի հաջորդ անգամ իմանանք մեր անելիքը ու փաստի առջեւ չկանգնենք։ Դուք հավանաբար նկատած կլինենք, որ Վահագն Դավթյանին օղակների վրա վարժության համար Արթուրն էր բարձրացնում։ Դրանից տղաները վատ չեն զգում՝ նրանք թիմակից են, մեկ ընտանիք։ Սակայն երեւույթը ինքնին խանգարում, հոգեբանորեն ազդում է մարզիկի վրա»։

Ինքը՝ Արթուր Դավթյանը, գնահատելով իր մրցելույթները՝ ասաց․ «Տարին լավ եմ սկսել ու ամեն ինչ անելու եմ, որ նույն կերպ շարունակեմ։ Լավ պատրաստվել էինք։ Դժվար էր։ Չէի ասի, թե լավագույն մարզավիճակում էի։ Բայց օլիմպիական բրոնզից հետո արդեն վստահություն կա։ Ու փառք աստծո, որ մրցման ժամանակ կարողանում եմ անել այն, ինչ անում եմ մարզումների ժամանակ։ Մի բան կարող եմ ասել, որ Եվրոպայի առաջնությանը ես եւ թիմակիցներս ավելի լավ ենք պատրաստվելու։ Եթե նայենք, արդեն կարողանում եմ 15-ից բարձր գնահատականներ ստանալ։ Օլիմպիական խաղերում 14,8 ու քանիսն էր առաջին տեղը։ Կանոնները փոխվելուց հետո ես իմ մի ցատկը փոխել եմ եւ կարողանում եմ այն լավ ու վստահ կատարել։ Այնպես որ, մրցումների ժամանակ ինձ խանգարող հանգամանք այնքան էլ չկա։ Ամեն ինչ կանեմ, որ վարկանիշ նվաճեմ եւ օլիմպիական խաղերին լավ մասնակցեմ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031