Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավոր Անի Արարատի Մարտիրոսյանին, որը հասցրել է մեկ ամիս աշխատել այս մարզում, տեղափոխում են Երևան։ Բարձրագույն դատական խորհուրդը երեկ հանրապետության նախագահին առաջարկել է Անի Մարտիրոսյանի թեկնածությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու մասին (տես փաստաթղթում)։
Շիրակի մարզի փաստաբանները, որոնք ԲԴԽ-ին տևական ժամանակ է՝ քննադատում են Շիրակի դատարանի հանդեպ «անլուրջ, անհասկանալի վերաբերմունք» ցույց տալու մեջ, այլևս չեն զարմանում նման անակնկալներից։
Փաստաբան Արամայիս Հայրապետյանն Aravot.am-ի հետ զրույցում ափսոսանք հայտնեց՝ նշելով, որ կարճ ժամանակահատվածում Անի Մարտիրոսյանն աչքի է ընկել իր օբյեկտիվ վերաբերմունքով։
Կարդացեք նաև
«Կարճ ժամանակահատվածում Անի Մարտիրոսյանը դրական վերաբերմունք է ստեղծել իր նկատմամբ, նա և՛ իրավաբանությունից է լավ հասկանում, և՛ կամք ունեցող դատավոր է։ Իր կենսագրության ահագին մեծ ժամանակահատված նա Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցչության գրասենյակում է աշխատել, հետևաբար և մարդու իրավունքներն ավելի խորությամբ է պատկերացնում»,-ասաց Արամայիս Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն հունվարի 19-ին որոշում էր կայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական գործեր քննող բոլոր 4 դատավորներին միանգամից տեղափոխել մայրաքաղաք, որն էլ հարուցել էր փաստաբանների զայրույթը։ Իսկ երբ ԲԴԽ-ն նոր նշանակումներ էր կատարել՝ թափուր հաստիքները համալրելով, նրանցից մեկին՝ Մակար Կիրակոսյանին նշանակելուն պես՝ տեղափոխել էին Արմավիրի մարզ։ Նա մեկ օրով էր դատավոր աշխատել Շիրակի մարզում ։
Փաստաբանները բազմիցս բողոքել են, որ նման գործելաոճով մերժվում է արդարադատությունը, խախտվում է մարդկանց իրավունքները, նոր դատավորները զրոյից են սկսում գործերի քննությունը, որի պատճառով դատական պրոցեսները տարիներ են տևում ու անձը մեկ տարի կալանավայրում մնալու փոխարեն մնում է 5 տարի։
Բացի այդ, ըստ փաստաբանների, խախտվում է դատաքննության ողջամիտ ժամկետը, իսկ նման դեպքերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը հարյուր հազարանոց դոլարներ կպարտվի։
Արամայիս Հայրապետյանը նշեց, որ օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է իր ներկայացրած բողոքներից մեկը, իսկ ինքը 7-8 այդպիսի հայցադիմումներ է ներկայացրել, որոնք վերաբերում են ողջամիտ ժամկետի խախտմանը, երկարատև կալանքին, ազատ արձակելու իրավունքին։
Մենք թեմայի շուրջ կլսենք նաև ԲԴԽ-ի պարզաբանումները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ