Լրահոս
Օրվա լրահոսը

«44-օրյային հարց տվեցի Սերժ Սարգսյանին՝ ե՞րբ կհամաձայնի ՀՀ ղեկավարությունը կանգնեցնել պատերազմը, ասաց՝ ես վստահ եմ՝ մինչեւ Շուշին չհանձնի, դա չի լինելու». Շահնազարյան

Մարտ 07,2023 22:40

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսն էր: Այն ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը (2008-2018) և հետնախագահական շրջանի չորս (2018-2022) տարիներին ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նրա  հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները:

Շնորհանդեսի ժամանակ ՀՀ Նախագահի նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը հորդորեց գիրքը կարդալ, ուսումնասիրել ու պատկերացում կազմել բանակցային ողջ գործընթացի մասին. «Մի քանի կարմիր գծեր եւ սկզբունքներ ես կուզեի նշել: Կարմիր գծերից կարեւորագույնը այն է, որ բացառվել է ողջ բանակցային գործընթացի ժամանակ Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Ինչու է այս հարցը չափազանց կարեւոր, որովհետեւ երբ ասում ենք անվտանգություն, անվտանգության բարձրագույն մակարդակը կարգավիճակն է: Այս սկզբունքը պահպանվել է ողջ բանակցային գործընթացում:

Մյուս կարեւոր սկզբունքը, որ կուզեմ նշել՝ Հայաստանն ու Արցախը նույն անվտանգության համակարգում են: Թե դրանց տարանջատումը ինչի է բերում, ցավոք, մենք այդ ամենի ականատեսն ենք: Մյուս կարեւոր սկզբունքը, որով առաջնորդվել է Հայաստանը այդ տարիներին, դա ռազմաքաղաքական բալանսի ապահովումն է: Եթե ռազմականով գնում ենք հետ, ապա քաղաքականով պետք է կոմպենսացնել: Մեծ հաջողությամբ դա հնարավոր է եղել իրականացնել: Մի բան էլ է շատ կարեւոր՝ մեծ միամտություն  ասել, որ Հայաստանը բանակցել է Ադրբեջանի հետ: Ո՛չ, Հայաստանը բանակցել է միջազգային հանրության հետ: Ողջ բանակցային գործընթացում Հայաստանի եւ միջազգային հանրության դիրքորոշումը եղել է մի կողմում, Ադրբեջանինը՝ հակառակ»:

Անդրադառնալով Կազանյան բանակցություններին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց. «Ասեմ Կազանի հանդիպումից հետո ինչ են ինձ ասել եռանախագահող երկու երկրների շատ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ասել են՝ Ալիեւը երկու տարի մեզ խաբում էր եւ մեր քթից բռնած մասն էր տալիս: Հույսերը շատ մեծ էին, որ Կազանում պետք է առաջընթաց գրանցվի: Կազանից հետո՝ 2011-ի հունիսի 24-ին էլի երկու անգամ կրկնեցին եռանախագահող երկրների նախագահները նույնը, ինչ նախորդ երկու  հայտարարություններում: Սրանից լավ ապացո՞ւյց, որ Հայաստանը եղել է միջազգային հանրության հետ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ը՝ դա ընդունեք, որ միջազգային հանրություն է: Այլ տեսակետ լինել չի կարող»:

2016-ի քառօրյա պատերազմի մասին խոսելով՝ Շահնազարյանը համաձայնեց Էդվարդ Նալբանդյանի հետ, որ Ալիեւը հայտնվել էր փակուղային վիճակում ու դա հուսահատական քայլ էր, որի համար նա մեծ դրույք էր կատարել. «Քառօրյան, որը ոչ միայն ռազմական իմաստով դատապարտվեց, այլեւ քաղաքական իմաստով ու իմ գնահատմամբ՝ դրանից հետո սկսվեց բանակցային գործընթացի ամենակարեւոր բարձրակետը: Ի՞նչ տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում:

Օրակարգում 3 կետ էր դրված՝ շփման գծում միջադեպերի միջազգային քննություն, հատուկ սարքերի տեղադրում եւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի թիմի մեծացում: Դա նշանակում էր շփման գծի միջազգայնացում: Եթե 92 թվականին միջազգայնացվեց ԼՂ հակամարտությունը, ապա այդ ժամանակ շատ մոտ էր այդ շփման գիծը ըստ էության միջազգայնացման: Ու պատահական չէ, որ Ալիեւը պաշտոնապես բողոքեց, որ իր վրա շատ մեծ ճնշում կար իսկապես ճանաչելու Լեռնային Ղարաբաղը: Եթե ուշադիր կարդաք մադրիդյան փաստաթուղթը, ըստ էության այդ փաստաթուղթն ընդունելով՝ Ալիեւն ընդունում էր, որ Արցախը իր կազմում չէ, որովհետեւ կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական հետեւանք ունեցող կամարտահայտմամբ»:

Ահա թե ինչպիսի բանակցային ժառանգություն են թողել 2018-ին. Շահնազարյանը ամփոփեց. «Սա օրակարգն էր՝ ըստ էության թակարդ Ադրբեջանի համար՝ Մինսկի խմբով: Այլ օրակարգ  գոյություն չուներ»:

Լավրովի պլանի մասին խոսելով՝ Շահնազարյանն ընդգծեց. «5 շրջան ազատում են, դուրս են գալիս Արցախի զինված ուժերը, 2 շրջան Քելբաջարի եւ Լաչինի միջանցքները մնում են այնքան ժամանակ, քանի դեռ կարգավիճակի հարցը որոշված չէ: Մի քանի փակագծեր էլ բացեմ՝ դուք հասկանո՞ւմ եք, որ դա ըստ էության կա՛մ նշանակում է հավերժ, կա՛մ Ալիեւը պետք է համաձայնի հանրաքվեին: Բոլորը գիտեին, որ հանրաքվե չի լինելու եւ այդ իրավիճակը պահպանվելու է: Այս իրավիճակում է ներկայիս գործող իշխանությունը ստացել բանակցությունը, սա է ժառանգությունը: Մի դրվագ էլ ասեմ՝ այն տարածքները, որտեղից Արցախի զինված ուժերը դուրս էին գալիս, դրանք բոլորը պետք է լինեին ապառազմականացված, սա շատ կարեւոր պահ է: Մադրիդյան փաստաթղթի տարրերի հինգերորդ կետում ասվում է՝ փախստականների եւ տեղահանվածների վերադարձի իրավունք եւ ոչ թե վերադարձ»:

Վերջում Դավիթ Շահնազարյանը մի դրվագ պատմեց. «44-օրյա պատերազմն էր, եթե չեմ սխալվում՝ հոկտեմբերի 21-22, երբ հերթական անգամ  ՀՀ գործող իշխանությունը մերժեց կանգնեցնելու հնարավորությունը, ես Արցախում էի եւ շատ հաճախ խոսում էի հեռախոսով երրորդ նախագահի հետ, հարց տվեցի՝ իր կարծիքով ե՞րբ կհամաձայնվի Հայաստանի ղեկավարությունը կանգնեցնելու պատերազմը: Ասեց ես վստահ եմ՝ մինչեւ Շուշին չհանձնի, դա չի լինելու»:

Շահնազարյանը նշեց, որ Հայաստանը միշտ բանակցել է արժանապատվությամբ, մեր թշնամիները ատել են մեզ, բայց նաեւ հարգել են, իսկ հիմա այս աղետի մեջ ենք. «Մենք ստորանում ենք անընդհատ: Արցախի շրջափակման պայմաններում հսկայական օգնություն է ուղարկվում Թուրքիային, ընդ որում՝ ցուցադրաբար: Շատերը լավ հիշում են, որ մոտ 2-3 ամիս առաջ Թուրքիայի բարձր պաշտոնատար անձերից մեկը հայտարարեց, որ թուրքական անօդաչուները 2020-ի 44-օրյայի ընթացքում ոչնչացրել են Ադրբեջանի թիրախների 75%-ը: Ավելացնեմ մի բան, որ շատերը չգիտեն՝ 44-օրյայի ընթացքում Ադրբեջանը ոչ մի թուրքական անօդաչու թռչող սարք չի ունեցել: Դրանք բոլորը եղել են թուրքական եւ կառավարվել են թուրք սպաների կողմից: Ես պատասխանատու եմ իմ այս հայտարարության համար: Հիմա այս ստորանալը ավելի ծանր է, քան պատերազմի կորուստը: Կարելի է պարտվել, բայց արժանապատվությունը պետք է պահել»:

Դավիթ Շահնազարյանը նաեւ հայտարարեց հետեւյալը. «Որքան էլ փորձեն համոզեն Արցախի իշխանություններին, որ նրանք հայտարարեն, որ համաձայն են լինել Ադրբեջանի կազմում, ես չեմ բացառում, որ Արցախի ներկայիս իշխանությունները նման հայտարարություն կանեն, բայց դա էլ Արցախի հարցի փակում չի նշանակում, ամեն ինչ որոշելու է արցախցին: Դա էլ չի նշանակելու, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է: Եվ այդ մտածելակերպը, թե այդպես Լեռնային Ղարաբաղի հարցը կփակվի, այդպես կարծելով սխալվում են թե՛ Բաքվում, թե՛ Անկարայում, թե՛ այս դիմացի շենքում (հեղ. նկատի ունի` ՀՀ կառավարության շենքը), նաեւ` Մոսկվայում… Չի փակվելու Արցախի հարցը: Առանց Արցախի հարցի բացառված է, որ այս տարածաշրջանում կայունություն հաստատվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ամեն բան խառնվեց Լուկաշենկոի հայտարությունից հետո՝որ Ալիւը հինգ միլիարդ դոլար է առաջարկել յոթ շրջանների վերադարձի դիմաց։Դրանից հետո Էրդոգանը」Լավրովը」Փաշինյանը պայմանավորվեցին մեջ-մեջ անեն այդ փողերը։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031