Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսն էր: Այն ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը (2008-2018) և հետնախագահական շրջանի չորս (2018-2022) տարիներին ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նրա հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները:
Շնորհանդեսի ժամանակ հիշեցրեցին Ադրբեջանի նախագահ Ալիեւի խոսքերը 2016-ի հոկտեմբերի 7-ին՝ կառավարության նիստում, այն է՝ փակ դռների հետեւում միջազգային միջնորդներն իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը: ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բանակցային գործընթացի պատմական ակնարկ ներկայացրեց՝ ինչպես են մադրիդյան սկզբունքներն ընդունվել՝ որպես բանակցությունների հիմք, ինչպես էր տարիների ընթացքում Ադրբեջանը սպառում բանակցային գործիքները՝ իրեն փակուղի մտցնելով, ինչ հայտարարություններ էին անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները. «2013-ի սկզբից Բաքուն ընդհանրապես հրաժարվեց հանդիպումներ ունենալ եռանախագահների հետ ու ագրեսիա կազմակերպեց Ղարաբաղի դեմ՝ փորձելով իր մոտեցումները ուժի միջոցով պարտադրել, սակայն նորից ձախողվեց: Այսպիսով, Բաքուն չհասավ ոչ իր ռազմական, ոչ իր դիվանագիտական նպատակներին»,-այսպես Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ իրենց թիմային դիվանագիտական ձեռքբերումները՝ եզրակացնելով, որ Ալիեւի ձախողումները հենց պատճառ դարձան 2016-ի հոկտեմբերի 7-ի հայտարարության՝ փակ դռների հետեւի խոսակցության մասին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ