Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհի գավաթի փուլերը իրենց մակարդակով, ասես, վերածվել են աշխարհի առաջնության». Հակոբ Սերոբյան

Մարտ 07,2023 21:21

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը եւ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում ամփոփեցին Գերմանիայում եւ Քաթարում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլերի արդյունքները։

Գագիկ Վանոյանը նշեց, որ Քաթարում երկրորդ ոսկե մեդալը նվաճելով՝ Արթուրը, հավաքականի մյուս անդամները նույնպես, մեծ ոգեւորություն են պարգեւել մեր բոլոր հայրենակիցներին։ Դրա համար նա շնորհակալություն հայտնեց ինչպես մարմնամարզիկներին, այնպես էլ մարզիչներին, որովհետեւ հաջողություններն ու նվաճումները ձեռք են բերվում միայն թիմային աշխատանքի շնորհիվ։

Հակոբ Սերոբյանը հատկապես նշեց, որ համեմատած նախորդների հետ, այս տարի անչափ ուժեղ մրցակցություն կա։ «Գալիս են գրեթե բոլոր ուժեղագույնները։ Մասնավորապես, Դոհայում եթե նայում ենք, նույն աշխարհի առաջնությունն էր։ Հենացատկում մասնակցում էր աշխարհի ուժեղագույն եռյակը։ Բոլոր ուժեղագույնները մրցում էին նաեւ Կոտբուսում։ Առանձնապես ուժեղ ու սկզբունքային պայքար էր հենացատկերում, նժույգ թափերում եւ օղակներում։ Արթուրը ապացուցեց եւ բոլորն էլ դա լավ հասկանում էին, որ ինքն է հենացատկերում աշխարհի ուժեղագույնը, որ աշխարհի չեմպիոնն իսկապես ինքն է։ Ես, որպես գլխավոր մարզիչ, տեսնում եւ ուրախ եմ, որ Արթուրն արդեն հաղթողի հոգեբանություն ունի։

Մեր համար անակնկալ եղավ Գերմանիայում, որ  2-րդ տեղը գրավեց երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը։ Առաջին հայացքից չի երեւում։ Բայց արի ու տես, որ նժույգ թափերում աշխարհի չեմպիոնը ընդամենը հինգերորդը եղավ, երկրորդ մրցանակակիրը՝ յոթերորդը»։

Հակոբ Սերոբյանը անդրադարձավ նաեւ հավաքականի ամենափորձառու  Հարություն Մերդինյանին։ «Հարությունն արեց ավելի շատ, քան կարող էին անել սովորական մարզիկները։ Նա դաստակի հետ կապված խնդիր ուներ։ Տեղը գցեցին ու գնաց իր ծրագիրը կատարելու։ Մարզիչը խորհուրդ տվեց, որ բոլոր տարրերը չանի։ Սակայն ցանկությունն այնքան մեծ էր։ Ճիշտ է, վերջում ինչ-որ բան չստացվեց։ Բայց կեցցե Հարությունը, որ չնայած տարիքին, պայքարողի տեսակը պահպանում է։ Հիմա պետք է անենք ամեն բան, որպեսզի նա կարողանա հնարավորինս պատրաստ վիճակում ներկայանալ Եվրոպայի առաջնությանը։ Վստահ եմ, որ Մերդինյանը պատվով կմասնակցի։

Ինչ վերաբերում է Դավթյան Վահագնին եւ Ավետիսյան Արթուրին, վերջինը նույնպես անակնկալ մատուցեց՝ օղակների վրա երրորդ տեղն զբաղեցնելով։ Անկեղծ ասած, այդպիսի հույս չունեինք։ Նույն օղակների վրա մասնակցում էին օլիմպիական չեմպիոնը, աշխարհի երկու չեմպիոններ։ Այսինքն, եռյակի հարցը, կարծես, փակ պիտի լիներ։ Դավթյան Վահագնի մոտ վերջում կանգնելը չէր ստացվում։ Որ նա մեդալ չնվաճեց, քայլերի պատճառով էր։ Բայց չմոռանանք, որ սա մարմնամարզություն է եւ եզրափակիչ ութնյակում տեղ նվաճելը արդեն իսկ հաղթանակ է,»-ասաց նա։

Հակոբ Սերոբյանը անկեղծացավ, որ ինքը որպես հավաքականի գլխավոր մարզիչ որոշակիորեն դժգոհ է եղել մասնակցությունից, թեկուզ հենց Գերմանիայում։ «Սակայն, երբ իմ գործընկերները մոտենում էին, շնորհավորում, որ մրցավայր ժամանել ենք հինգ մարզիկով, որոնցից չորսը մտել են եզրափակիչ, ինչը ցանկացած երկրի համար արդեն իսկ մեծ հաջողություն է, կարծում եմ, որ իրականում այնքան էլ վատ չի եղել։ Հարցն այն է, որ մենք պահանջկոտ ենք ինքներս մեր նկատմամբ։ Եթե աշխատում ես, ուզում ես, որ ավելի լավ լինի։

Աշխարհի գավաթի մնացած երկու փուլերից  Բաքվին, հասկանալի է, չենք մասնակցի։ Իսկ Եգիպտոսում 90 տոկոսով վստահ եմ, որ Արթուր Դավթյանը նաեւ երրորդ ոսկե մեդալը կվերցնի»,-ասաց Հակոբ Սերոբյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031