Գյումրու «Կումայրի արգելոց- թանգարանի» տարածքում գտնվող «ճերմակ հիվանդանոցի» շենքը, որը տեղական նշանակության հուշարձան է, Գյումրու համայնքապետարանի կողմից աճուրդ-վաճառքի է հանվել առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս թեմայի շուրջ պարզաբանում է պահանջել Գյումրու համայնքապետարանից։
Նախարարությանը գրավոր հարցում էր ուղղել Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը, որը կտրականապես դեմ է պատմություն ունեցող այս շենքի օտարմանը։
Վերջինս մեզ հետ ունեցած հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ սա չի բխում քաղաքի բարօրությունից ու շահերից։ Նա առաջարկել էր շենքը վարձակալությամբ տրամադրել, որի շնորհիվ թե՛ քաղաքապետարանի բյուջե գումար կմտնի և թե՛ շենքը կվերանորոգվի։ Վարձակալները պատրաստ են ներդրումներ անելու, շենքը վերանորոգելու, պատմություն ունեցող արժեքավոր գույքն էլ կմնա որպես համայնքային սեփականություն։
Ավագանու անդամին նաև անհայտ էր մնացել, թե ներդրումներ կատարելու համար հայտեր ներկայացրած երեք անձանցից և ոչ մեկին ինչու այն չտրվեց վարձակալության։ Ծրագրերից երկուսը շենքը վերանորոգելու և բուժհաստատություն հիմնելու մասին էին, մեկը՝ ռեստորանահյուրանոցային համալիր։
Կարդացեք նաև
Նշենք, որ շենքը օտարման հանելն աղմկոտ քննարկումների թեմա է դարձել։
Քաղաքապետարանը քաղաքի կենտրոնում գտնվող շենքն աճուրդ -վաճառքի հանելը պատճառաբանում է նրանով, որ այն պահպանելը ծախսատար է, անհրաժեշտ են մասնավոր ներդրումներ։ Շենքի մեկնարկային արժեք սահմանված է 1 միլիարդ 100 միլիոն դրամ։
Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանն էլ, մեջբերելով Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, նաև պատերազմները, կարծիք էր հայտնել, որ քաղաքը չպիտի թողնել մեկ հիվանդանոցի հույսին, անհրաժեշտ է նպատակային գնորդ գտնել։
Ինչևէ, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը նախարարություն հարցում կատարելուց ու պատասխան ստանալուց հետո, հրապարկել է պաշտոնական գրությունը՝ մեկ անգամ ևս ներկայացնելով իր առարկություններն ու իրեն անհայտ մնացած երեք հարցերը։
«Ճերմակ հիվանդանոցի» մասին առնվազն 3 հարց դեռ անպատասխան է:
Հաշվի առնելով, որ Գյումրու Շիրակացի 162 հասցեում գտնվող (Ճերմակ հիվանդանոց) տեղական նշանակության հուշարձան շենքը աճուրդով օտարելու վերաբերյալ որոշումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության մոտ, և առավել շատ են ընդդիմադիր ավագանիների կարծիքը կիսող քաղաքացիները` նշված հարցի շուրջ իմ կողմից ձեռնարկված միջոցառումների հաշվետվողականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով ստորև տեղադրում եմ ԿԳՄՍ նախարարությանը ուղղված իմ դիմումի պատասխանը։
Նախարարությունը հաստատել է իմ մտահոգությունները և հայտնել, որ որոշումը ընդունվել է առանց նախարարության հետ համաձայնեցման և որի հիմքով համայնքի ղեկավարից պարզաբանում են պահանջել։
Միաժամանակ որոշակի թյուրըմբռնումներից խուսափելու համար ուզում եմ փոքր անդրադարձ կատարել նախապատմությանը, որը կմտցի որոշակի հստակեցումներ։
Ըստ էության, «Ճերմակ հիվանդանոցի» շենքը, հուշարձան-շենք լինելուց բացի, նաև պատմություն կերտած շենք է, որը բացառապես կապված է առողջապահության ոլորտի հետ և որը կարելի պահպանել և օգտագործել նույն նշանակությամբ։ Արդյունքում կունենանք մոտ 100 տարվա կենսագրություն ունեցող և ներկայումս գործող հիվանդանոցի շենք-թանգարան։
Այն, որ շենքը ներկայումս գտնվում է անմխիթար վիճակում և ունի վերանորոգման, վերակառուցման կարիք, փաստ է (դրանում առկա է նաև համայնքապետարանի մեղքը, բայց դա այլ թեմա է)։
Ստանձնելով ավագանու լիազորությունները՝ մենք` ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներս, և ի պատիվ կառավարումը ստանձնած մյուս խմբակցությունների, հետաքրքրվել և հետամուտ ենք եղել շենքի ճակատագրով, որի արդյունքում շենքը նախկին վարձակալը վերադարձրել է համայնքին։ Դրանից հետո համայնքապետարանը շենքը վարձակալությամբ տրամադրելու առաջարկ-հայտարարություն է տարածել, որի հիմքով երեք կազմակերպություն ներկայացրել էին հայտեր և որի արդյունքում կազմակերպվել էր հանրային քննարկում։
Հանրային քննարկմամբ ներկայացվել էին առաջարկներ` կատարել ներդրում չորսհարյուր հազարից մեկ միլիարդ դրամի չափով, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան հիմա են ուզում վաճառել, որի արդյունքում շենքը կվերանորոգվեր, կմնար համայնքի սեփականություն և վարձավճարի գումարներն էլ կհարստացնեին համայնքի բյուջեն։ Չտվեցին։ Եվ դրա պատճառը ոչ ոք չգիտի, միայն ենթադրություններ կան։ Եվ որ ոչ կարևոր էր, շահագործվելու էր որպես հիվանդանոց։
Մենք` ընդդիմադիր խմբակցություններս մշտապես հետևողական ենք եղել նշված խնդրի լուծման ուղղությամբ․ համացանցում առկա են բոլոր տեսանյութերը։ Սակայն ի զարմանս մեզ` կարող եմ նեղացնել շրջանակը, ի զարմանս ինձ, ավագանու նիստին ներկայացվում է շենքը աճուրդով օտարելու վերաբերյալ նախագիծ։
Մեր դիտարկումները, որ բացի նրանից, որ այն ներկայացվել է օրենքի խախտմամբ, առկա է նաև հանրային շահ, և պետք է հասարակության լայն շերտերը իրենց կարծիքը հայտնեն, չընդունվեցին մեր գործընկերների կողմից։
Հուսով եմ՝ նախարարությանը ուղղված պարզաբանումը կլինի համոզիչ, փաստարկված, միանշանակ կբխի օրենքից և հանրությունը կիրազեկվի ներկայացված պարզաբանման մասին։ Առայժմ այսքանը։
Հ.Գ. Կարծում եմ՝ վերը նշված փաստերը վերլուծելիս յուրաքանչյուրի մոտ կծագի առնվազն երեք հարց․
1) ինչո՞ւ 2022թ մայիսին շենքը չտրամադրվեց վարձակալության, որի արդյունքում և՛ շենքը կվերանորոգվեր, և՛ համայնքի բյուջեի մուտքերը կավելանային.
2) եթե ներկայացված հայտերը, ենթադրենք, չէին բավարարում համայնքապետարանի պահանջները (ի դեպ, համայնքապետարանի կողմից ոչ մի չափորոշիչ սահմանված չի եղել), ինչու՞ վարձակալությամբ տրամադրելու նոր առաջարկ-հայտարարություն չի հրապարակվել
3) ո՞րն է շենքը օտարելու իրական նպատակը»,-գրել է ավագանու անդամը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ