Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա սպառնաց Արցախի 120 հազարանոց բնակչությանը, որ եթե չհամաձայնվեք, ուրեմն Ադրբեջանն իրեն բնորոշ կոշտ միջամտություն կանի». Սերժ Սրապիոնյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին

Մարտ 07,2023 20:30

«Մենք չենք ասում Արցախին՝ իբրև անկախ պետություն ճանաչել, այլ նախևառաջ նրա ինքնորոշման իրավունքը ճանաչել, որը լրիվ օրինականության սահմաններում է»,-Aravot.am-ի հարցին՝ «Արցախ՝ ճանաչում հանուն փրկության» խորագրով քննարկման արդյունքում ի՞նչ եզրահանգումների եկաք, այսպես պատասխանեց քննարկման մասնակից, գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը կազմակերպեց «Արցախ՝ ճանաչում հանուն փրկության» խորագրով քննարկում, որին մասնակցեցին հասարակական- քաղաքական 23 կառույցներ՝ ՀԿ-ներ, շարժումներ, ներկա էին նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչներ, անհատներ:

Նրա փաստմամբ՝ նաև համաշխարհային կառույցներն են գիտակցում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նրա վստահեցմամբ՝ Արցախի խնդիրը զուտ Արցախի խնդիրը չէ, այլ դրանից նաև մեր խնդիրն է ածանցվում: Սերժ Սրապիոնյանը հայտնեց՝ այսպիսի քննարկումները լինելու են շարունակական, որպեսզի այս իրավիճակից դուրս գալու, այս աղետի դեմն առնելու համար ճանապարհային քարտեզ գտնեն: Նա նշեց, որ բանաձև են ուղարկել ՀՀ ԱԺ բոլոր երեք խմբակցություններին, և ակնկալում են երկու շաբաթվա ընթացքում պատասխան ստանալ:

Հիշեցրինք՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը մտահոգիչ է: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է ակնարկում, Սերժ Սրապիոնյանը պատասխանեց. «Ուղիղ էլ ասաց՝ եթե համաձայնում եք մնալ Ադրբեջանի ենթակայության տակ…սա այլ կերպ, եթե կոպիտ բնութագրելու լինենք, նշանակում է՝ կապրեք, եթե դառնաք ադրբեջանցի: Որևէ մեկը չի ասում, թե ինքն ինչ կապ ունի ադրբեջանցիների հետ ինչ- որ խողովակներով լուրեր ստանալու համար: Նշանակում է՝ համագործակցում է կամ գոնե նրանց հետ չակերտավոր եղբայրաբար լուծում է Արցախի խնդիրը: Նա սպառնաց Արցախի 120 հազարանոց բնակչությանը, որ եթե չհամաձայնվեք, ուրեմն Ադրբեջանն իրեն բնորոշ կոշտ միջամտություն կանի, որը, հասկանում ենք բոլորս՝ ինչ է նշանակում: Դա նշանակում է կամ լավագույն դեպքում Արցախի հայաթափում, կամ Արցախի ոչնչացում: Ցեղասպանություն է նշանակում: Իրեն նախագահ համարողը հենց դա ասաց»:

Ըստ նրա՝ մեզ ոչ մի ընտրության հնարավորություն չեն թողել այս երկրի և այն երկրի ղեկավարները ու շարունակեց. «Դրան  գումարենք նաև Ադրբեջանի ղեկավարությանը, և մեզ ելք չեն թողել: Մենք պիտի դուրս գանք ինքնամոռաց պայքարի: Ուրիշ հնարք չունենք: Ցանկացած ճանապարհով պիտի գնանք ինքներս մեզ փրկելու: Ուրիշ հնարավորություն մեզ տրված չէ: Շատ ակնհայտ մարդիկ հայտարարում են, որ սա արևմտյան Ադրբեջան է, պաշտոնական աթոռները զբաղեցնողները դրան որևէ պատասխան չեն տալիս:

Այսինքն՝  եթե պատասխան չես տալիս, նշանակում է՝ համաձայն ես, որ սա արևմտյան Ադրբեջան է: Ես էլ արևմտյան Ադրբեջանից չեմ: Ես ըստ էության ամենամաքուր հայաստանցի եմ, ծնվել, մեծացել եմ Արմավիրի մարզում, այն իմ պապենական գերեզմանատունն ունի, պապենական հարսանքատունը: Եթե պիտի Արմավիրը վերածվի արևմտյան Ադրբեջանի, ավելի լավ է ես մեռնեմ իմ ամբողջ գերդաստանով, քան ես արևմտյան ադրբեջանցի դառնամ: Ինձ նման մտածողները բարեբախտաբար այսօր ՀՀ-ում շատ են: Մեկն արմատական շամշադինցի է, մեկը արմատական արմավիրցի է:

Այսինքն՝ շատ լավ հայեր կան, որոնք կգնան ցանկացած սահմանադրական և ոչ սահմանադրական ճանապարհով: Այդ մասին մենք չենք թաքցրել, բանաձևում, որ ներկայացրել ենք ԱԺ-ին, նշված է: Մենք դե յուրե խորհրդարանական երկիր ենք, ԱԺ-ն պիտի խնդիրները լուծի, ասել ենք կգնանք համահայկական անհնազանդության: Ինչ կանեն, թող անեն: Մենք շատ լավ գիտենք, որ մենք մեծ բախումների ճանապարհին կարող է վերջանանք էլ, բայց երբեմն վերջանալն ավելի շատ ընդունելի է, քան ստրկաբար, սողեսող գոյատևելը: Գոնե մենք այդ կարծիքին ենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031