Սա հետաքննական լրագրության շատ լավ նյութ է, թե ինչպես են առաջադիմական գաղափարների ներքո կարողանում առաջ մղել հետընթաց կարգավորումներ պարունակող օրենսդրական նախաձեռնությունները: Ընդ որում, առաջին անգամ այն կանխելուց հետո, 2-րդ անգամ՝ իբր արված փոփոխություններով, այնինչ խնդրահարույց հոդվածները պահպանելով: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում հայտարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագիծ. տեղեկատվության ազատության նոր սահմանափակո՞ւմ» թեմայով քննարկմանը:
Հիշեցնենք, որ 2-րդ անգամ փորձ է արվում կյանքի կոչել այս օրենքը՝ առաջին անգամ փորձ է արվել 2020թ.-ին, այն ժամանակ հայտարարվել էր, որ հակասում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին և Օրհուսի կոնվենցիային: Երկրորդ անգամ, տարվա հունվարի 16-ին կրկին, ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանն օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ էր դրել «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են համատեղ մասնագիտական կարծիք նախագծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն պարունակում է միջազգային չափանիշների, լավագույն միջազգային փորձի, ինչպես նաև գործող օրենսդրության համեմատությամբ մի շարք հետընթաց կարգավորումներ՝ հանգեցնելով տեղեկատվության ազատության իրավունքի անհիմն և անհամաչափ սահմանափակման զգալի ռիսկերի:
Հայտարարությանը միացած հասարակական կազմակերպությունների թվում են նաև «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» և «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամը, որոնց ներկայացուցիչները մասնակցում էին այս քննարկմանը: Ի դեպ, կազմակերպիչները քննարկմանը մասնակցելու հրավեր էին ուղարկվել նաև նախագծի հեղինակ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանին, որը սակայն մերժել էր հրավերը։
«Չնայած իրենք հիմնավորումներում անընդհատ հղում են կատարում Օրհուսի կոնվենցիային, բայց սա կոնվենցիայի ոգուն համապատասխան չէ: Իսկապես պետք է լրագրողական հետաքննություն անցկացնել և պարզել, թե ու՞մ շահերից է բխում այսպիսի օրինագիծ առաջ մղելը, ինչպես է առհասարակ այդ շղթան գոյացել և ի վերջո այսպիսի արդյունք ստացել»,-նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ գոյություն ունեցող օրենսդրությունը բավականաչափ կարգավորում է տվյալ խնդիրը և էկոլոգիական կազմակերպությունների հավաստմամբ էլ լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն չկա: Նրա խոսքով, այն ընդհանուր ձևակերպումները, որոնք լայն սուբյեկտիվիզմի տեղ են թողնում պարզապես վտանգավոր են: «Այն բացառությունները, թե ինչ տիպի տեղեկատվություն կարելի է մերժել արդեն իսկ բավարար են, ընդ որում՝ մերժումների ցանկն այնպիսին է, որ մերժողներին մնում է միայն ընտրել որին համապատասխանեցնել, որպեսզի մերժեն: Մինչդեռ էկոլոգիական տեղեկատվության ամբողջ իմաստն այն է, որ դա համընդհանուր հետաքրքրության տեղեկատվություն է, հանրային շահ է հետապնդում և ցանկացած տվյալ, որը պետական գաղտնիք չէ՝ պետք է հրապարակվի, իսկ էկոլոգիայի ոլորտում շատ քիչ են այդպիսի գաղտնիքները»,-ասաց Մելիքյանը: Նրա խոսքով, ստացվում է, որ ներկայացված նախաձեռնությամբ ցանկացած էկոլոգիական տեղեկատվություն մերժման է դատապարտված: Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ, վերջին շրջանի օրենսդրական նախաձեռնությունների մեծ մասը խոչընդոտում են տեղեկատվության ազատությանը, մասնավորապես «Ռազմական դրության մասին» նախագիծը:
Կարդացեք նաև
Քննարկմանը ներկա «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամի ղեկավար Գենյա Պետրոսյանը ևս պնդեց, որ օրինագծի հիմնավորումներում հղում է արվում Օրհուսի կոնվենցիային, սակայն «ոչ միայն անհիմն ու անտրամաբանական է, նաև անհասկանալի է կոնվենցիայից ընդհանրական ձևակերպումների արտագրելը օրինագծում: Օրինակ, միջազգային հարաբերություններին, ազգային անվտանգությանը պաշտպանության վրա բացասական ազդեցություն ունեցող տեղեկատվության սահմանափակումը. սա իրականում խոսքը գնում է պետական, ծառայողական գաղտնիքի կարգավորմանը, այսինքն նման լայն նպատակի ձևակերպումն արդեն պետության ներսում կա և մեր երկրում կարգավորում է «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը», նշեց Պետրոսյանը: Նա անհիմն ու անհասկանալի որակեց այս օրինագիծը, որով 30 տարի հետընթաց է արձանագրվելու:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ