Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այդքան դուխ ունես, արի գնանք Շուշիում խոսենք»․ արցախցին՝ խաղաղապահին, որը պահանջել է ճանապարհը բացել

Մարտ 07,2023 19:50

Ինչպես հայտնել էինք, արցախցիներն այսօր փակել էին Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորամասի տեղակայման վայրի մուտքը՝ պահանջով, որպեսզի խաղաղապահները կատարեն նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված պարտավորություններն ու արցախահայության անվտանգության ապահովումը։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ հանդիպման պահանջն անպատասխան մնալուց հետո բնակիչները ճանապարհ փակեցին, ինչի ժամանակ վիճաբանություն եղավ խաղաղապահներից մեկի հետ։

Զինվորական հագուստով տղամարդը ռուսերենով պնդել է, որ ուզում է ճանապարհը շարունակել, սակայն բողոքի ցույց անողները մեքենաներով փակել են այն։ «Եթե այդքան դուխ ունես, արի գնանք Շուշիում խոսենք», – ասել է միջադեպը նկարահանող հայ օգտատերը։ Լեզվակռիվը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ։

Հայ ցուցարարները փորձել են բացատրել, որ իրենք եկել են ոչ թե ՌԴ խաղաղապահներին վռնդելու, այլ պահանջելու, որպեսզի իրականացնեն իրենց գործառույթները։ «Այն, ինչ դուք եք անում, ինձ չի հետաքրքրում, ես ուզում եմ ճանապարհը բացեք, որ մթերքը տեղ հասցնեմ, ես սերժանտ եմ», – ասել է խաղաղապահը։ «Հա՜, որ փողդ ստանա՞ս», – պատասխանել է Արցախի բնակիչը։

«Սա ավտոպարկ է, հրամանատարն այստեղ չէ, այնտեղ է», – ասել է մեկ այլ ռուս խաղաղապահ ու հավելել, որ մինչեւ այդ Ուկրաինայում է կռվել։ Հայ օգտատերն ասել է՝ ուրեմն լավ կիմանաս դա ինչ է եւ լավ կիմանաս, որ մենք հիմա շրջափակման մեջ ենք։

«Ձեզ թվում է մենք մարդ չե՞նք, չենք հասկանո՞ւմ»,-ասել է խաղաղապահը։ Լեզվակռիվը թեժացել է։

Մեկ այլ դրվագում ճաղավանդակից այն կողմ գտնվող ռուս հրամանատարը, որին Արցախի բնակիչը դիմել է «փոխգնդապետ»-ով, պահանջները լսելիս հարցրել է․ «Իսկ ձեր հրամանատարությունն ինչո՞ւ չի ուզում գա մեր հրամանատարության մոտ ու տեղ հասցնի այդ խնդիրները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031