Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա դատարկաբանություն էր, ինչպես իրենց արած յուրաքանչյուր այլ բան». Զոհվածի մայրը` ԱԺ քննարկման մասին

Մարտ 07,2023 19:30

«ՊՆ-ի շները, կներեք էդպես ասում, որ այսօր այստեղ վերընկած են, 12 ամիս ոչինչ չեն արել, որ պարզեն իմ երեխայի ճակատագիրը, իմ երեխան անհետ կորած էր. վերջում մեր ծնողական համայնքի ջանքերով ռուս խաղաղապահների միջոցով 2021-ի նոյեմբերին Ադրբեջանը նոր հանձնեց մեր երեխաների մասունքները։ Նստած խոսում են երաշխիքների մասին, ես ասացի՝ առաջին երաշխիքն այն պետք է լինի, որ չտանեք մեր երեխեքին մորթեք: Եթե այդ երաշխիքը կապահովեք, հետո եթե կլինեն դեպքեր, որոնք ձեր վերահսկողությունից դուրս են, հասկանալի է, պատերազմող երկիր ենք, այդ դեպքում էլ պետք է ունենանք առաջնահերթություններ»,- այսօր այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց  44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:

Նշենք, որ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմում զոհվածների մայրերի մասնակցությամբ փակ կարգով քննարկվում էր պատերազմում զոհվածների ընտանիքներին սոցիալական երաշխիքներ տրամադրելու մասին նոր օրենքի նախագիծը։

Հայկ Մելիքյանի մայրը հայտնեց, որ իրավասու պաշտոնատար անձանց փոխանցմամբ «հների պատճառով նոր դեռ 2004 թվականի  ընտանիքներին են հասել բնակարանային ապահովման մասով» , այսինքն, պնդում է Նաիրա Մելիքյանը, մինչև հասնեն 2020 թվականին, կարող է մեր ընտանիքների մեծ մասը քաղցից կամ այլ խնդիրներից չլինեն։

«Սա դատարկաբանություն էր, ինչպես իրենց արած յուրաքանչյուր այլ բան։ Ես կոնկրետ օրենքի նախագծի դեմ որևէ բան չունեմ, բայց ինձ ֆիզիկապես տհաճ էր մույն սենյակում գտնվել էդ մարդկանց հետ, որոնք մեր երեխաներին տարել ու մորթել են, մարմինները չեն հավաքել, փոշիացրել են, իսկ այսօր եկել ու խոսում են երաշխիքների մասին։ Այ ողորմելիներ, ձեր երաշխիքները պահեք ձեզ։ Մենք շատ կուզեինք էս իրավիճակում չհայտնվեինք ու էդ երաշխիքները նվիրեինք ձեզ»,- ամփոփեց Նաիրա Մելիքյանը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031