Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Բեքսթեյջ» ֆիլմը, որը Հայաստանը, Գերմանիան և Լյուքսեմբուրգը ներկայացնող կինոընկերությունների համատեղ արտադրություն է, ներառվել է Արևելյան Եվրոպայի կարևոր փառատոներից մեկի՝ Սոֆիայի միջազգային կինոփառատոնի անավարտ ֆիլմերի աջակցության Sofia Meetings ծրագրում։
Մարտի 24, 25-ին կկայանան ծրագրի ֆիլմերի աշխատանքային հատվածների ցուցադրումներն ու հեղինակների պրեզենտացիաները, իսկ 25-26-ին՝ Grand Hotel Sofia-ում, դեմ առ դեմ հանդիպումները ներդրողների, դիստրիբյուտորների, կինոփառատոների ծրագրավորողների հետ։
Sofia Meetings-ը ֆիլմերի համատեղ արտադրության միջազգային շուկա է, որ տեղի է ունենում ամեն տարի՝ Սոֆիայի միջազգային կինոփառատոնի օրերին: Սոֆիայում հավաքվում են ոլորտի ավելի քան 700 պրոֆեսիոնալներ՝ ռեժիսորներ, պրոդյուսերներ, դիստրիբյուտորներ, կինոշուկաների, կինոֆոնդերի ներկայացուցիչներ, վաճառքի գործակալներ, հեռուստատեսային գնորդներ և խոշոր կինոփառատոների ներկայացուցիչներ՝ բացահայտելու ծրագրում ընտրված նոր ֆիլմերը։
«Բեքսթեյջը» հայկական կինոյի պատմության միակ ֆիլմն է, որի պետական աջակցությունը կասեցվել է ազգային կինոկենտրոնի կողմից և որի հեղինակը ներգրավված է եղել ֆիլմի դեմ հարուցված քրեական գործում։ Ֆիլմի արտադրությունը վերսկսվել է քրեական գործի կարճումից հետո, երբ առաջ քաշված մեղադրանքներից ոչ մեկը չի հաստատվել։
Կարդացեք նաև
Կուլիսային խարդավանքների ֆոնին ծավալվող սիրային եռանկյունու դրամատիկ այս պատմությունը ի ցույց է դնում այն ծածուկ շղթաները, որոնք ավտորիտար հասարակություններում չինովնիկները կիրառում են արվեստագետների դեմ՝ նրանց անհնազանդությունը սաստելու, ազատությունը կառավարելու համար։
Ֆիլմի իրավատերն է հայկական «Էնսո ֆիլմզ» ընկերությունը։ Միջազգային համաարտադրողները՝ «Քլևեր Փրոդաքշն» (Գերմանիա), «Վադի Ֆիլմզ» (Լյուքսեմբուգ) ։ «Ուան մեն ստուդիո փրոդաքշնը» և «Գրեյմարկ-45» ստուդիան հայաստանյան համաարտադրողներն են։
Սոֆիայում «Բեքսթեյջը» կներկայացնեն պրոդյուսեր, Էնսո Ֆիլմզ ընկերության հիմնադիր Անի Գալստյանը և ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը։
Մամուլի հաղորդագրություն