Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ վարչապետին ուղեկցած շարասյան ոստիկանը փորձել է 108կմ/ժամ-ով մտնել Լեոյի խաչմերուկ․ «Չի ստացվում, հնարավոր չէ»

Մարտ 07,2023 17:59

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում 2022թ․-ի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունն ուղեկցած՝ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար, մայոր Արամ Նավասարդյանի կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական նիստում այսօր որպես վկա հարցաքննվեց ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարի տեղակալ Մարատ Սիմոնյանը։

«Ես երկրորդն եմ շարժվել՝ Արամի հետեւից եմ գնացել։ Հասնելով խաչմերուկ՝ տեսել եմ, որ այն ապահովված է եղել, մտել եմ, հաղորդել եմ, որ խաչմերուկն ապահովված է։ Աջ մասում նկատել եմ ընկած պլաստմասե իրեր, ցելոֆան։ Չեմ հասկացել ինչ է, չեմ հաղորդել, ուղղակի ասել եմ՝ աջից ուշադիր։ Մի քիչ վերեւ տեսա, որ Նավասարդյանը դանդաղեցրեց ընթացքը եւ կանգնեց։ Կապով լսեցի, որ շտապօգնություն են կանչում։ Իմացա, որ վրաերթ է եղել»,-դատարանին պատմեց նա։

Հանրային մեղադրող Ալավերդյանը հարցրեց․

-Արամ Նավասարդյանը ձեր տեսադաշտո՞ւմ է եղել։

Վկա Մարատ Սիմոնյան-Նա միշտ եղել է իմ տեսադաշտում։

Հանրային մեղադրող-Այդ դեպքում պետք է նկատած լինեիք վրաերթը։

Վկա Մարատ Սիմոնյան-Դիրքն այնպես է, որ այդ պահն ընդհանրապես չեմ տեսել, որովհետեւ շրջադարձ կար։

Հանրային մեղադրող-Ի՞նչ արագությամբ է Արամ Նավասարդյանը երթեւեկել։

Վկա Մարատ Սիմոնյան-Բոլորս էլ կարծում եմ 60-70կմ/ժամ։ Առջեւի երթեւեկողներն աշխատանք են անում։ Եթե խոչընդոտ կա, կամ եթե պետք է դանդաղեցնել․․․դրա համար արագությունը տարբեր է։

Հանրային մեղադրող-Դիմացի մեքենան ավելի արա՞գ է գնացել։

Վկա Մարատ Սիմոնյան-Չէ, նույնը։

Հանրային մեղադրող-Չէր կարո՞ղ կանգնել։

Վկա Մարատ Սիմոնյան-Ոչ, որովհետեւ հետեւից շարասյունն էր գալիս։ Տեղ չուներ։ Եթե կանգներ, շարասյունը եւս պետք է կանգներ։

Հանրային մեղադրող-Հնարավո՞ր չէր կայանել։

Վկա Մարատ Սիմոնյան-Ոչ։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյան-Ո՞վ է հրահանգել ինչ-որ արագությամբ քշել, ի՞նչ արագությամբ է հրահանգել։

Վկա Մարատ Սիմոնյան-Վաշտի հրամանատարը։ Արագության մասին բան չկա, մեր ամեն օրվա աշխատանքն է։

Րաֆֆի Ասլանյան-Դո՞ւք եք որոշում։

Վկա Մարատ Սիմոնյան-Այո, ըստ եղանակի, ըստ երթեւեկության ծանրաբեռնվածության։

Րաֆֆի Ասլանյան-Գիտե՞ք, որ հատուկ տրանսպորտային միջոցների համար առավելագույնը 100կմ/ժամն է։

Վկա Մարատ Սիմոնյան-Այո:

Րաֆֆի Ասլանյան-Բա ինչպե՞ս եք որոշում կոնկրետ ինչ արագությամբ երթեւեկել։

Վկա Մարատ Սիմոնյան-Ըստ թողունակության, եղանակի։ Օրինակ՝ Իսակովի պողոտայում կարող ենք 100 կմ/ժամ արագությամբ երթեւեկել, իսկ կենտրոնում հնարավոր չի։

Րաֆֆի Ասլանյան-Իսկ լինո՞ւմ է հրահանգ շատ արագ քշել, որովհետև ուշանում եք։

Վկա Մարատ Սիմոնյան -Նման բաներ չկա։

Րաֆֆի Ասլանյան-Ըստ տեսագրության, տուժողի ընկած տեղը մեկ երթեւեկելի գոտի էր զբաղեցնում, եւսը մեկը մնացել էր։ Տուժողի գոտիում Արամ Նավասարդյանը կարո՞ղ էր կանգնել։

Վկա Մարատ Սիմոնյան-Ոչ, տեղ չկար։

Րաֆֆի Ասլանյան-Որ տեղ լիներ, կկանգնե՞ր։

Վկա Մարատ Սիմոնյան-Այո։

Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյան-Գործում տվյալներ կան, որ Նավասարդյանը վրաերթի պահին երթեւեկել է 108 կմ/ժամ արագությամբ։ Կարո՞ղ էր։

Վկա Մարատ Սիմոնյան-Մի բան կարող եմ միայն ասել։ Դեպքից հետո շոկի մեջ էինք, որ իմացանք այդ արագություն է եղել։ Ես անձամբ մի քանի անգամ փորձել եմ այդ արագության տակ խաչմերուկ մտնել։ Գիշերային ժամերին՝ ծառայողական մեքենայով։ Փորձել եմ գոնե 80-90-ով մտնել, չի ստացվել։ Դա աբսուրդ է, հնարավոր չէ մտնել։

Րաֆֆի Ասլանյան-Որ ասում եք չեմ կարողացել, ի՞նչ է ձեզ խանգարել։

Վկա Մարատ Սիմոնյան-Չեմ կարողացել։ Մեքենան չի մտել։

Րաֆֆի Ասլանյան-Պրոֆեսիոնալ վարորդ եք չէ՞, ի՞նչն է խանգարել։

Վկա Մարատ Սիմոնյան-Այո։ Հնարավոր չի։

Ապա Րաֆֆի Ասլանյանն իր հերթին հայտարարեց, որ ինքն էլ է փորձել եւ ավելին՝ անգամ 130կմ/ժամ արագությամբ է հնարավոր այդ խաչմերուկ մտնել, ընդ որում՝ գործի նյութերում տվյալներ կան, որ Արամ Նավասարդյանն արագությունն իջեցրել է, հետեւաբար պարզ չէ՝ 108կմ/ժամ արագությամբ երթեւեկելուց առաջ ի՞նչ արագություն է իրականում ունեցել։ «Դե եկեք փորձենք, հնարավոր չի»,-պնդեց վկա ոստիկանը։ Ասլանյանը նկատեց, որ վկան կասկածի տակ է դնում փորձագետի եզրակացությունը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արամ Նավասարդյանը շարասյան առջեւից ընթացող իր մեքենան վարել է սահմանված 100 կմ/ժամը գերազանցող՝ նվազագույնը 108,7 կմ/ժամ արագությամբ․ երթեւեկության վտանգավոր պահից սկսած (որը նա ի վիճակի է եղել հայտնաբերել) Արամ Նավասարդյանը քայլեր չի ձեռնարկել՝ արագությունն իջեցնելու համար, ընդհուպ մինչեւ տրանսպորտային միջոցը կանգնեցնելը, եւ ժամանակին չի դիմել արգելակման, ստեղծել է վթարային իրադրություն եւ մեքենայի առջեւի աջ մասով վրաերթի է ենթարկվել հետիոտների համար նախատեսված լուսացույցի կանաչ լույսի առկայության պայմաններում գծանշումների վրայով Պարոնյան փողոցը հատող՝ 31 շաբաթական հղիություն ունեցող Սոնա Մնացականյանին։ Բացի այդ, ըստ մեղադրանքի, Արամ Նավասարդյանը թողել է ՃՏՊ-ի վայրը եւ հեռացել։

Դեպքի ժամանակ խաչմերուկը կարգավորած ոստիկանի ցուցմունքը՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031