Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Պաշտպանական համակարգը ամրանում է եւ ամեն ինչ արվում է, որպեսզի մենք ունենանք ավելի պաշտպանված պետություն եւ մարտունակ բանակ». Արման Սարգսյան

Մարտ 07,2023 17:47

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Հարցերը վերաբերում էին օրերս Արցախի նկատմամբ տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիային, երեկ՝ ՀՀ-ում Սոթքի հատվածում հնչած կրակոցներին: Այս եւ մնացյալ հարցերին փոխնախարարի պատասխանը մեկն էր՝ ՊՆ-ն ունի լրատվական ծառայություն, որը անմիջապես տեղեկատվություն տարածում է:

Արցախի հետ կապված հնարավո՞ր է էսկալացիա՝ հարցը մնաց անպատասխան:

«Լրացուցիչ հարցերին չեմ ցանկանում պատասխանել»,- ասաց փոխնախարարը:

Խոսելով զոհվածների ծնողների հետ փակ հանդիպումից, որին մասնակցում էր նաեւ փոխնախարարը եւ պատասխանելով հարցին, որ ծնողները դժգոհ են մնացել հանդիպումից, Արման Սարգսյանն ասաց, որ դժգոհությունը եղել է ոչ թե իր աշխատանքից, այլ նրանից, որ քննարկվող նախագիծը աշխատանքային կարգով քննարկումների համար դուրս է եկել շրջանառությունից, բայց վստահեցրեց, որ աշխատանքային քննարկումներից հետո, նախագիծը իր տրամաբանական հանգրվանին կհասնի: Քննարկվող նախագիծը վերաբերում է զոհվածների ընտանիքներին սոցիալական երաշխիքներ տալու հարցին: Փոխնախարարը պատասխանեց, որ շատ հարցեր այլ նախագծերով արդեն կարգավորված են, որոշներն այս նախագծով չպետք է կարգավորվեն. այժմ այդ իրավական կարգավորումներն են ընթանում:

«Պաշտպանական համակարգը ամրանում է եւ ամեն ինչ արվում է, որպեսզի մենք ունենանք ավելի պաշտպանված պետություն եւ մարտունակ բանակ»,- հայտարարեց Արման Սարգսյանը՝ վստահեցնելով, որ ինչ անհրաժեշտ է արվում է ու չմանրամասնելով, թե ի՞նչ է անհրաժեշտ կամ ի՞նչ է արվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031