Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանի նմանօրինակ հայտարարությունները քրեական հետապնդման ենթակա են. Էդուարդ Շարմազանով

Մարտ 07,2023 16:34

«Ինչո՞ւ հիմա եւ ինչո՞ւ է ակտիվացել Ալիեւը: Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմից հետո Ալիեւը գիտակցելով, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչակարգի՝ ունեն մեծ նվեր, խոշոր շահում, փորձում են Հայաստանից եւ Արցախից վերցնել հնարավորինս շատ, իսկ հնարավորության դեպքում՝ ամբողջը»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսում կարծիք հայտնեց ՀՀ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ դատապարտելով օրերս Արցախի նկատմամբ տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիան՝ հավելելով, որ դա հերթական անգամ ի ցույց է դնում ադրբեջանական պետության ահաբեկչական բնույթը, Ալիեւի՝ Արցախը կլանելու օրակարգը, պանթուրքիզմի ծրագրերը՝ տարածաշրջանում հայկական գործոնի վերացմանն ուղղված, Հայաստանի՝ «թուրքական պետության շահը սպասարկող նիկոլիստական ռեժիմի ֆիասկոն»:

Բանախոսը պնդում է՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Ալիեւ-Փաշինյան հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը վերջնական համաձայնություն է տվել՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու. դրա մասին խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, որ դրանից հետո, Սոչիում կայացած հանդիպման ժամանակ, Ալիեւը եւ Փաշինյանը համաձայնության էին եկել, որ Արցախը պետք է հանձնել Ադրբեջանին՝ Ալմա-Աթայի ինչ-որ համաձայնագրով ու դա ոչ ՔՊ-ականները, ոչ էլ ադրբեջանական կողմը չեն հերքել: Դավաճանական որակելով այդ գործելաոճը, Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ դա 2018-ին սկսված գործընթացի տրամաբանական շարունակությունն էր:

Անդրադառնալով Մյունխենի անվտանգության կոնֆերանսում Ադրբեջանի նախագահի ելույթին էլ, Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ այնտեղ ևս Ալիեւը խոսեց Նիկոլ Փաշինյանի կապիտուլյանտ լինելու եւ հայ ժողովրդի կապիտուլյացիան ամրագրելու մասին, որ Արցախը որեւէ կարգավիճակ չի կարող ունենալ ու այդ ամենին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը լռեց՝ չպատասխանելով անգամ հայ ժողովրդին ուղղված վիրավորանքներին, չխոսելով արցախցիների ինքնորոշման իրավունքի մասին՝ հիշեցնելով «թավշյա» հեղափոխության ու դրան հաջորդած օրերին Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների մի շարք հայտարարություններ՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», «Ակնան իմ հայրենիքն է» եւ այլն:

Էդուարդ Շարմազանովն այս ամենի տրամաբանական շարունակությունն է համարում նաեւ օրերս ԳԴՀ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների մասին խոսելը՝ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի փոխարեն՝ հեգնելով, որ Ստամբուլի հայերն էլ իրավունքներ ունեն, որպես այդ երկրի քաղաքացիներ, Մոսկվայի հայերն էլ, Իրանի հայերն էլ պատգամավոր ունենալու քվոտա ունեն անգամ: Այն, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանն այսօր, ըստ ընդդիմադիր գործչի, հազարապատիկ անգամ ավելի ցածր է, քան 1988-ին՝ արցախյան զարթոնքից առաջ կար:

Իլհամ Ալիեւի շտապողականությունը, տվյալ պարագայում, Էդուարդ Շարմազանովի համար հասկանալի է, քանի որ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի վարկանիշը, ըստ տարբեր վերլուծությունների, հասել է իր պատմական նվազագույնին. «2024 թվականին այլեւս Նիկոլն իշխանության չի լինելու. սա հասկանում են եւ Թուրքիայում, եւ Ադրբեջանում, այդ թվում նաեւ Արեւմուտքում: Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո նրանց վարկանիշն այդ մակարդակին չի եղել»: Իր եւ ՔՊ-ի վարկանիշի անկման գիտակցմամբ է Էդուարդ Շարմազանովը պայմանավորում Նիկոլ Փաշինյանի շտապողականությունը եւ ադրբեջանական վերջին դիվերսիան, կարծում է, որ այս ամենի հետ ուղիղ կապ ունի, որպեսզի «վերջին մեխը խփեն Արցախի պետականությանը. բայց դա չի ստացվելու»:

Ընդդիմադիր գործչին բարկացրել է ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանի՝ երեկ արած հայտարարությունն այն մասին, որ Արցախի ինքնորոշման իրավունքը արցախցիների անքակտելի իրավունքն է եւ իրենք դեմ են այլ ճանապարհով հարցի քննարկման, բայց եթե Արցախում կան գործիչներ եւ ուժեր, որոնք ցանկանում են քննարկել Ադրբեջանի հետ ինտեգրումը՝ նրանք ազատ են իրենց քննարկումներում:

«Արցախի ինքիշխանությունը եւ Արցախի անկախությունը քննարկման ենթակա չեն, էս ի՞նչ եք ասում: Դավաճանությունը պոզով-պոչո՞վ է լինում: Այսինքն, ես չեմ անի, թող ուրիշը գա անի՞ : Այսօր Արցախի իշխանությունը Նիկոլի նման ձեռքերը լվանում է Արցախից: Նիկոլն էլ է դա անում, ասում է՝ ես ձեռքերս լվանում եմ, ռուսական կողմի պատասխանատվության տակ է, խաղաղապահները թող անեն: Նույնն էլ Արայիկն է ասում, ասում է՝ ես դեմ եմ, ես չեմ անի, բայց եթե կա մարդ, որ կանի… 1991 թվականի դեկտեմբերի 1-ին, Արցախի ժողովուրդն 99 տոկոսով ասել է իր կարծիքը՝ հանրաքվեի ժամանակ քվեարկելով, որ Արցախը պետք է լինի անկախ, մի քանի անգամ էլ Սահմանադրություն է ընդունել»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ զարմանալով, թե ինչպե՞ս կարելի է անցնել կարմիր գծերը, անգամ ծանր պայմաններում: Ինքը կարծում է, որ Արայիկ Հարությունյանի նմանօրինակ հայտարարությունները քրեական հետապնդման ենթակա են: Ամեն դեպքում, Արայիկ Հարությունյանի նման հայտարարությունները նա համարում է «Նիկոլի դավաճանական քաղաքականության» արդյունք:

Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը Էդուարդ Շարմազանովը կրկին համարում է թուրք-ադրբեջանական օրակարգին ընդառաջ գնալ: Իր գնահատմամբ, նման իրավիճակի չէինք հանգի, եթե Նիկոլ Փաշինյանն ինքը չխախտեր 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնությունը՝ հայաթափելով Սուսը, Բերձորն ու Աղավնոն եւ դրանք Ադրբեջանին հանձնելով:

Էդուարդ Շարմազանովը զգուշացնում է՝ եթե Արցախը հանձնվեցինք, վաղը Հայաստանում են հայտնվելու ուժեր, որոնք կասեն ՀՀ ինքնիշխանությունը սպառնում է մեր անվտանգությանը, եկեք հանձնվենք Հյուսիսին, Հարավին կամ չգիտեմ ում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031