Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմինե Օհանյան․ Չեմ կարող թվարկել որեւէ բան, որը միավորում է մեր հասարակությանը։ Իրական ողբերգությունն այս է

Մարտ 07,2023 15:54

«Մեր հասարակությունը շատ խայտաբղետ է, եւ շատ ավելի փոքր սեգմենտներից է կազմված, քան գուցե այլ երկրների հասարակությունները։ Մանավանդ 2018-ից հետո կարծես թե շատ ավելի մեծացան մեր տարաձայնությունները հանրային դաշտի տարբեր սեգմենտների միջեւ։ Դա գալիս է նրանից, որ գուցե առաջ մենք ունեինք միասնական գաղափարներ, նպատակներ, երազանքներ, ինչ-որ հարցեր կային, մենք միասին էինք, նման էինք մտածում»,-այս մասին այսօր «Հայկական օրակարգ․ կանայք պատմական այս դժվար փուլում» քննարկման ժամանակ ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

Նրա խոսքով՝ 2018-ից հետո այդ նպատակներն ու երազանքները, գաղափարներն այնքան փոշիացան, մանրացան, որ հասարակությունը խիստ պառակտվեց եւ դարձավ մի խայտաբղետ բազմություն, որը մի կողմից շփոթահար է, կորցրել է ուղենիշը, չգիտի՝ ի՞նչի համար է ապրում, ո՞րն է իր նպատակը, ինչի՞ շուրջ ինքը եւ իր հարեւանը կարող են ունենալ ընդհանուր դաշտ, եւ մյուս կողմից էլ չի կողմնորոշվում, թե ինչ անել, որպեսզի ավելի լավ ապրի, ավելի լավ երկիր ունենա․ «Այս խառնաշփոթը մի կողմից արհեստականորեն ստեղծվեց հենց իշխանությունների կողմից, մյուս կողմից էլ նաեւ ինչ-որ բնական պրոցեսների արդյունքում ձեւավորվեց։ Օրինակ՝ մինչեւ 2018-ը չկար հայ, որը ցեղասպանության խնդիրը վիճարկեր կամ կասկածի տակ դներ, կամ Արցախի գոյությունն ու անկախությունը դներ կասկածի տակ, որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, որեւէ մեկը չէր համարձակվի անգամ բարձրաձայներ՝ եթե անգամ մտածեր այդպես, որովհետեւ դա համընդհանուր պարսավանքի կարող էր արժանանալ։ Բանակի հանդեպ կար համընդհանուր սեր, հարգանք, մեծարում, չկար սեղան, որտեղ զինվորի կենացը չխմեին։ Կային արժեքներ, որոնք միավորում էին մեր հասարակությանը՝ անկախ մեր բոլոր մնացած տարբերություններից։ Հիմա չկան այդ արժեքները, գաղափարները։ Նույնիսկ ամենապարզունակ, տրիվիալ հարցերում հասարակությունը այնքան բազմազան է մտածում, որ շատ դժվար է աշխատել այդ հասարակության հետ։ Ասենք՝ ի՞նչ գաղափար դու պետք է քարոզես, որ հասկանալի լինի, ընդունելի լինի եւ մարդիկ դրա հետեւից գնան։ Ես հիմա չեմ կարող թվարկել որեւէ բան, որը միավորում է մեր հասարակությանը։ Իրական ողբերգությունն այստեղ է»։

Օհանյանն ասաց, որ այս իշխանությունը մի կողմից հանեց գաղափարական հենքը, արժեքային համակարգը, մյուս կողմից անվստահություն ներշնչեց ցանկացած գրագետ խոսքի, ցանկացած հանրային խոսքի նկատմամբ․«Արժեզրկեց մամուլը, «Պերֆեկտ թիվիների» դաշտ ստեղծեց, որտեղ մարդը, նույնիսկ եթե շատ մեդիագրագետ է, պատրաստված է, շատ դժվար է կողմնորոշվում՝ որն է ճիշտը, որն է կեղծիքը, որն է ազնիվը, անազնիվը, որ գաղափարն է իր համար ընդունելի, եւ առհասարակ, ինչպես կողմնորոշվի, ինչ կարդալ, ինչ լսել, ու այս միջավայրում մի հատ պղտոր դաշտ է ստեղծվել, որտեղ կարող են կեղծ արժեքներն ու անազնիվ մարդիկ, Հայաստանի շահին դեմ գնացող մարդիկ ունենան մեծ հաջողություններ։ Մեկ էլ տեսնում ես մի բախտախնդիր, արկածախնդիր մեկն ունի հսկայական լսարան, իսկ մեկը, որն ավելի ազնիվ է, գրագետ, արժեքային համակարգ ունի, գրագետ խոսք է ասում այդ լսարանից զրկված է»։

Նա անդրադարձավ Վարդան Ղուկասյանին՝ «Դոգին», ասաց՝ իր խմբագրությունում նույնիսկ արգելել է վկայակոչել նրա անունը։ Բացատրելով, թե որն է նրա ֆենոմենը, ասաց՝ «Դոգը» եկավ բացասական իմիջով, մարդ, որը մերժված էր, չուներ հանրային ընկալում, չուներ հանրային աջակցություն, դրական որեւէ բան, կարողացավ զրոյից ստեղծել իր համար իմիջ, լսարան․ «Ստեղծեց իր համար հեղինակություն եւ դարձավ նյուզմեյքեր, ինքը ինֆորմացիա է տալիս, իրեն լսում են բոլորը։ Ինձ ասացին, որ ԱԱԾ-ում ամեն առավոտ վերլուծում են «Դոգի» նախորդ օրվա եթերը։ Այսինքն, այնպես չէ, որ այս հասարակության հետ անհնար է աշխատել եւ հանրային ընկալում առաջացնել։ Քաղաքական գործիչները լուրջ անելիք ունեն եւ պետք է նաեւ ուսումնասիրեն այս տեսակ ֆենոմենները։ Փաշինյանն այսքան ձախողումների, ստերի միջով անցնելով, ունի լսարան, համակրանք, կարողանում է մարդկանց համոզել։ Ինչպե՞ս է անում։ Մեր լրագրողները, լրատվամիջոցները պետք է կարողանան այդ հանրային լսարանի հետ աշխատել, հասկանալ, թե լսարանն ինչ է ուզում, որ սեգմենտի վրա պետք է աշխատել, որ սեգմենտին ինչպես պետք է իրեն հասկանալի, իր շահից բխող, իր հետաքրքրությունից բխող թեմաներով խոսել, զրուցել, բացատրել, զարգացնել, առաջնորդել։ Քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները լիքը անելիք ունեն, պետք է կարողանան նոր ասելիք բերել, որպեսզի համախմբեն, գաղափարական հենքը ներշնչեն, եւ ի վերջո, տանեն մեր հիմնական նպատակին՝ հայրենիքի փրկությանը, իշխանափոխությանը եւ մյուս հարցերը լուծելուն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031