Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայրերի թերսնուցումն աճել է 25 տոկոսով՝ վտանգի տակ դնելով նորածիններին. Յունիսեֆ

Մարտ 07,2023 16:17

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 7 մարտի, 2023 թվական – Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակած նոր զեկույցի, 2020 թվականից ի վեր համաշխարհային պարենի և սնուցման ճգնաժամից ամենաշատը տուժած 12 երկրներում սուր թերսնուցում ունեցող հղի և կրծքով կերակրող դեռահաս աղջիկների և կանանց թիվն աճել է 25 տոկոսով՝ 5,5 միլիոնից մինչև 6,9 միլիոն:

12 երկիր, այդ թվում՝ Աֆղանստանը, Բուրկինա Ֆասոն, Չադը, Եթովպիան, Քենիան, Մալին, Նիգերը, Նիգերիան, Սոմալին, Հարավային Սուդանը, Սուդանը և Եմենը, պարենի համաշխարհային ճգնաժամի էպիկենտրոնն են համարվում: Այս երկրներում իրավիճակը սրվել է նաև ուկրաինական պատերազմի և այլ երկրներում շարունակվող երաշտի, հակամարտությունների և անկայունության արդյունքում:

Թերսնված և անտեսված. դեռահաս աղջիկների և կանանց սնուցման գլոբալ ճգնաժամ զեկույցը, որը հրապարակվել է Կանանց միջազգային օրվան ընդառաջ, զգուշացնում է, որ շարունակվող ճգնաժամերը և գենդերային անհավասարությունը խորացնում են դեռահաս աղջիկների և կանանց պարենային ճգնաժամը: Իսկ հարցի լուծումը վերջին երկու տասնամյակներում արդեն իսկ փոքր առաջընթաց էր գրանցել:

Համաձայն զեկույցի, որն աննախադեպ և համապարփակ դիտարկում է անչափահաս աղջիկների և կանանց սնուցման վիճակի մասին աշխարհում, ավելի քան մեկ միլիարդ դեռահաս աղջիկներ և կանայք թերսնված են (այդ թվում՝ թերքաշ և ցածրահասակ), հիմնական միկրոէլեմենտների պակաս և անեմիա ունեն, որը կործանարար հետևանքներ ունի նրանց կյանքի և բարեկեցության համար:

Աղջիկների և կանանց կյանքի ընթացքում անբավարար սնուցումը կարող է թուլացած իմունիտետի և ոչ բավարար կոգնիտիվ զարգացման պատճառ դառնալ, ինչպես նաև՝ կյանքին սպառնացող բարդությունների ավելացման, այդ թվում՝ հղիության և ծննդաբերության ժամանակ, ինչը վտանգավոր և անդառնալի հետևանքներ կարող է ունենալ նրանց երեխաների կյանքի, աճի, ուսման և ապագայում վաստակելու կարողության վրա:

Զեկույցում ասվում է, որ աշխարհում մինչև 2 տարեկան 51 միլիոն երեխա թերաճ է, ինչը նշանակում է, որ նրանք չափազանց ցածրահասակ են իրենց տարիքի համար: Դա տեղի է ունենում առաջին հերթին ապագա մայրերի թերսնման պատճառով: Այդ երեխաների մոտ կեսը թերաճ է դառնում հղիության և կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում՝ 500-օրյա ժամանակահատվածում, երբ երեխան լիովին կախված է մոր սնուցումից:

Համաշխարհային ճգնաժամերը շարունակում են անհամաչափորեն ազդել կանանց անհրաժեշտ սննդարար պարենի հասանելիության վրա: 2021 թվականին պարենային առումով անապահով կանայք 126 միլիոնով ավելի շատ են եղել, քան տղամարդիկ, իսկ 2019 թվականին՝ 49 միլիոնով ավելի, ինչը կրկնապատկում է գենդերային տարբերությունը պարենային անապահովության հարցում:

Զեկույցով կոչ է արվում կառավարություններին, դոնորներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին փոխակերպել դեռահաս աղջիկներին և կանանց հասանելի պարենային, առողջապահության և սոցիալական պաշտպանության ծառայությունները՝ կատարելով հետևյալ քայլերը.
* Առաջնահերթորեն հասանելի դարձնել սննդարար, անվտանգ և մատչելի սննդամթերքը, ինչպես նաև կանխարգելել խիստ վերամշակված սննդի օգտագործումը՝ շուկայավարման սահմանափակումների, փաթեթավորման վրա պարտադիր պիտակավորման և հարկման միջոցով:
* Հարստացնել կանոնավոր սպառվող որոշ սննդամթերք, օրինակ՝ աղը՝ այդպիսով նվազեցնելով աղջիկների և կանանց օրգանիզմում միկրոտարրերի պակասը և անեմիան:
* Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում հիմնական պարենային ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն ստեղծել, այդ թվում՝ նախածննդյան տարատեսակ միկրոէլեմենտների հավելումներ տրամադրել ինչպես հղիությունից առաջ, այնպես էլ կրծքով կերակրման ընթացքում:
* Ընդլայնել սոցիալական պաշտպանության ծրագրերը, այդ թվում տրամադրել հատուկ նպաստ և վաուչերներ՝ բարելավելու անհրաժեշտ սննդարար և տարատեսակ սննդամթերքի հասանելիությունն առավել խոցելի աղջիկների և կանանց համար:
* Արագորեն վերացնել խտրական գենդերային և սոցիալական նորմերը, ինչպիսիք են երեխաների ամուսնությունները և սննդի, կենցաղային ռեսուրսների, եկամուտների և կենցաղային աշխատանքի անհավասար բաշխումը:

ՅՈՒՆԻՍԵՖ  Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031