Լրահոս
Օրվա լրահոսը

«Բայց արդյոք միջին հայաստանցին պատրա՞ստ է այս համեստ զրկանքներին` հանուն ազգային պետության գոյատևման»

Մարտ 07,2023 16:50

Միջուկային անվտանգության ոլորտի հայ գիտնական, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի ֆեյսբուքյան գրառումը

14 %

«Ես կասեմ Պալատին այն, ինչ ասել եմ բոլոր նրանց, ովքեր միացել են այս կառավարությանը`

Ես ձեզ ոչինչ չեմ կարող խոստանալ բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքներից և քրտինքից:

Մենք կանգնած ենք վերին աստիճանի լուրջ փորձության դիմաց: Մեզ սպասում են տառապանքի և պայքարի բազում ամիսներ:

Դուք ինձ կհարցնեք` ո՞րն է մեր քաղաքական ծրագիրը: Ես կպատասխանեմ. մարտնչել ծովում, ցամաքում և օդում, գործի դնելով ամբողջ կարողություններն ու ուժը, որ մեզ աստված է տվել: Մարտնչել հրեշավոր բռնակալության դեմ, որի հավասարը չի եղել մարդկային հանցավորության ամոթալի պատմության մեջ: Դա է մեր քաղաքական ծրագիրը: Դուք ինձ կհարցնեք` ո՞րն է մեր նպատակը: Ես կպատասխանեմ մեկ բառով. հաղթանակ: Հաղթանակ ցանկացած գնով…հաղթանակ, չնայած բոլոր սարսափներին…հաղթանակ, որքան էլ երկար և դժվար այդ ճանապարհը չլինի: Որովհետև առանց հաղթանակ չկա գոյատևում»:

Սա Ուինսթոն Չերչիլի 1940 թվի հանրահայտ ճառն է` երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերին: Սրանից մի-քանի շաբաթ հետո, Ֆրանսիայում բրիտանական էքսպեդիցիոն ուժի կատաստրոֆիկ պարտությունից հետո, Չերչիլը մեկ ուրիշ հայտնի ճառ կարդաց, որտեղ նա ասաց`

«Մենք կկռվենք ծովափին: Մենք կկռվենք թշնամական հենակետներում: Մենք կկռվենք դաշտերում և փողոցներում: Մենք կկռվենք սարերում: Մենք երբեք չենք հանձնվի»:

Բրիտանական հանրությունն ընդունեց Չերչիլի մարտահրավերը: Ներքևում բերում եմ Միացյալ Թագավորության պատերազմական ժամանակների ռազմական բյուջեն որպես ՀՆԱ-ի տոկոս: Ինչպես նաև այսօրվա ՀՀ ռազմական բյուջեն` որպես համեմատություն:

Պատերազմի վերջերին բրիտանացիները ծախսում էին իրենց աշխատածի 40%-ը պաշտպանության վրա: Դա նշաանակում էր` կերակուրն ու հագուստը կտրոններով: Դա նշանակում էր` ռմբակոծության ժամանակ քնել լոնդոնյան մետրոյում: Դա նշանակում էր` ինքդ և երեխաներդ պետք է կրեին identity tags, որ եթե դու կամ նրանք զոհվեք ռմբակոծության ժամանակ, ապա ավելի հեշտ լինի նույնականացնել ձեր դիակները: Այո-այո՛, առանց փսլինքների ու «վայվույների»: Keep Calm and Cary On! Ինչպես տեսնում եք` «փափկասուն բուրժուա անգլիացիները», երբ գալիս է պահը, լավ էլ ընդունակ են կողք դնել փափուկը, ու ապրել կոշտ ու դաժան` հանուն հաղթանակի:

Իսկ մեզ մո՞տ ինչպես է: Անգամ այսօր, անգամ նոյեմբերի 9-ից հետո ՀՀ-ի պաշտպանական ծախսը կազմում է ընդամենը չնչին 6%:

Ինչպես գիտենք Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է մոտ $3.1մլրդ, այսինքն մոտ 2.5 անգամ ավելի շատ, քան ՀՀ-ի $1.3մլրդը: Ի՞նչ կպահանջվի Հայաստանից, որ այն հասնի և անցնի այդ $3.1մլն-ի շեմը: Հաշվենք: Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է մոտ $20 մլրդ: Պետբյուջեն կազմում է $5մլրդ: Եվ հետևաբար ավելորդ $2 մլրդ ռազմական բյուջեն կնշանակի հարկերի բարձրացում` մոտ 40%-ով: Որը միջինում կբերի հայաստանցու բյուջեի նվազմանը` 14 %-ով: (Դա միջինում, այսինքն, եթե եկամտահարկը հավասարապես բաշխվի: Իհարկե կարելի է նաև բաշխել այս $2մլրդը «պրոգրեսիվ» հարկի միջոցով. այնպես, որ հարուստները ավելի շատ % մուծեն, իսկ աղքատները` ընդհանրապես ոչինչ:)

Համեմատության համար ասեմ, որ 2016 թվին միջին հայաստանցին 20%-ով ավելի աղքատ էր քան հիմա: Այսինքն` սա անհնարին, ահասարսուռ մի բան չէ: Սա կտրոններով հաց չէ: Ցուրտումութ չէ: Միջինում ամեն ընտանիքից կպահանջվի տարեկան մոտ $4000 խնայել:

Ինչպե՞ս:

Օրինակ` ԲՄՎ-ի փոխարեն քշել տոյոտա, իսկ տոյոտայի փոխարեն` օպել: Իսկ օպել քշողները թող ավելի շատ քայլեն: Կամ էլ ինձ նման թող հեծանիվ քշեն (համ էլ կնիհամեն, աստված գիտի՝ դա միջին հայաստանցուն ՀԵՉ չէր խանգարի)

Օրինակ` Անթալիայում հանգստանալու փոխարեն` Բաթումում հանգստանալ… իսկ Բաթումում հանգստացողները կարող են Դիլիջանով բավարարվել (առնվազն` $1000 խնայում):

Միայն վերը բերված օրինակները արդեն կմարեն այդ 14%-ը, ու դեռ ավելին: Որի շնորհիվ իրենց տուն Հայաստանը գոյատևելու ԻՍԿԱԿԱՆ շանսեր կունենա:

Ահա դա է` պատրաստ լինել արյանը, արցունքներին, և քրտինքին… կամ էլ դրա իրական, չերչիլյան տարբերակի տո գոնե կեսի կեսի՛ն: Որովհետև Ալիևին նման թշնամու հետ առանց հաղթանակի չկա գոյատևում: Իսկապես չկա:

Բայց արդյո՞ք միջին հայաստանցին պատրաստ է այս համեստ զրկանքներին` հանուն ազգային պետության գոյատևման: Ահա դա… ահա դա ինձ բացարձակապես ակնհայտ չէ: Բացարձակապես:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031