Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են պատկերացնում «խաղաղ գործընթացի» առաջմղումը կրակահերթերի, շրջափակման եւ ուժի կիրառման պայմաններում. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 07,2023 12:38

ԱՄՆ պետքարտուղարության Հարավային Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լյուիս Բոնոն տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ Ադրբեջանում էր։ Այցի ընթացքում պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ հանրապետության այլ պաշտոնյաների հետ։ Այցի նպատակն է «նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացին»։ Ամերիկացի դիվանագետն այցելելու է նաեւ Հայաստան եւ Վրաստան։ Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ «Լյուիս Բոնոն նախատեսում է հանդիպել երկրների ղեկավարների հետ՝ աջակցելու հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին եւ արտահայտելու անսասան հավատարմությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։ Բոնոն առաջ է տանելու «խաղաղության գործընթացին» ուղղված` Մյունխենում եռակողմ բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ադրբեջանն ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանային վերադասավորումներում՝ չմոռանալով սեփական օրակարգի մասին։ Մինչ աշխարհի «մեծերը» տարածաշրջանում իրենց դիրքերն են ամրապնդում, Արցախում մարդիկ են զոհվում։ Հայկական գործոնի դեմ գործելու ազատությունն ու անպատժելիությունը քողարկվում են ապատեղեկատվության ներքո, իսկ դրան նպաստում են ամեն գնով խաղաղություն հաստատելու միջազգային խաղացողների ցանկությունը եւ սադրանքների ժամանակ հասցեական քննադատության բացակայությունը։ Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել էր, որ իրենց կողմից մեկ շաբաթվա դիտարկումների արդյունքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Փաստացի Արցախում ադրբեջանական սադրանքների, հրադադարի խախտումների, խաղաղ բնակչության դեմ իրականացրած հանցագործություններն անուշադրության են մատնվում՝ համարվելով Ադրբեջանի «ներքին գործ»։

Հայկական կողմն ակնկալում է միջազգային հանրության, տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմամբ հետաքրքրված երկրների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությունն ու Ադրբեջանի կողմից ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմանն ուղղված դատապարտումը։ Այդ համատեքստում առավել մտահոգիչ է, երբ հայ մարդկանց դիտավորյալ սպանությունը դատապարտելու փոխարեն հնչում են անատամ, անհասցե եւ իրական զարգացումները չարտահայտող հայտարարություններ։ Դրանցից է, օրինակ, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մեկնաբանությունն Ադրբեջանի զինված ուժերի կազմակերպած դիվերսիայի վերաբերյալ, որը խիստ դժգոհություն է առաջացրել Արցախում։ Եվրոպացի դիվանագետը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ տեղի ունեցած արյունալի միջադեպն ընդգծում է բանակցությունների առաջմղման խիստ անհրաժեշտությունը կայունության եւ արդար խաղաղության հասնելու համար: Նա նաեւ հավելել է, որ Բաքվում է եւ անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական հանդիպումներին` Մյունխենի հանդիպումից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Օրինական հարց է առաջանում, թե ինչպես է պատկերացնում եվրոպացի պաշտոնյան «խաղաղ գործընթացի» առաջմղումը կրակահերթերի, շրջափակման եւ ուժի կիրառման պայմաններում։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031