Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը նմանվում է ոչ թե «խաղաղության դարաշրջանի» նախապատրաստման, այլ սողացող պատերազմի։ Դա է ցույց տալիս իրադարձությունների ընթացքը կամ տրամաբանական շղթան։
Ադրբեջանը թույլ չի տալիս, որ հանգիստ ու բարենպաստ պայմաններ ստեղծվեն երկխոսության համար։ Իսկ Փաշինյանը շարունակում է խոսել «խաղաղության դարաշրջան» բացելու մասին, անգամ նշում է, թե խաղաղության պայմանագիրը պետք է լինի երկարատև խաղաղության, կայունության և միջազգային համագործակցության նախապատրաստման պայմանագիր։
Սա ավելի շատ ինքնախաբեություն կամ հանրության գլխի տակ փափուկ բարձ դնել է նշանակում, քանի որ նույնիսկ քաղաքականությունից կամ քաղաքագիտությունից շատ հեռու մարդկանց է պարզ, որ Ադրբեջանին ոչ մի խաղաղության պայմանագիր էլ պետք չի։ Այդ երկիրն ուղղակի Հայաստանի ու Արցախի վերացում է ցանկանում։ Եվ իրականում թշնամու պատկերացրած պայմանագիրը Հայաստանի նոր կապիտուլ յացիայի կամ պետականության ոչնչացման պայմանագիր է։ Դրա համար էլ Բաքվում Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների ներկայացման համար հիմքեր են ստեղծվում։ Ու այդ շրջանակներում ամենակոպիտ ձևով կեղծվում են փաստերը, պատմությունը հորինվում է, իսկ Հայաստանն անվանվում է Արևմտյան Ադրբեջան։ Այսինքն՝ Ադրբեջանը բացահայտ կերպով պատրաստվում է նոր պատերազմի։
Բայց հարցն այն է, թե ո՞ւմ վրա է մեր հույսը։
Կարդացեք նաև
Գլխավորապես ուրիշների։ Օրինակ՝ շատ է խոսվում, թե ռուսները պետք է պատասխանատվություն ստանձնեն մեր անվտանգության համար, կամ եվրոպացի դիտորդների առկայությունը կզսպի Ադրբեջանին։ Մյուս կողմից էլ՝ նշվում է, թե Իրանը չի թողնի, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացվի։ Բայց չի հնչում այն հարցը, թե մենք ի՞նչ ենք անում մեր անվտանգության համակարգի հզորացման համար։ Այս ուղղությամբ, բացի բարձրագոչ հայտարարություններից ու փիառից, տեսանելի ոչինչ չի արվում։ Մինչ մենք կորցնում ենք ժամանակը, թշնամին այդ նույն ժամանակն իր օգտին է ծառայեցնում…
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։