Արցախը ամբողջ ձմեռ շրջափակված մնաց։ Թյուրքական կողմն այսօր էլ հաջողությամբ իրագործում է իր ռազմական քայլն ընդդեմ Արցախի։ Ու, բնականաբար, եթե տեսնում է, որ հաջողում է, զիջումների չի գնա։ Միամտություն է միջազգային ինչ-որ կոչերի ու որոշումների հավատալը, քանզի թյուրքական կողմը մեկ անգամ չէ, որ անտեսել է միջազգային հարթակը եւ մնացել անպատիժ։ Մանավանդ, եթե թյուրքական կողմի դիմաց մեր… սպասումն է։ Սպասումը, ո՛չ գործը։ Ժիրայր Անանյանի կատակերգական հայտնի բեմադրությունից մի խոսք հիշեցի՝ «մեր անկարգությունը գալիս է ձեր անկարգությունից»։ Հիմա՝ թյուրքի անկարգություն-հաջողությունը գալիս է մեր անկարգություն-անգործությունից…
Ցավոք, մենք ոչ միայն համարժեք չենք պատասխանում, այլեւ մեր «պատասխանը» բոլորովին այլ ձեւաչափով է։
2020 թ. թուրքական ապրանքների ներմուծման վրա էմբարգո սահմանեցինք։ Եվ արգելվում էր ոչ թե պարզապես Թուրքիայից ներկրածը, այլ՝ թուրքական ծագման ապրանքը, այսինքն՝ թուրքական ծագման ապրանքը այլ երկրից եւս մտնել չէր կարող Հայաստան։ Բայց հայկական շուկայից թուրքական ապրանքի պակաս չեղավ։
Արգելքն էր իրականում բացարձակ արգելք չէր, այլ՝ մասնակի։ Որովհետեւ հենց այդ արգելքի ժամանակահատվածում թույլատրվում էր եւ, ի դեպ, պաշտոնապես էր թույլատրվում Թուրքիայից հումքի եւ վերամշակման համար նախատեսված արտադրանքի ներմուծումը։ Հիմա այդ արգելքը հանված է։
Կարդացեք նաև
Փաստ է՝ արգելքով, թե անարգելք, Թուրքիայի հետ առեւտուրը չի դադարել։ Ովքեր թյուրիմացաբար կամ մտածված այդ առեւտուր կոչվածը փոխադարձ կհամարեն, ընդամենը մի քանի թիվ պետք է հիշեն՝ վիճակագրական կոմիտեի տեղեկագրերը նայելով։ 2020-ին ՀՀ-ից Թուրքիա է տարվել 500.700 ԱՄՆ դոլարի ապրանք։ Մինչդեռ ներմուծումը միլիոններով է՝ 231 մլն 489 հազ 700 դոլար։ 2021-ին արտահանումը՝ 360 հազար, ներմուծումը՝ 64.8 մլն դոլար է։ Համավարակի գործոնային պատճառաբանություններն այստեղ դեր չեն խաղա, որովհետեւ դրանից տարիներ առաջ էլ մենք ներմուծող ենք եղել, առեւտուրը բացասական հաշվեկշռով է։ Որպեսզի թյուրընկալում չլինի, հստակեցնենք՝ Թուրքիայի հետ փոխադարձ համագործակցություն չի՛ լինելու։ Սահմանի բացման պարագայում նույնիսկ լինելու ենք ներմուծող երկիր (թուրքական քաղաքատնտեսության տրամաբանությունն այլ բան թույլ չի տալու, եւ այդ մասին խոսել ենք)։ Այն է՝ ճիշտ նույնքան միլիոնավոր դոլարներ թողնելու ենք թուրքական տնտեսությանը։ Իսկ ովքեր «միամտաբար» կխոսեն այն մասին, որ մեր միլիոնները Թուրքիայի տնտեսության համար «հեչ բան են», խորհուրդ կտանք հիշել մեկ ԱԹՍ-ի միջինացված արժեքը։ Կամ՝ այդ միլիոնները Թուրքիայի համար «հեչ» էին, մեզ համար էլ էին «հե՞չ»։
Ինչեւէ, ոչ Ադրբեջանի եւ ոչ էլ Թուրքիայի հետ հավասարության հիմքով ոչինչ չի լինելու։ Թյուրքական կողմը թելադրելու է, որովհետեւ նա իրականում խաղաղություն չի ուզում։ Այն, ինչ ուզում է, զիջումներ են հայկական կողմից։ Ու բնավ կապ չունի, պահանջները Արցախին են ուղղվում, թե Հայաստանին. ցանկացած զիջում հայկական կողմին վնասելու է՝ տնտեսական եւ ռազմաքաղաքական առումներով։ Կյանքը ցույց է տվել, որ թյուրքական կողմը խաղաղվում է միայն մի դեպքում, երբ զսպվում է։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: