Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ամբողջովին գերմանական կողմի բացթողումն է: Հնդկաստանը որևէ կապ չունի. Գերմանիայի դեսպանը՝ արարողակարգի բացթողման մասին

Մարտ 07,2023 10:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հնդկաստանում Գերմանիայի դեսպան Ֆիլիպ Աքերմանն անդրադարձել է օրեր առաջ Մեծ քսանյակի ԱԳ նախարարների հանդիպման համար Գերմանիայի գլխավոր դիվանագետ Անալենա Բերբոքի ժամանման պահին գրանցված արարողակարգային սխալմունքին, որը միջազգային սոցհարթակներում մի շարք շահարկումների աղբյուր հանդիսացավ:

Դեսպան Աքերմանն ընդգծել է. «Նախարար Բերբոքի օդանավը մի փոքր շուտ էր վայրէջք կատարել Նյու Դելիում: Նա ժամանող առաջին նախարարներից էր: Մենք նրան ասացինք, որ մի փոքր շուտ է ժամանել, միգուցե որոշ ժամանակ մնա օդանավում: Նա առարկություններ չուներ: Այդ ժամանակ նա նախաճաշել է օդանավում: Հետո, առանց զգուշացման, դուրս եկավ, երբ դիմավորողները դեռ այնտեղ չէին: Սա ամբողջովին գերմանական կողմի բացթողումն է: Հնդկաստանը որևէ կապ չունի: Հնդկական կողմը գերազանց է կատարել արարողակարգը նախարարական այս հանդիպման համար»: Դիվանագետն ավելացրել է, որ նախարարը բծախնդիր անձնավորություն չէ, և իրավիճակը նրան բավականին ծիծաղելի է թվացել:

Հիշեցնենք. մարտի 2-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը G20-ի նախարարական համաժողովին մասնակցելու համար ժամանել էր Հնդկաստան: Ինքնաթիռից իջնելու ժամանակ որևէ պաշտոնյա չկար, որպեսզի դիմավորեր պաշտոնյային: Թվիթերում որոշ մեկնաբաններ կարծիք հայտնեցին, թե այս միջադեպն ապացուցում է, որ իր էներգետիկ խնդիրների պատճառով Գերմանիային այլևս լուրջ չեն վերաբերվում: Երբ Բերբոքը դուրս եկավ օդանավից, նրա ձեռքը սեղմեցին զինվորականն ու օդանավակայանի աշխատակիցը: Վերջինս ժպտալով ասաց. «Բարի գալուստ: Չէիք ասել, որ իջնում եք»: Սրան ի պատասխան, նախարարը ջերմ տրամադրությամբ ասաց. «Որևէ խնդիր չկա»:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031