Վիտամին A-ն ճարպալույծ վիտամին է, որն անհրաժեշտ է աչքերի, իմունային համակարգի, ընդհանրապես՝ առողջության և մարմնի գրեթե յուրաքանչյուր բջջի նորմալ աճի համար։ Այսօր վիտամին A-ին անդրադառնալը կարևոր ենք համարում՝ հաշվի առնելով կարմրուկի դեմ պայքարում այս սննդանյութի դերը, ինչպես նաև վիտամին A-ի անբավարարության հետ կապված ռիսկերը։
Վիտամին A-ն 2 հիմնական տեսակի է լինում՝
«Լիովին ձևավորված» վիտամին` հայտնի որպես ռետինոլ, որի աղբյուրը կենդանական ծագման մթերքներն են։
Պրովիտամին А (կարոտինոիդներ), ինչպիսին բետա-կարոտինն է, որի աղբյուրը բուսական ծագման մթերքներն են։ Բետա-կարոտինն օրգանիզմում վերածվում է ռետինոլի։
Կարդացեք նաև
Վիտամին A-ն՝ սննդում
Մարդու օրգանիզմը չի կարող վիտամին A արտադրել, ուստի կարևոր է այն սննդի միջոցով ստանալը, և մեծամասնությունը կարողանում է լրացնել վիտամին A-ի անհրաժեշտ մակարդակը՝ լիարժեք սնվելով։
Ռետինոլի և բետա կարոտինի լավ աղբյուր են՝
- լյարդ,
- ձկնեղեն, յուղոտ ձկնատեսակներ, կակղամորթեր, ձողաձկան լյարդի յուղ,
- կաթ, պանիր (հատկապես չեդդեր տեսակի պանիրը),
- ձու,
- կանաչի, կանաչ տերևավոր բանջարեղեն,
- նարնջագույն ու դեղին բանջարեղեն, մրգեր,
- լոլիկ,
- սեխ (հատկապես կանտալուպ տեսակը),
- ծիրան
- նարինջ և այլն։
Վիտամին A-ի ավելի լավ յուրացումն ապահովելու համար այս վիտամինը պարունակող մթերքները կարելի է համադրել օգտակար ճարպերի և յուղերի հետ։
Վիտամին A-ի անբավարարության հետ կապված վտանգները, ախտանշանները
Այս վիտամինի անբավարարությունը հազվադեպ է հանդիպում զարգացած երկրներում, որտեղ մարդիկ լիարժեք սնվելու հնարավորություն ունեն, սակայն, ինչպես նշվեց, որոշ հիվանդությունների և թերսնման արդյունքում կարող է առաջանալ վիտամին A-ի դեֆիցիտ։ Մասնավորապես այս վիտամինի անբավարարության զարգացմանը նպաստում են՝
Կարմրուկ․ մեծացնում է վիտամին A-ի անբավարարության վտանգը։
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կարմրուկով վարակված բոլոր երեխաներին վիտամին A նշանակել՝ աչքերի վնասվածքներն ու կուրությունը կանխարգելելու համար։ Դրանից բացի, ինչպես ցույց է տալիս փորձը, վիտամին A-ի հավելումները նպաստում են կարմրուկից մահվան դեպքերի կրճատմանը։ Նշենք, որ վիտամին A-ի ցածր մակարդակ ունեցող երեխաները երթարկվում են կարմրուկով վարակվելու ավելի բարձր ռիսկին։
Վիտամին A-ն կիրառվում է ինֆեկցիոն այլ հիվանդությունների բուժման ժամանակ ևս, քանի որ օժտված է հակաբորբոքային հատկություններով և կարող է ամրացնել իմունային համակարգը։
Մուկովիսցիդոզ․ այս հիվանդության դեպքում ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներ են առաջանում, որոնք մեծացնում են վիտամին A-ի անբավարարության վտանգը։
Աղեստամոքսային համակարգի որոշ հիվանդություններ, որոնց պատճառով խաթարվում է աղիներից վիտամին A- ի ներծծումը։
Ցելիակիա, լյարդի ցիռոզ, լյամբլիոզ և այլն։
Վիտամին A-ի անբավարարության ախտանշանները կարող են տարբերվել բարդության աստիճանով՝ մաշկային խնդիրներ, հոգնածություն, տեսողական խնդիրներ՝ աչքերի չորություն, հավկուրություն, կուրություն, քսերոֆթալմիա, Բիտոտի բծեր և այլն, վերարտադրողական առողջության խնդիրներ, չբերություն, աճի դանդաղում։
Վիտամին A-ի դեֆիցիտն ախտորոշելուց հետո այդ խնդիրների խորացումը կանխելու նպատակով բժիշկը կարող է վիտամին A-ի հավելումներ նշանակել։ Այդպիսի խնդիր է, օրինակ, մակուլյար դեգեներացիան՝ աչքի հիվանդություն, որի դեպքում տեսողության կորուստը կանխարգելելու համար նշանակվում են նաև վիտամինային հավելումներ, որոնք ներառում են բետա-կարոտին։
Վիտամին A-ն՝ հավելումներում
Հավելումների ընդունման անհրաժեշտությունը կարող է առաջանալ, եթե չեք ստանում բավարար քանակությամբ վիտամին A սննդի միջոցով կամ ունեք որոշակի հիվանդություններ։ Հավելումների չափաբաժինը պետք է համաձայնեցնել բժշկի հետ, քանի որ ինչպես վիտամին A-ի անբավարարությունը, այնպես էլ ավելցուկը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել։
Կարևոր է ուշադիր լինել հավելումներում լիարժեք ձևավորված վիտամին A-ի՝ ռետինոլի չափաբաժնին՝ վիտամինային թունավորումից խուսափելու համար։ Բուսական սննդից ու հավելումներից ստացված բետա կարոտինը, սակայն, նման ռիսկեր չի առաջացնում։ Միայն կարոտինոիդների չափից շատ ընդունումը կարող է մաշկի դեղնություն առաջացնել։
Նշենք, որ վիտամին A-ն կարող է փոխազդեցության մեջ մտնել որոշ դեղամիջոցների հետ, ինչպիսիք են արյունը ջրիկացնող պրեպարատները, ռետինոիդները և այլն։
Վիտամին A-ի ավելցուկի հետ կապված վտանգները
Վիտամին A-ի գերդոզավորումը կարող է մի շարք կողմնակի ազդեցություններ առաջացնել՝ գլխացավ, ցան, քնկոտություն, փորացավ, սրտխառնոց, փսխում, մաշկի թեփոտում, աչքերի չորություն։ Ռետինոլի գերդոզավորումը հղիների մոտ կարող է հանգեցնել պտղի բնածին արատների զարգացման։
Ընդ որում, A-ի հիպերվիտամինոզ կարող է առաջանալ մեկանգամյա մեծ չափաբաժնի ընդունման կամ փոքր չափաբաժնի երկարատև ընդունման արդյունքում։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ