Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է շահագրգիռ Գյումրու մանկական հիվանդանոցի օպտիմալացմամբ․ բուժանձնակազմը բողոքում է

Մարտ 06,2023 21:21

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը մտադիր են միավորելու Գյումրի բժշկական կենտրոնին։ Կառավարության որոշում դեռ չկա, հարցը քննարկումների փուլում է, սակայն մանկական հիվանդանոցի ողջ անձնակազմը՝ 223 հոգի կտրականապես դեմ է այդ ծրագրի իրագործմանը, քանի որ, ըստ նրանց, հնչող պատճառաբանություններն անհեթեթ են և անհիմն։ Այսօր բուժանձնակազմը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ իր անհամաձայնությունն ու դժգոհությունն արտահայտելու։ Նրանք վրդովված են, որ հարցն իրենց հետ չի քննարկվել։ Բժիշկներից մեկը տեղեկացրեց՝ պատահական են իմացել, որ իրենց հիվանդանոցի շուրջ նման «գործարքներ» են ծավալվում։ Ըստ նրա, իրենց այս մասին պաշտոնապես ոչ մեկը չի տեղեկացրել, բայց երբ սկսել են ընդվզել, գնացել են մարզպետարան ու հանդիպել մարզպետարանի պատասխանատուների հետ, հստակեցվել է, որ նման խմորումներ կան իրենց հիվանդանոցի շուրջ։

Մարզպետարանից Մոր և մանկան հիվանդանոցի բուժանձնակազմին որպես հիմնավորում ներկայացել են այն, որ մանկական բուժհաստատությունը կարիք ունի զարգացման, հետևաբար և միավորելու են այնպիսի հիվանդանոցի հետ, որն ավելի զարգացած է, հագեցած է, կօգնի իրենց զարգանալու։

Բանախոսները պնդում են՝ անհեթեթ պատճառաբանություն է, իրենց չհամոզող, քանի որ իրենց ֆինանսական միջոցները երբեք անբավարար չեն եղել, հիվանդանոցում առկա են բոլոր բաժանմունքները, նեղ մասնագետների կաբինետներ ևս ունեն։

Նրանք նաև նշում են, որ վերջերս առողջապահության երկու փոխնախարարներ են այցելել Գյումրի, սակայն ցանկություն չեն հայտնել իրենց հետ հանդիպել։ Բուժանձակազմը հարցնում է՝ սա արհամարհա՞նք է, թե՞ պատճառը հիմնավորում չունենալն է։

Մանկական հիվանդանոցի բուժանձնակազմը բողոք-նամակ է հղել վարչապետին, առողջապահության նախարարին, ԱԺ առողջապահության հանձնաժողովին առ այն, որ համաձայն չեն եկամուտ բերող բուժհիմնարկը, որը իր տեսակով միակն է մարզում, վերակազմավորել Գյումրի բժշկական կենտրոնի հետ։

Նրանք ենթադրում են, որ այս ծրագիրը մի քանի հոգու քմհաճույքի, կամայականության արդյունքում է։

1991 թվականին հիմնված հիվանդանոցը, ըստ բանախոսների, իր գոյության ողջ ընթացքում ունեցել է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի կառավարության, ինչպես նաև այդ երկրի բարեգործ անհատների օժանդակությունը։ Այն, ըստ բանախոսների, կայացած, ինքնաբավ հիվանդանոց է, որը երբեք պարտքեր չի ունեցել, ֆինանսական միջոցները միշտ բավարարել են։

Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աշիկ Դալիբալդյանն ասաց․ «Ողջ կոլեկտիվի կարծիքն այն է, որ պետք է միավորեն կամ վերակազմավորեն տվյալ հիմնարկն այնպիսի կազմակերպության հետ, որն ավելի հզոր է, որի միջոցներն ավելի շատ են։ Մեր հիվանդանոցը ինքնաբավ է, երբեք ֆինանսական օժանդակության կարիք չի զգացել, ուստիև միավորման ենթակա է այն կազմակերպությունը, որը ֆինանսական վիճակը խեղճացել է, բանկրոտի է ենթարկվել կամ չի կարող ապահովել տվյալ անձնակազմի ֆինանսական ու հիվանդանոցի տնտեսական վիճակը։ Մեր խնդրանք է՝ պարզաբանել՝ ինչո՞ւ են ուզում միավորել, երբ ավստրիական մանկական հիվանդանոցը հանրապետության չորրորդ մանկական հիվանդանոցն է, երեքը գտնվում են Երևանում, մեկը՝ մարզում։ Որևէ այլ մարզում մանկական հիվանդանոց գոյություն չունի։

Մենք մեր դժգոհությունն ու անհամաձայնությունն ենք հայտնում այդ որոշման դեմ, չնայած դեռ որոշում չկա, կան քննարկումներ»։

Որպես օպտիմալացման պաշտոնական հիմնավորում՝ մեջբերում են նաև մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի թվային ցուցանիշները, նշում են, որ ավստրիական հիվանդանոցում ծնունդների թիվը քիչ է, հետևաբար և այն պիտի միավորվի՝ ստեղծելով մեկ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք։

Ավստրիական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Մխիթար Մխիթարյանը, սակայն նշում է՝ 2021 թվականին ունեցել են 590 ծննդաբերություն, 2022-ին՝ 471։ Ըստ նրա, շատ քիչ անկում են ունեցել, իսկ այն պայմանավորված է տարածվող խոսակցություններով, թե մանկական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը փակվում է, մասնագետ չկա, աշխատանք չկա։ Նույնիսկ իր բարեկամներ են զանգահարում ու հարցնում, թե որտեղ ես աշխատում, երբ փակել են։ Պատճառը, ըստ բանախոսի, տհաճ խոսակցություններն են։

Մամուլի ասուլիս հրավիրած բուժանձնակազմը նաև տեղեկացրեց, որ Շիրակի նորանշանակ մարզպետի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվել են, թե քանի աշխատող կկրճատվի։ Մարզպետը պարզաբանել է, որ խոսքը 16 վարչական աշխատողի մասին է, սակայն իրենք թերահավատորեն են մոտենում։

Նրանք ավստրիական հիվանդանոցի միավորումը կապում են նաև մարզպետների փոփոխության հետ։ Ըստ նրանց, նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ մանկական հիվանդանոցը միշտ լինելու է, սակայն նրա հեռանալուց հետո այլ խոսակցություն ծավալվեց։

«Այս հարցը կապում ենք Նազելի Բաղդասարյանի պաշտոնից դուրս գալու հետ։ Կարծում ենք, որ նոր մարզպետն է շահագրգիռ, մարդ, որ մեկ շաբաթ պաշտոնավարելով՝ ակտիվ սկսում է այս խոսակցությունը, ուրեմն պիտի նման եզրահանգման գանք»։

Վիրահատական բլոկի վարիչ Արտաշես Սանոսյան էլ ասաց․ «Հանդիպման ժամանակ մարզպետարանը մեզ միավորման որևէ հիմնավոր փաստարկ չի բերել, այսինքն՝ դուք կհզորանաք, թե ինչով ենք հզորանալու, ես չգիտեմ, ձեր վիրաբուժական ծառայությունը կհզորանա, դա էլ աբսուրդ է։ Նշեմ աբսուրդը․ մեծերի վիրաբույժն ի՞նչ է անելու մանկական ազգաբնակչության հետ։ Երկրորդ՝ կտնտեսվի ադմինիստրացիայից գումարներ, որոնք կօգտագործվեն այլ կարիքների համար։ Ադմինիստրատիվ գումարները միևնույնն է՝ գնալու են ինչ-որ տեղ, չեն տնտեսվելու։

3-րդ պատճաբանություն, մենք կունենանք KT-ից օգտվելու հնարավորություն, էսպես, թե էնպես մենք օգտվում ենք Գյումրի կենտրոնի KT-ից՝ առանց որևէ սահմանափակման, որովհետև երեխան բուժումը ստանում է պետպատվերի սահմաններում։

Ես երկու թիվ բերեմ, շատ չեմ ուզում ծանրաբեռնեմ, ասում են՝ վիրաբուժական ծառայությունն անկում է ապրում, մենք ուզում ենք հզորացնենք։ Ես կրկնում են մարզի պատասխանատուի խոսքերը, որն ասել էր՝ չեմ ուզում մեր մարզի երեխաները վիրահատվեն Երևանում, նրանք, որոնք վիրահատվելու են Երևանում, կվիրահատվեն։ Հիվանդը տեղափոխվում է ավստրիական հիվանդանոցից, եթե նա կարիք ունի Երևանում բուժվելու։ Եվ մեկ էլ մի դեպքում, պետությունն է տվել հնարավորություն մարդուն, որ ինքը որտեղ ուզում է, այնտեղ է բուժվում է, սահմանադրորեն իր իրավունքն է։

Ես թվեր հրապարակեմ․ 2020 թվականին 1087 վիրահատություն է կատարվել, 2021 թվականին՝ 1468 վիրահատություն, 2022 թվականին՝ 1608 վիրահատություն։ Սա զարգացում չէ՞»։

Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ազատ Բրուտյանն էլ ասաց, որ սովորաբար միավորում են այն հիմնարկը, որը ունի թույլ կատարողականություն, աշխատանքը ցածր մակարդակով է կատարվում, շենքն անտեղի է զբաղեցված, բայց մշակված այդ 12 կետերից ավստրիական հիվանդանոցը ոչ մեկին չի համապատասխանում, ինքնաբավ է։

Բժիշկները պնդում են, որ օպտիմալացման արդյունքում ոչ մի հիվանդանոց չի զարգացել, շենքերը դատարկվել են, մասնագետների 50 տոկոսից ավելին չի աշխատում, Գյումրի բժշկական կենտրոնն էլ նախատեսված է սահմանափակ քանակով հիվանդի համար, միավորել, իրար վրա լցնելով՝ ուր են հասնելու։ Նույնիսկ ինֆեկցիոն հիվանդանոցն են տարել, տեղափոխել Գյումրի բժշկական կենտրոնի շենքի մեջ, որն անընդունելի է։

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանն էլ պարզաբանեց, որ դեռևս կառավարության որոշում չկա, քննարկման փուլում է։ Նա նշում է, որ Կառավարության N 1911 որոշմամբ օպտիմալացումը 2006 թվականից է սկսել փուլային ձևով իրականացվել։ Հաջորդ փուլում Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի միավորումն է Գյումրի բժշկական կենտրոնի հետ, մասնավորապես մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի և մանկական ծառայությունների միավորումը։

Ըստ պաշտոնյայի, կառավարության որոշման մեջ կան սկզբունքներ և վիճակագրական ու տնտեսագիտական հաշվարկներ, որոնք հիմք են հանդիսանում օպտիմալացման։

«Մահճակալային հզորությունը նույնն է մնալու, մենք ունենք 30 մահճակալ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում և 30 մահճակալ Գյումրի բժշկական կենտրոնի ծննդատանը։ Ունենալու ենք 60 մահճակալանոց մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք։ Մանկական ծառայությունների հզորությունն այսպիսին է՝ 30 մահճակալ մանկաբուժական բաժանմունքում է, 30 մահճակալ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում, 10 մահճակալ վերակենդանացման բաժանմունքում։ Մահճակալների կրճատումներ չեն լինելու, հետևաբար և բուժանձնակազմի կրճատում չի լինելու։ Այսինքն՝ անձնակազմն աշխատելու է ամբողջ ծավալով, կրճատումներ կլինեն միայն վարչական անձնակազմում»։

Ըստ Լեյլի Ասլանյանի, մարզային իշխանության շահագրգռվածությունն այն է, որ որակյալ, ավելի հասանելի, ավել մատչելի բուժօգնություն տրամադրվի մարզի ազգաբնակչությանը։ Ըստ նրա, օպտիմալացմամբ կօգտագործեն Գյումրի բժշկական կենտրոնի թե՛ նեղ մասնագիտական ներուժը, թե՛ լաբորատոր գործիքային ամբողջ հզորությունը։

Ավստրիական հիվանդանոցը, ըստ նրա, կշարունակի գործունեությունը ծավալվել իր շենքում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031