Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Արարատ համայնքին չի վճարել 118 մլն դրամ հողի վարձավճարը. «Հետք»

Մարտ 06,2023 19:52

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն արտադրական գործունեություն իրականացնելու համար Արարատ համայնքից վարձակալած հողերի համար 6 տարի վարձ չի վճարել։ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի սեփականատերը գործարար Գագիկ Ծառուկյանն է, նա ընկերության 100% բաժնեմասը ձեռք է բերել 2006թ․-ին: Գ․ Ծառուկյանի՝ համայնքին ունեցած հողի վարձավճարի պարտքը մոտ 118 մլն դրամ է։ Համայնքային հողերը կրաքարի և տրավերտինի հանքերն են, որոնք «Արարատցեմենտ» ՓԲԸ-ին վարձակալության էին տրվել 2015թ․ հոկտեմբերին, Արարատ քաղաքային համայնքի ավագանու որոշումով։

Արարատ քաղաքային համայնքի ավագանին, հիմք ընդունելով 2014թ. փետրվարին ընկերությանը տրված լեռնահատկացման ակտը, համայնքի վարչական տարածքում գտնվող 53․8625 հա հանքարդյունահանման տեղամասի վարձակալության ժամկետ էր սահմանել մինչև 14.07.2020թ.-ը։ Համայնքի վարչական տարածքում ընդգրկված 13․63617 հա, 9․76758 հա և 2․8781 հա մակերեսով հանքարդյունահանման տեղամասի վարձակալության ժամկետ է սահմանել մինչև 20.07.2032թ.-ը։ Նշված հողատարածքների 1 հեկտարի տարեկան վարձավճարը ավագանու նույն որոշումով սահմանվել է 124 200 դրամ։

Արարատ միավորված համայնքի ավագանին 2022թ. դեկտեմբերի 8-ի որոշումով «Արարատցեմենտ» ՓԲԸ-ին զիջել է հողի վարձավճարները չվճարելու դիմաց վարձակալության պայմանագրով հաշվարկված տույժերը։ «Արարատ համայնքի և «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի միջև կնքված համաձայնագրից ելնելով, որով ճանաչվել է վարձավճարների վճարման պարտավորության առկայությունը, սահմանվել է 2017թ․-ից մինչև 31.12.2022թ․ը կուտակված Արարատ համայնքում գտնվող 9․7857 հա,  13․6361 հա, 2․8781 հա, 20․05 հա, 6․4034 հա, 18․46 հա, 27․9453 հա, 5․3362 հա, 27․31 հա, 9․1874 հա, 17․2534 հա հողամասերի վարձավճարների վճարման մեկ տարվա ժամանակացույց»,- նշվում է ավագանու որոշման մեջ։

Նույն որոշումից տեղեկանում ենք նաև, որ համայնքապետարանը «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հետ համաձայնություն է ձեռք բերել՝

Արարատ համայնքում գտնվող 26․30021 հա մակերեսով հողամասերի վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարները կադաստրային արժեքի 1%-ի փոխարեն սահմանել 4%,

47․35 հա և 2․9 հա հողամասերի վերաբերյալ վարձակալության պայմանագրերը կնքել կադաստրային արժեքի 4%-ով,

մեծացնել սոցիալական ծրագրերը և այն իրականացնել Արարատ համայնքի միջոցով,

Կախանովի ջրանցքից ցեմենտի գործարան անցնող խողովակաշարով Արարատ համայնքին ոռոգման ջուր տրամադրել

չօրինականացված շինությունները հաշվառել Կադաստրում։

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն, ինչպես պարզվեց որոշումից, նաև Կադաստրում չհաշվառված շինություններ ունի, որի համար նույնպես գույքահարկ չի վճարել համայնքին։ Բայցևայնպես, ավագանին որոշել է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի նկատմամբ մինչև 31.12.2022 թվականը ներառյալ չկիրառել ընդհանուր 158 հեկտար հողամասերի վարձակալության պայմանագրերով նախատեսված տույժերը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031