Լրահոս
Օրվա լրահոսը

«Զենքի տեղափոխման գաղափարի ներքո փորձելու են վերահսկել ողջ Լաչինի միջանցքը»․ Սեյրան Օհանյան

Մարտ 06,2023 18:45

«Ադրբեջանի բոլոր սադրանքներն ու դիվերսիոն-հետախուզական գործողությունները պլանավորված են։ Եթե մեզ թվում է, թե սա վերջին ահաբեկչությունն է, այդպես չէ։ Իրենք կամաց-կամաց փորձելու են Արցախի շուրջ օղակը սեղմել՝ իրենց ենթակայեցնելու նպատակով։ Այդ ճանապարհին են»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով արցախաադրբեջանական շփման գծում մարտի 5-ին Ադրբեջանի հարձակողական եւ դիվերսիոն գործողություններին, որոնց հետեւանքով զոհվել են ԱՀ ոստիկանության 3 եւ վիրավորվել՝ 1 աշխատակից։

Սեյրան Օհանյանը նկատեց՝ Ադրբեջանի մեղադրանքը,  թե ՀՀ-ից Արցախ ոստիկանական մեքենայով իբրեւ թե զենք է տեղափոխվել, հերքվում է այդ թվում այն փաստով, որ ոստիկանական մեքենան այլ ուղղությամբ է ընթացել․ «Իրենք զենքի տեղափոխման գաղափարի ներքո փորձելու են վերահսկել նաեւ Լաչինի միջանցքը՝ ողջ երկայնքով։ Անցակետեր տեղադրելու առաջարկից չեն էլ հրաժարվում։ Այս ամենի հիմնական մեղքը վերաբերում է նրան, որ ՀՀ  իշխանությունը պատերազմից հետո Արցախը բարդ՝ «անկլավային» վիճակում է թողել, եւ բոլոր բանակցությունները գնում են այն ուղղությամբ, որ Ադրբեջանն ու ՀՀ-ն պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Իշխանության ներկայիս խոսույթից ակնհայտ է, որ Արցախը հայտնվելու է Ադրբեջանի կազմում»։

Ըստ Սեյրան Օհանյանի՝ նման իրավիճակում առավել քան  արդի են Արցախի ինքնորոշման գաղափարն ու միջազգային ճանաչման հրամայականը․ «Իշխանությունն անգամ հրաժարվում է ընդունել գոնե այն փաստը, որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ Արցախն ինքնորոշվել է։ Արցախը միայնակ է մնացել Ադրբեջանի հետ հարաբերություններում, եւ առանց ՀՀ-ի հնարավոր չէ լուծել այն հարցը, որ Ադրբեջանի՝ ագրեսոր լինելը պետք է փաստել միջազգային հարթակներում։ Ելնելով Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ապրելու իրավունքից եւ Ադրբեջանի այսօրվա պահվածքից՝ ինքնորոշումն այսօր հրամայական է։ Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել, բայց իշխանության օրոք ՀՀ-ն հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունից»։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031